Երեկ Բրյուսելում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ վերջնական որոշում է ընդունվել Մինսկում նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների մասնակիցների դեմ բռնաճնշումներին առնչություն ունեցող թվով 158 բելառուսցի պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ նրա երկու որդիների՝ Վիկտորի եւ Դմիտրիի մուտքը Եվրամիության երկրներ արգելելու մասին: Այս փաստն առաջ է բերել Հայաստանի Կոմկուսի վրդովմունքը: Հատկապես այն, որ Հայաստանին, Վրաստանին եւ ՌԴ-ին առաջարկվել է միանալ այդ պատժամիջոցներին: Երեկ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն այս առիթով «Առավոտին» փոխանցեց. «Լուկաշենկոն իր ժողովրդի առաջնորդն է, Բելառուսի ժողովուրդն ինքն է որոշում՝ ում ընտրել: Եվրոպական երկրները թող մտածեն, թե ինչու Ծննդյան տոներին իրենց խանութներից հինգ միլիարդ եվրոյի գողություն եղավ, ոչ թե ոտքի վրա մեկ այլ երկրի եւ նրա ղեկավարի ճակատագիր որոշեն: Ձեռքներդ հեռու Լուկաշենկոյից եւ Բելառուսից»: