Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամանենգություն, խարդախություն, գողություն

Փետրվար 01,2011 00:00

\"\" \"\" \"\"

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացրեց երեք երիտասարդների նկատմամբ: Հունվարի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի աշխատակիցները կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով բերման էին ենթարկել Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Ռոման Նորիկի Ղեւոնդյանին եւ Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Ռաֆայել Կարապետի Սարգսյանին ու 23-ամյա Էդգար Ռադիկի Մարտիրոսյանին: Պարզվել է, որ վերոնշյալ անձինք Երեւան քաղաքում իրացրել էին կեղծ տարադրամ (ՌԴ 1000 եւ 5000 ռուբլի), հիմնականում «սաղացնելով» տաքսի ծառայությունների վարորդների վրա. մասնավորաբար տաքսիստներ Քաջիկ Առաքելյանի եւ Սերգեյ Բադալյանի ավտոմեքենաներով երթեւեկել էին եւ տվել կեղծ դրամը: Պարզվել է նաեւ, որ եռյակը Երեւանի «Գրին» բարում սնվելուց հետո 35 000 դրամ գումարի դիմաց կեղծ ոսկե շղթա եւ NOKIA բջջային հեռախոս են թողել, պատճառաբանելով, թե գումարը վերջացել է:
Օպերատիվ քննչական խմբին հայտնի է դարձել, որ նրանք բնակարանային գողություններ են կատարել Արմավիրի մարզում եւ Երեւան քաղաքում, իսկ խարդախությունների արդյունքում մոտ 900 հազար դրամ են շորթել տարբեր քաղաքացիներից: Նախաքննության շահերից ելնելով՝ տուժող քաղաքացիների տվյալները չենք հրապարակում: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) եւ 178 հոդվածի 2-րդ մասի (Խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով) հատկանիշներով:
Դատարանի կալանքի որոշումից հետո Ռոման Ղեւոնդյանը, Ռաֆայել Սարգսյանը եւ Էդգար Մարտիրոսյանը տեղափոխվեցին ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել