ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը երեկ «Հայելի» ակումբում պատասխանելով Հայաստանում սոցիալական բունտի հավանականության մասին հարցին՝ ասել են, թե մեր ժողովուրդը նման քայլի չի գնա: Լիլիթ Գալստյանը, օրինակ, չէր ուզի, որ Թունիսի կամ Եգիպտոսի դեպքերի կրկնությունը լիներ Հայաստանում. «Որովհետեւ մեզ համար խաղաղությունը, սոցիալական համերաշխությունը խիստ կարեւոր խնդիրներ են, մանավանդ՝ միշտ այն անհանգստությունը պիտի ունենանք, որ մենք երկու ճակատով եւ չմարած պատերազմ ունենք, եւ ներքին կայունությունը մեզ համար կարեւոր է: Շատ ավելի ճիշտ պիտի լինի, որ Ձեր ասած ներքին այդ բունտը կարողանանք ձեւակերպել պահանջատեր քաղաքացիների շարժման հետ, որ մեր քաղաքացիներն ունենան բարձր քաղաքացիական գիտակցություն՝ պահանջատիրության, մեր իրավունքներին տեր կանգնելու, եւ քաղաքական ուժերը, քաղաքական մեծամասնությունը, որի ներկայացուցիչը ներկա է, ունենան այն քաղաքական կամքն ու գիտակցումը, որ չի կարելի այդքան մատների արանքով նայել երկրի տնտեսական, սոցիալական արդարության բոլոր խնդիրներին, որոնց բախվում է հասարակությունը»։ Իսկ Հանրապետական Մանվել Բադեյանը վստահ է, որ «բունտն էմոցիոնալ պոռթկում է, որը կարող է լինել ցանկացած պայմաններում, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում, եւ ամենաարդար սոցիալական իրավիճակում երբեմն լինում են բունտեր: Զուգահեռներ անցկացնել արաբական աշխարհի հետ բացարձակ անտրամաբանական է, թեկուզ այն պատճառով, որ, վերջապես, մենք արաբ չենք, եւ այդպիսի զարգացումների հնարավորությունը… Իհարկե, սա գնահատականի խնդիր է, ես ոցվՑՏՉքՌՍ-ի տեղը չեմ կարող մտածել, ամեն մեկն իր տրամաբանությունն ունի… Մի բան է ակնհայտ՝ երբեւիցե որեւէ երկրում որեւէ բունտ որեւէ դրական արդյունքի չի հանգեցրել»։