Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականից «տշո՞ւմ են»

Փետրվար 01,2011 00:00

Երեկ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անցկացնող 2 կանանց նախագահական ապարատի նամակների բաժնի աշխատակիցը շատ կոպիտ եւ անվայել վերաբերմունք է ցուցաբերել: Լարիսա Օհանյանն ու Սուսաննա Գրիգորյանն առավոտյան ժամը 9-ից «Պարոն նախագահ, մենք սպասում ենք ձեր համաձայնությանը, որպեսզի մեր խնդրին լուծում տան» պաստառով սպասում էին Սերժ Սարգսյանին: Նրանք արդեն մի քանի տարի է՝ չեն ստանում իրենց հասանելիք նպաստները՝ որպես ընտանիքի միակ կերակրողին կորցրած կանայք:
Տարիներ առաջ Իրանում ավիավթարի ենթարկված «ՅԱԿ 40» ինքնաթիռի զոհված օդաչուների կանայք վստահեցնում են, որ իրենց անընդհատ դռնեդուռ են գցում. մեկ վարչապետի մոտ են ուղարկում, մեկ՝ նախագահի: Լարիսա Օհանյանի պատմելով՝ վարչապետի աշխատակազմից նրանց այս ամսվա 17-ին ասել են՝ «Ձեր հարցին լուծում չկա»: Իսկ երեկ, նախագահի նստավայրի մոտ, նախագահականի նամակների բաժնի պետի օգնականը Լ. Օհանյանին եւ Ս. Գրիգորյանին է մոտեցել եւ կոպիտ տոնով ներս հրավիրել:
Լարիսա Օհանյանի խոսքերով՝ «Այդ մարդը մեզ այնպես ասաց՝ «առա՛ջ ընկեք», կարծես թե սոված շուն էինք իր համար: Ես էլ ասացի՝ մենք շուն չենք, որ առաջ ընկնենք: Նա էլ մեր կողքի ոստիկաններին հրամայեց՝ «դե տշե՛ք դրանց»: Կանանց պատմելով՝ որոշ ժամանակ անց աշխատանքի է ժամանել ՀՀ նախագահը, որը նույնպես ուշադրության չի արժանացրել կանանց: Հակառակ  դեպքում, ինչ-որ մեկը կմոտենար ցուցարարներին եւ կլսեր նրանց:    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել