Լրահոս
Օրվա լրահոսը

40 հոգու կարող ենք ապաստան տալ

Փետրվար 01,2011 00:00

Մնացածը պետք է մի քանի ամիս սպասեն

Եգիպտոսում այս օրերին տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստանի շուրջ 15 քաղաքացի «թեժ գծով» կապ է հաստատել Կահիրեում մեր երկրի դեսպանատան հետ եւ հայտնել, որ ցանկանում են վերադառնալ: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, իրենք պարբերաբար տեղեկություններ են ստանում Կահիրեում գտնվող մեր դեսպանատնից, որտեղից հայտնել են, որ իրենց զանգում են նաեւ ազգությամբ հայ, բայց Եգիպտոսի քաղաքացիներ: Նշենք, որ Եգիպտոսում բնակվում են 8,5 հազար հայեր, իսկ Հայաստանից 160-ից ավելի զբոսաշրջիկներ այս պահի դրությամբ այդ երկրի հանգստյան գոտիներում են: Մի քանի տուրգործակալություններ արդեն փորձեր են անում իրենց միջոցով Եգիպտոս մեկնած զբոսաշրջիկներին Հայաստան վերադարձնել, իսկ մի քանիսն էլ դեռ շարունակում են տուրիստներ ուղարկել Եգիպտոս:
Նշենք, որ արդեն քանի օր է՝ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երկրի նախագահի դեպ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը: Նախնական տվյալներով, Եգիպտոսում զանգվածային անկարգությունների զոհ է դարձել 150 մարդ, եւս 4 հազարը վիրավորվել է:
Մեր հարցին, թե մեր երկիրը պատրա՞ստ է ապաստան տալ այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն Եգիպտոսից Հայաստան վերադառնալ, տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ մեր երկիրը ցանկացած երկրից, որտեղ զինված հակամարտություններ են տեղի ունենում, կարող է մարդ ընդունել եւ ապաստան տալ. «Իսկ մինչեւ մեր երկրում մշտական բնակություն հաստատելը եւ մեր քաղաքացիների հետ համահավասար իրավունքներ ձեռք բերելը, ապաստան հայցողները մոտ 2-3 ամիս մնում են «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում, որտեղ նրանց ծախսերը հոգում է մեր կառավարությունը: Այդտեղ մենք ունենք 50 մահճակալ, որից 10-ն է հիմա զբաղված»: Մեր այն հարցին էլ՝ Եգիպտոսի հայազգի քաղաքացիներ արդեն դիմե՞լ են այս կացարանում տեղավորվելու համար, պարոն Եգանյանը պատասխանեց. «Մինչեւ այժմ չեն դիմել: Այսօրվա մեր նամակների մեջ էլ նման խնդրանք չի եղել»:
Քանի որ մեր երկրում գործող «Peeple in need» կազմակերպությունը նույնպես զբաղվում է այլ երկրներից մեր երկիր վերադարձածների խնդիրներով, մենք նրանցից էլ հետաքրքրվեցինք, թե իրենց կազմակերպությանը այս օրերին Եգիպտոսի քաղաքացիներ դիմե՞լ են: Ընկերության միգրացիոն ծրագրի ղեկավար Իրինա Աթոյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք գործ են ունենում միայն Ռուսաստանից եւ եվրոպական երկրներից եկածների հետ. «Բացի այդ, նրանց գրանտ ենք տրամադրում, որ փոքրիկ բիզնեսներ ստեղծեն եւ կարողանան ինտեգրվել: Ինչ վերաբերում է Եգիպտոսից եկողներին, մենք նրանց կարող ենք միայն իրավական, սոցիալական եւ այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տալ, բայց ֆինանսապես օգնել չենք կարող»:
Նշենք, որ Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են զանգել «թեժ գծի»՝ + 201 221 638 50 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել