Լրահոս
Օրվա լրահոսը

Թվեր, թվեր, թվեր…

Փետրվար 01,2011 00:00

 Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը, համաձայն որի՝ 2010թ. ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 755,8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 856,8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100,6%-ով եւ 97,4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11,7%-ով (79,4 մլրդ դրամով): 11,9%-ով (74,2 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 17%-ով կամ 7,3 մլրդ դրամով՝ այլ եկամուտները, միեւնույն ժամանակ պաշտոնական դրամաշնորհները նվազել են 25,5%-ով (2,1 մլրդ դրամով):
Բյուջեի եկամուտների 92,5%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6,7%-ը՝ այլ եկամուտների, 0,8%-ը՝ պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները կազմել են շուրջ 19,3 մլրդ դրամ:
Հարկերի եւ տուրքերի 50,8%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին (301,7 մլրդ դրամ), 8,1%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին (48,1 մլրդ դրամ), եւս 13,1%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին (77,8 մլրդ դրամ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 3,7%-ով՝ պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, քանի որ տնտեսվարողները 2010թ. շահութահարկի կանխավճարները վճարել են՝ հիմք ընդունելով 2009 թ. շահութահարկի ցուցանիշները: Եվ վերջապես՝ բյուջե է մուտքագրվել ավելի քան 73,9 մլրդ դրամ եկամտահարկ՝ ապահովելով հարկերի եւ տուրքերի 12,4%-ը: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 29,4 մլրդ դրամ: Բյուջե են մուտքագրվել ավելի քան 20 մլրդ դրամ պետական տուրքեր: Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 22 մլրդ դրամ հաստատագրված վճարներ՝ ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3,7%-ը: 
2010 թ. ՀՀ պետբյուջե են մուտքագրվել 9,1 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե են մուտքագրվել 12 մլրդ դրամի այլ հարկեր: Պարտադիր սոցապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 105,3 մլրդ դրամ: 2010-ին արտաքին աղբյուրներից ստացվել են շուրջ 6,1 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ:
2010թ. ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին կատարվել են 856,8 մլրդ դրամի ծախսեր՝ կազմելով տարեկան ծրագրի 97,4%-ը: 750,6 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 106,2 մլրդ դրամ՝ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ:
Ընթացիկ ծախսերից 73,1 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 5,3 մլրդ դրամ՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարներին: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 160 մլրդ դրամ: 30,2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը՝ 15,8 միլիարդը՝ ներքին, 14,4 միլիարդը՝ արտաքին պարտքի: Անցած տարում ՀՀ պետբյուջեից տրամադրվել են շուրջ 17,9 մլրդ դրամի սուբսիդիաներ, 94,5 մլրդ դրամի դրամաշնորհներ: Մասնավորապես՝ համայնքների բյուջեներին տրամադրվել են 32,4 մլրդ դրամի դոտացիաներ:
Հաշվետու տարվա ընթացքում պետբյուջեի ընթացիկ ծախսերի 32,5%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 244 մլրդ դրամ՝ 178,9 մլրդ դրամ կենսաթոշակները, 65,2 մլրդ դրամ՝ նպաստները:
2010-ին պետբյուջեի միջոցներից 125,6 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին:
2010 թ. ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 101 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշի 78,8%-ը: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 109,7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է -8.7 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակում 33,2 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 93,6 մլն դրամի վճարում: Բաժնետոմսերի եւ կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 753,8 մլն դրամ: 755,8 մլն-ով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել