Ազգականին խոշտանգողն ազատության մեջ է
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, սկսվեց Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, տուժող Հովհաննես Եղիազարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջինիս շահերի ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը վերաքննիչ բողոքում պահանջում են վերացնել ու բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2010թ. դեկտեմբերի 24-ին կայացրած դատավճիռն ամբողջությամբ: Վճիռը կայացրել է դատավոր Հ. Մելքոնյանը: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տուժող կողմը պահանջել է մերժել ու կասեցնել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Պ. Բոյաջյանի գործողությունները, քանի որ վերջինս կարճել է դաժանաբար ծեծի ենթարկված Հ. Եղիազարյանի իրավունքները ոտնահարած մարդու՝ «Էլիտ Շանթ» ընկերության ղեկավար Վարշամ Ղարիբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ դադարեցրել է նրա նկատմամբ քրեական հետապնդումը՝ պատճառաբանելով, որ «կատարված քննությամբ մեղադրյալ Վարշամ Ղարիբյանի կողմից Հովհաննես Եղիազարյանին առեւանգելու, դիտավորությամբ հարվածելու եւ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու, վիրավորելու հանգամանքը չի հիմնավորվել», թեեւ Վ. Ղարիբյանի մեղավորությունը նախաքննության ընթացքում վկայել են 7 անձ:
Վերաքննիչ բողոքում բողոքաբերները ոչ միայն պահանջում են բեկանել նախորդ դատական ատյանի վճիռը, այլեւ հիմնավորել, որ Պ. Բոյաջյանի գործողությունները չեն համապատասխանում օրենքին: Նրանք ուզում են, որպեսզի քրեական գործը հանձնվի նախաքննության մեկ այլ մարմնի՝ բազմակողմանի, լրիվ եւ oբյեկտիվ քննություն կատարելու նպատակով: Սակայն դատը հետաձգվեց մինչեւ փետրվարի 10-ը, քանի որ դատախազության ներկայացուցիչը եւ քննիչ Պ. Բոյաջյանը չէին ներկայացել դատարան: Դատավոր Ա. Դանիելյանը հայտնեց, որ իրենք համապատասխան ծանուցումն ուղարկել են կողմերին, սակայն թե ինչո՞ւ դատախազն ու քննիչը չեն ներկայացել, պատճառաբանված գրություն չեն ստացել: Հայտնենք, որ նիստի ընթացքում Պ. Բոյաջյանը հեռախոսով դատարանին փոխանցել էր, որ նիստի մասին տեղյակ չի եղել: Փաստաբան Լուսինե Սահակյանը, գնահատելով դատախազի ու քննիչի չգալու հանգամանքը, դատարանում ասաց. «Չեմ կարծում, որ նրանք անհանգստացած են այս բողոքով»:
Որպեսզի պարզ դառնա արդեն 2,5 տարի ընթացող այս քրեական գործի նախապատմությունը, հիշեցնենք, որ ըստ գործի նյութերի, 2008թ. սեպտեմբերի 23-ի գիշերը, Մրգաստան գյուղում գտնվող իր տան դիմաց, Հ. Եղիազարյանի վրա է հարձակվել վերջինիս հորաքրոջ որդին՝ Երեւանում գործող «Էլիտ Շանթ» ընկերության նախագահ Վ. Ղարիբյանը, հարվածներ հասցրել Հ. Եղիազարյանին, նստել ավտոմեքենայի ղեկին, այն վարել մինչեւ Երեւանում գտնվող «Էլիտ Շանթ» ընկերության գործարան: Հ. Եղիազարյանը գործարանի սենյակներից մեկում մի քանի ժամ շարունակ դաժան ծեծի է ենթարկվել Վ. Ղարիբյանի կողմից, որը զուգորդվել է նրա արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված այլ գործողություններով՝ Հ. Եղիազարյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներով, վերջինիս հագուստները հանելով: Այս ամենից հետո Վ. Ղարիբյանը ստիպել է Հ. Եղիազարյանին գրել ստացական, ըստ որի՝ իբր ինքը Վ. Ղարիբյանին պարտք է 2մլն ՀՀ դրամ եւ պարտավորվում է նրան հանձնել իր «Աուդի Ա6» մակնիշի ավտոմեքենան: Բացի այդ, նախաքննության մարմնի տվյալներով, Վ. Ղարիբյանի պարտադրմամբ, Հ. Եղիազարյանը գրել է պարտավորագիր, թե իբր Վ. Ղարիբյանին պարտք է 10մլն ՀՀ դրամ, որը պետք է վերադարձնի մինչեւ 2008թ. նոյեմբերի 29-ը: Վ. Ղարիբյանը Հ. Եղիազարյանի գրպանից հանել եւ տիրացել է վերջինիս 120 000 ՀՀ դրամին, որից 5000-ը վերադարձրել է՝ տաքսի ավտոմեքենայով տուն հասնելու համար: Իրականացված բռնությունների հետեւանքով Հ. Եղիազարյանը ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ՝ գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք եւ մինչեւ 2008թ. հոկտեմբերի վերջերը բուժում է ստացել:
«Առավոտի» հարցին, թե համապատասխան մարմինները ումի՞ց են կաշկանդվում, որ կարճել են քրեական գործի վարույթը եւ մեղադրյալ Վարշամ Ղարիբյանին համապատասխան պատասխանատվության չեն ենթարկում, Լ. Սահակյանը հայտնեց, որ նրանք հովանավորվում են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից: Փաստաբանը չբացառեց, որ գլխավոր դատախազը «Էլիտ Շանթ» ընկերությունից մասնաբաժին ունի (ինչը հերքել է դատախազը): Ի դեպ, Ա. Հովսեփյանը հրաժարվել է հանդիպել տուժողի ներկայացուցիչների հետ, որը, ըստ Լ. Սահակյանի, երիցս հիմնավորում է, որ դատախազի մատը խառն է այս գործում: Փաստաբան Սահակյանի համոզմամբ՝ քրեական գործի կարճման պատճառներից մեկն էլ այն է, որ նախաքննությունն իրականացնող քննիչ Պ. Բոյաջյանի հարազատ եղբայրը՝ Արամ Բոյաջյանը, 2009թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է Վարշամ Ղարիբյանի ղեկավարած «Էլիտ Շանթ» ՍՊ ընկերությունում: «Նման պայմաններում քննիչը պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել՝ գիտակցելով, որ իր կողմից կայացված ցանկացած որոշում չի կարող հիմք ընդունվել իր ակնհայտ կողմնակալության պատճառով»,- հայտնեց փաստաբանը: Տեղեկացնենք նաեւ, որ երեկ դատարանում չէր նաեւ տուժողի մյուս ներկայացուցիչը՝ Ե. Վարոսյանը: