Համոզված է Քասախի գյուղապետը
«Մեր գյուղատնտեսության զարգացման ապագան հողերի, տնտեսությունների խոշորացումն է»: Սա գյուղնախարար Սերգո Կարապետյանի հայտարարությունն է: Չնայած նախարարը վստահեցրեց, որ գործընթացը իրականացվելու է կամավոր սկզբունքով, այնուամենայնիվ, նրա հայտարարությունը շարունակում է ավելի ու ավելի մտահոգել եւ գյուղացիներին, եւ գյուղատնտեսներին:
«Այս նախագիծը լուրջ վտանգներ է առաջ քաշելու: Եթե գյուղացու հողերն անցնեն խոշոր հողատերերին, բնականաբար՝ նոր սեփականատերն այդքան մարդու աշխատանքով չի ապահովելու: Եթե հիմա խեղճ ու կրակ գյուղացին գոնե իր փոքր հողակտորի վրա աշխատում է ու թեկուզ չնչին եկամուտ ստանում, հողը վաճառելու դեպքում ամենաշատը մի տարի կսնվի հողի արժեքով ու դրանից հետո սովի կմատնվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գլխավոր մասնագետ Գեորգի Գեւորգյանը: Նրա համոզմամբ, այս նախագիծը տանում է գյուղական համայնքների անապատացման. «Խոշոր հողերի սեփականատերերը մարդկանց կփոխարինեն մեխանիզացիայով ու շատ աշխատողների կարիք երբեք էլ չեն ունենա: Մենք գնում ենք բնակավայրերի անապատացման, հողը կարող է մշակվել, շենանալ, բայց գյուղացուն ի՞նչ: Ամեն գյուղում, լավագույն դեպքում, մի աշակերտ կունենանք: Այ, ուրիշ բան, եթե ստեղծվեն կոլեկտիվ տնտեսություններ, կոոպերատիվներ, այ, էդ դեպքում ամեն ինչ արդյունավետ կլինի՝ ընդհանուր աշխատանք, ընդհանուր բերք, ընդհանուր բերքի բաշխում: Թե չէ՝ միայն հողերը միավորելով հարցը չի լուծվի, եթե, իհարկե, նպատակը գյուղերը դատարկելը չէ»:
Քասախի գյուղապետ Արա Մկրտչյանն էլ կարծում է, որ տնտեսությունների միավորմամբ՝ գյուղացու նվերը ձեռքից կխլեն. «Կտուժի գյուղացին, բայց կշահի գաղափարը: Մեր հողերի 80-90%-ը քայքայված, ամայացած, էրոզիայի, կոռոզիայի ենթարկված հողեր են: Գյուղատնտեսություն չկա, իսկ այն զարգացնելու միակ ուղին հողերի միավորումն է: Մանր հողակտորներից բացարձակապես եկամուտ չկա»: Հողերի միավորման գաղափարը ոգեւորել, բայց նաեւ մտահոգել է գյուղապետին. «Հողերը հայտնվելու են օլիգարխների, պետական լծակ ունեցող անձանց ձեռքում, որոնք ջրի վարձ քիչ կտան, վառելանյութը էժան կճարեն եւ գյուղացուն էժան վարձատրությամբ կաշխատեցնեն էդ հողերի վրա: Բայց մեր գյուղացիները ըմբոստ ժողովուրդ են, չեմ կարծում, որ էդ քայլին կգնան»:
Գյուղացիական հողերի միավորման ծրագրի վերաբերյալ գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանն էլ «Առավոտին» ասաց, թե մի հայտարարությամբ գործը չի սկսվում ու ավարտվում. «Մանր տնտեսությունները ոչ մի երկրում չեն կարող ապագա ու հեռանկար ունենալ: Եթե մարդիկ կամավոր սկզբունքով ցանկանան միավորել հողերը, դա գովելի է, բայց միանշանակ՝ իրենց սեփականության իրավունքը չկորցնելով»: Պարոն Պետրոսյանը բացառեց, թե գյուղացու մանր հողերը հնարավոր է հայտնվեն օլիգարխների ձեռքում. «Այսօր գյուղատնտեսությունը ցածր շահութաբեր ոլորտ է ու գայթակղիչ չէ: Էնպես որ, օլիգարխներն էդ հողերը չեն առնի, որ ուզենային՝ 10 տարի առաջ կառնեին: Նման մտավախություններ չկան»: Ըստ գյուղատնտեսի, գյուղացուն պետք է բացատրեն, թե ինչ առավելություններ է տալու հողերի միավորումը. «Եթե տնտեսությունների խոշորացումը արտոնություններ չի տալու գյուղացուն, օրինակ՝ ավելի էժան վարկային ռեսուրսներից օգտվելու կամ մթերքի իրացման, արտահանման հնարավորություն, բացարձակապես ոչ մի գյուղացի իր հողը չի ցանկանա միավորել»: Ինչ վերաբերում է մանր հողակտորների կամավոր վաճառքին, պարոն Պետրոսյանի կարծիքով. «Անգործ գյուղացին, որի միակ եկամուտը հողից է, երբեք չհավատաք, որ հող վաճառի»: Նույն կարծիքին էր նաեւ Լոռու մարզպետարանի գյուղվարչության նախկին պետ Վանիկ Բունիաթյանը: Ըստ նրա, գյուղացին բարդ հոգեբանություն ունի. «Երբ առաջարկեն հողը վաճառել, գյուղացիները միանգամից կըմբոստանան: Գյուղատնտեսությունում ահավոր տարերային վիճակ է: Ոլորտի զարգացմանը ոչ մի խթան չկա: Գյուղացին հողից եկամուտ համարյա չի ստանում: Այ, էս խնդիրները լուծելու ճանապարհներ թող մտածեն: Ինչ վերաբերում է հողերի միավորմանը, լավ գաղափար է, բայց գործընթացն իրականացնելու ճիշտ եղանակներ պետք է մշակվեն, որ ո՛չ գյուղացին տուժի, ո՛չ էլ երկրի ագրոպարենային համակարգը, էսօր վիճակը շատ վատ է, զարգացում չկա»: