Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, գնահատելով քաղաքապետարանի տրանսպորտի վարչության եւ Ճանապարհային ոստիկանության՝ ավտոշուկաների հարակից փողոցների տրանսպորտային միջոցների ծանրաբեռնվածությունը եւ խցանումները վերացնելու ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքը, նաեւ առեւտրի եւ սպասարկումների վարչության կողմից նախորդ շաբաթ բացօթյա անօրինական առեւտրի կանոնակարգումը, շեշտեց, որ այդ աշխատաոճը լինելու է խիստ հետեւողական: Քաղաքապետը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել այդ վայրերում սանիտարահիգիենիկ պայմաններին: Հասարակական տրանսպորտի աշխատանքի արդյունավետության եւ ուղեւորահոսքը կառավարելի դարձնելու նպատակով մշակվել է տրանսպորտի կառավարման նոր հայեցակարգի նախագիծը: Անդրադարձ եղավ Երեւանի կանաչապատման խնդրին: Մշակվում է ֆունկցիոնալ կանաչապատման համար նախատեսված ծրագիր, համաձայն որի՝ Երեւանի այգիներն ու պուրակները պետք է համալրվեն տեղի բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառատեսակներով ու բուսատեսակներով, ինչի արդյունքում ակնկալվում է նվազեցնել փոշու եւ տրանսպորտային արտանետումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: