Արդարանում է իր մահացած նորածնին պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցրած կինը
Երեխան մահացա՞ծ էր ծնվել, թե՞ մայրը սեփական ձեռքերով նրան խեղդեց: Մինչ այս հարցերի պատասխանը կպարզեն իրավապահ մարմինները, ներկայացնենք 9 ամիս շարունակ իր հղիությունը բոլորից թաքցրած վանաձորցի Սիրվարդ Ստեփանյանի հետ մեր զրույցը: Օրերս այս կնոջ հետ տեղի ունեցած պատմությունը ցնցել էր ողջ հանրապետությունը: Նրան գտել էին լոգարանում արյունաքամ վիճակում, իսկ նոր ծննդաբերած երեխային՝ արդեն մահացած ու տոպրակի մեջ դրված: Ոչինչ չէր բացահայտվի, եթե հարսին այդ վիճակում սկեսուրը չտեսներ տան լոգարանում ընկած:
«9 ամիս շարունակ չենք իմացել, որ մեր հարսը երեխայի է սպասում, բա որ իմանայինք, չէի՞նք ուրախանա: Տղայիս 6 երեխաներին էլ ես ու կինս ենք պահել, մեծացրել, մեզ այդ մի երեխան հո չէ՞ր խանգարելու: Հիմա էլ, փառք Աստծո, մեր նախագահը պարգեւատրում է բազմազավակ մայրերին, մի $2000-ի չափով փող կտային մեր 7-րդ թոռնիկի համար ու նրան աղայի պես կպահեինք»,- մեզ հետ զրույցում պատմեց Սիրվարդ Ստեփանյանի սկեսրայրը՝ Արամ Ստեփանյանը: Նրա կնոջ՝ Ազգուշ Մարտիրոսյանի պատմելով էլ, դեպքից օրեր են անցել, բայց դեռ չի կարողանում խելքի գալ. «Տեսնում էինք, որ Սիրվարդը մի տեսակ է, դարձել է չշփվող, հաճախ է առանձնանում: Նաեւ նկատելի էր, որ օր օրի մի տեսակ ուռչում է: Անընդհատ ես ու ամուսինս հարցնում էինք՝ ի՞նչ է պատահել: Հարսն էլ պատասխանում էր, թե ոչինչ, մի քիչ վատառողջ է, ամեն ինչ կանցնի: Էլ ինչ իմանանք, որ հղի է: Ամեն անգամ ուզում էինք հիվանդանոց տանել, բայց բժշկի այցելությունը էնքան թանկ է, որ հենց գնում ես՝ փող են պոկում»: Արամ Ստեփանյանը զարմանում է, թե այդ ինչպես այդքան արագ լուրեր տարածվեցին, թե իբր հարսը երեխային ծննդաբերել, հետո էլ իր իսկ ձեռքերով խեղդել է. «Տենց բան ոնց կլինի, ախր, մեր էս փոքր տան մեջ ճանճի դզզոցն էլ լսվում է: Մի երեխա որ ծնվում է՝ ամբողջ հիվանդանոցը մոր ու երեխայի ճիչերից դղրդում է, էդ ոնց մեր հարսը երեխա ունեցավ լոգարանում ու մենք իսկի խաբար չեղանք: Տենց բան չի եղել: Էդ լուրերը քննիչները տարածեցին, աղմուկ հանեցին»: Ազգուշ Մարտիրոսյանն էլ հավելեց. «Էլ ուր մնաց, որ երեխա խեղդի, բա հեչ ոչ մի ձայն չէի՞նք լսի, ամեն ինչ էդքան հեշտ հո չի՞, երեխա խեղդելը ճանճ խեղդել չի»: Նրա պատմելով, դեպքի օրը ինքը, չգիտես ինչու, շատ վաղ է արթնացել. «Զուգարան էի ուզում գնալ: Դուռը փակ էր՝ հետ եկա, մի քիչ հետո էլի գնացի՝ տեսա էլի փակ է, մի քիչ անհանգստացա, հարսս ասաց, թե մի քիչ սպասիր՝ հեսա դուրս եմ գալիս: Բայց անցավ երկար ժամանակ, ոչ դուրս եկավ, ոչ էլ: Դուռը թակում եմ, ոչ դուռը բացող կար, ոչ էլ պատասխանող: Խառնվեցինք իրար, դուռը մի կերպ բացեցինք, տեսանք հարսս արյան մեջ կորած՝ ընկած է: Ծնված երեխա չեմ տեսել, հարսս վիժել է, ոչ թե ծննդաբերել»: Նրա խոսքով, 6-րդ թոռանն էլ է հարսը տանը ծննդաբերել՝ կրկին զուգարանում էր դեպքը տեղի ունեցել. «Ցավերը բռնեց, չհասցրինք հիվանդանոց տանել, լոգարանում ծննդաբերել էր, որ տեսա բանը բանից անցել է, ասի չշարժվես, երեխային վերցրի հատակից, դրեցի մոր վրա ու զանգեցի շտապօգնություն: Եկան տարան: Հիմա մեր էդ թոռնիկը 5 տարեկան է՝ առողջ, կայտառ»:
Արամ Ստեփանյանն էլ նկատեց, որ հատկապես տղա թոռնիկի համար շատ կուրախանային, հետո էլ մտաբերեց, թե ինչպես հարսին համարյա անշնչացած տնից դուրս տարան. «Թեւերն ընկած՝ բժիշկները հազիվ տարան, հրաշք է, որ հիմա կենդանի է, հիվանդանոցում լիտրերով արյուն են ներարկել, որ խելքի է եկել»:
Սիրվարդ Ստեփանյանը վերջերս է հիվանդանոցից դուրս գրվել, հիմա արդեն 6 երեխաների հետ է, կազդուրվում է: Մեզ հետ զրույցում դժվարանում էր պատմել, թե ինչպես ու ինչու այդ քայլին գնաց. «Ես էլ չեմ հասկացել, որ հղի էի, հղիության ողջ ընթացքում դաշտան էի տեսնում, դրա համար չէի հասկանում: Մինչեւ գլխի ընկա, արդեն ուշ էր: Ախր ոնց պատմեմ, որ դուք ինձ ճիշտ հասկանաք: Մենք սոցիալապես ծանր վիճակում ենք ապրում, 6 երեխա պահելը հեշտ չի, մտածեցի՝ 7-րդին ո՞նց կպահեմ: Սուտ է, թե խեղդել եմ, մեռած էր ծնվել, ես ուզեցի թաքցնել, բայց չստացվեց: Չէի ուզում, որ այդ երեխան ծնվի, ես թոռնիկ ունեմ, ամաչում էի, որ կասեն, թե թոռան տեր կինը թազա երեխա է ունենում: Դեղեր էի խմում, որ նա չծնվեր: Ամոթից, վախից եմ էդ արել»: Զրուցեցինք նաեւ Ստեփանյանների հարեւանների հետ: Տեսակետները տարբեր էին: Նրանցից մեկի խոսքերով՝ Ստեփանյաններն իսկապես սոցիալապես ծանր պայմաններում են. «Լավ մարդիկ են, բայց ինչ կարող եմ ասել, իրենք 3-րդ հարկում են, մենք՝ 1-ին, ինչ դուք եք լսել, էն էլ մենք ենք իմացել: Շշուկով են այդ մասին այստեղ խոսում: Էլ ոչ մի բան չգիտեմ՝ ինչու, ինչպես…»: Հարեւաններից մեկն էլ վստահեցրեց. «Հեչ էլ աղքատ չեն, աղի պես էլ ապրում են: Էդ քայլին են դիմում ոչ թե սոցիալական ծանր վիճակից, այլ խելքից»: ՀՀ ոստիկանությունից «Առավոտին» տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ դատաբժշկական փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է եւ արդյունքները կներկայացնեն առաջիկայում: