Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի մտորումները
Անցած տարի հոկտեմբերին լրացավ բռնցքամարտով աշխարհը նվաճած, այդ մարզաձեւում հնարավոր բոլոր տիտղոսները ստացած հայ մարզիկ Իսրայել Հակոբկոխյանի 50-ամյակը: «50-ամյակիս օրն առաջին անակնկալը մտերիմ ընկերոջիցս ստացա, հետո ամբողջ օրվա ընթացքում հեռախոսազանգեր ստացա աշխարհի տարբեր ծայրերից՝ շատ անակնկալ, շատ անսպասելի. ապշած էի, որ աշխարհում ինձ այդպես հիշում ու հարգում են: Շատ էի ուրախացել, բայց մյուս կողմից էլ՝ տխրել էի. աշխարհում ինձ հիշում ու հարգում էին, իսկ մեր պետության մե՞ջ»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտորումները բարձրաձայնեց աշխարհահռչակ մարզիկը: Նա հպարտությամբ էր ցուցադրում Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Սուրկովից ստացած շնորհավորանքը. «Ես ո՞վ եմ իրենց համար, Ռուսաստանում ինչի ինձ նմա՞ն սպորտսմեններ ունեն, բայց մարդը շնորհավորում է»: Չհաշված իր հարազատ մարզընկերությունը, ոչ սպորտի նախարարությունից, ոչ որեւէ պետական կառույցից ոչ ոք չի հիշել, ինչպես ինքն է ասում՝ «որ հայ ազգում սենց տղա կա, ով ժամանակին ինքն էլ իր ձեւի մեջ ա մեր ազգը ներկայացրել»: Բայց անհամբեր սպասել է, որ տարեվերջին, նախագահականում տեղի ունեցող ամանորյա ընդունելությունների եւ պարգեւատրումների ժամանակ, միգուցե հրավիրեն: Ապարդյուն: «Հետո, երբ հեռուստացույցով նայում էի, ցավ էի ապրում. բացի հանճարեղ մարզիկներից, ով ասես ներկա է գտնվում այդ միջոցառմանը: Ես դրան հանգիստ եմ վերաբերվում: Երեւի մտածում էին՝ նախագահին կմոտենամ, հարցեր կտամ: Հետո հարցրեցի՝ լավ, ինձ չեք կանչել՝ հասկանում եմ, բայց կանչել էիք մարդկանց, ովքեր սպորտի կողքով ուղղակի անցել են: Եթե նման մարդկանց հրավիրում եք, Սամսոն Խաչատրյանին ինչի՞ չեք հրավիրում: Նա էլ մեր հանճարեղ մարզիկներից է: Էնքան կարճամիտ են, որ ասին՝ դե, էն էլ օպոզիցիա ա: Առանց հասկանալու, որ մարդուն պետք է հարգեն իր արած գործի համար, ոչ թե համոզմունքների»,- ասում է մեր զրուցակիցը: Հակոբկոխյանն ուզում է օգտակար լինել իր ազգին, իր երկրին, բայց հնարավորություններ չկան. «Ես հնարավորություններ ունեմ արտասահման գնալու, այնտեղ ավելի լավ ապրելու, բայց ես չեմ կարա ուրիշ տեղ ապրեմ, ես ուզում եմ իմ երկրում ապրեմ ու օգտակար լինեմ: Դե, ինչ արած, երեւի էնքան օգտակար մարդիկ կան, որ մեր կարիքը չեն զգում»: Մի կողմից էլ՝ չարություն է ապրում եւ պարադոքս է համարում այն, որ ամեն տեսակ երգիչ-երգչուհիներին, անգամ մարզական հեռուստալրագրողներին ավելի շատ ճանաչողներ կան, քան բազմավաստակ մարզիկներին. «Եթե մեր աշխարհի չեմպիոնները փողոցով քայլեն, հատուկենտ մարդիկ նրանց դեմքով կճանաչեն»:
Նա չի հասկանում նաեւ մարզաշխարհում անցկացվող «թոփ 10-յակները». «Լրագրողն ի՞նչ իրավունք ունի մարզիկի լավ ու վատ որոշելու: Մարզաշխարհի 10 լավագույններին հենց մարզաշխարհը պետք է որոշի: Ամեն մարզաձեւ իր նրբությունները եւ յուրահատկություններն ունի, մի մարզական լրագրողը հո չի՞ կարա էդ ամենն իմանալ ու որոշումներ կայացնել: Նրանց խորհուրդ եմ տալիս իրենց հնարավորություններն օգտագործել՝ մարզիկներին ավելի լավ ու շատ ներկայացնելու համար»: Հակոբկոխյանն իր քննադատության մեջ չի խնայում նաեւ մարզիկներին. «Մարզիկը պիտի իրեն թույլ չտա էժան լինել: Իր կատարած աշխատանքի դիմաց կարող է մի փոքր գումարով պարգեւատրեն, ու առավոտից իրիկուն հեռուստաեթերից շնորհակալություններ հայտնի: Մարզիկներն էլ են իրենց գինը քցել. դու քո արածով ներկայացրել ես քո ազգը, ու դա է ամենամեծ գնահատականը, բայց շնչակտուր կարան գոռան՝ շնորհակալ ենք, մեզ էս տվեցին, էն տվեցին: Փողատերերն էլ լավ հասկացել են ու լավ էլ օգտագործում են՝ մի ասեղ կտան ու կասեն՝ բարեգործ ենք, էս ենք, էն ենք: Իսկական բարեգործը իր արածը երբեք հեռուստացույցով չի ռեկլամում: Եթե դու բարի գործ ես անում, դա քո հոգու, սրտի ցանկությամբ ես անում: Ես ուզում եմ, որ բոլորն էլ հասկանան. էդ մի ռուբլին, որ տալիս են ու հազարի ռեկլամ անում՝ դա ժողովրդից գողացած փողերն են»: Նա ընդվզում է նաեւ սպորտ զարգացնելու մասին ամեն քայլափոխի հնչող խոսակցությունների դեմ, քանի որ իրականում կարծում է, որ դրանք ավելի շատ խոսակցությունների մակարդակում են: Դժգոհում է մարզիչների չգնահատվածությունից. «Հայաստանում իրականում աշխատում են շախմատի եւ ֆուտբոլի ֆեդերացիաները: Ցանկացած մարզադպրոց մտեք՝ տեսեք, թե ինչ վիճակում է, մարզիչներն էլ ինչպես են աշխատում: Պարադոքս է. երեխա պիտի տանեն մրցումների, երկիր պիտի ներկայացնեն՝ ծնողն է գումարները վճարում: Մարզիչների մեծամասնությունը մուրացկանի կարգավիճակում է. սպասում է, թե երբ պիտի աշակերտը վարձը մուծի: Էդ եղավ սպորտին ուշադրությո՞ւն դարձնել»: Նա ընդվզում է նաեւ լրագրողական դաշտում առկա որոշակի արատավոր երեւույթների դեմ էլ, երբ շատ լրագրողներ ոչ թե իրենց աշխատանքն են կատարում, այլ դիմացինի քմահաճույքները: Ու դատապարտում է արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ իրականացված արշավն այն պարագայում, երբ «հայտնի դեպքերից» ընդամենը մի քանի օր առաջ աստվածացնում էին այդ մարդուն. «Բեգլարյանը աչքիս լույսը չի, բայց երեւի մի թեթեւ զրույց էին ունեցել, սարքեցին չգիտեմ ինչ: Ինչ պատվեր տրվեց՝ կատարեցին, պրծավ-գնաց: Եթե էդքան անաչառ են մեր լրագրողները, ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չարեցին, թե ինչի 1997-ի մի առավոտ արթնացանք ու տեսանք, որ վարչապետ Արմեն Սարգսյանը հեռացել է: Լուրեր էին պտտվում, որ մի քանի ճամպրուկ փող էր հետը տարել, կարող ա՞ ճիշտ էր: Լավ, էդ էլ հեչ, մի օր, շատ անսպասելի, մի ողջ երկրի նախագահ ասաց, որ հրաժարվում է իր պաշտոնից: Ոչ ոք մինչեւ օրս չիմացավ՝ ինչո՞ւ: Մեծ ցանկություն ունեմ մեր առաջին նախագահին տեսնելու ու իրենից հասկանալու՝ ի՞նչն էր պատճառը. ո՞վ ասեց, ի՞նչ ասեց, ինչի՞ ասեց… էնպիսի լուրեր հասավ ականջիս, հիմա լեզուս էլ չի պտտվում ասեմ»: Հեռուստաեթերի մասին իր հետագա մտորումներում մեր զրուցակիցը մի հին հումոր էլ հիշեց. «Վարդանիկը դպրոցից տուն է գալիս, հայրը ստուգում է օրագիրը: Բոլոր առարկաներից «2» թվանշաններ են, միայն երգեցողությունից՝ «5»: Հայրը զարմացած բղավում է՝ էդ սրտով էլ երգո՞ւմ ես»:
Ու սահուն անցում կատարելով հայաստանյան իրականությանը՝ Հակոբկոխյանը զարմանում է. «Որ բնագավառը նայում ես՝ կործանման եզրին ա, բայց առավոտից իրիկուն հեռուստացույցով երգում են: Ինչների՞ վրա են ուրախանում»: Նա կարծում է, որ միակ անաչառ հեռուստաընկերությունն «Ա1+»-ն էր, դրա համար էլ եթեր չեն տալիս: «Ա1+»-ի ղեկավարին էլ խորհուրդ է տալիս չնեղվել ամալյանական հանձնաժողովի նշանակած գնահատականներից. «Դրանք ոչ թե «Ա1+»-ի գնահատականներն էին, այլ իրենց անձնական գնահատականը»:
Հակոբկոխյանի քննադատությունից զերծ չեն մնում նաեւ մեր հարեւան երկրի իշխանիկները. «Ալիեւն առավոտից իրիկուն իրան ռեկլամ ա անում՝ մենք հզոր ենք, կռիվ կսկսենք: Մեր իշխանություններն էլ ժողովրդի 90 տոկոսին դրանով հնազանդ են պահում, որ մեր պահանջները չներկայացնենք, իսկ իշխանիկներն էլ իրանց կեղտոտ ջրերում շարունակում են ձկնորսություն անել: Մինչ օրս չեմ կարողանում հասկանալ՝ ոնց կարողացանք Շուշիի նման լեռնային գոտին գրավել, իսկ հարթավայր Նախիջեւանը նվեր թողեցինք: Թող մեծ-մեծ չխոսեն՝ պատերազմ հաղթած ժողովուրդ ենք: Պատերազմ հաղթողը Նախիջեւանն էլ չէր թողնի խալխի ձեռը, որ էսօր էլ իրենք ոնց ուզեն՝ շահարկեն»: Նա վստահ է, որ պատերազմն է, որ այսօր մեզ կփրկի. «Մեր ժողովրդին ուզում եմ հիշեցնել հանճարեղ խոսքերից մեկը՝ «Տոլկը վ բուրի եստ պակոյ»: Միայն պատերազմի մեջ կլինի մեր ազգի փրկությունը: Ինչքան շատ մենք էս վիճակով շարունակենք ապրել մեր երկրում, էնքան հայերը կպակասեն, ու հայի ազգանուն կրողները կշատանան: Դրսից գալիս են՝ ասում՝ մեծ մամեն հայ ա, իրենց են գովազդում: Բա մեծ մամեի մտերիմը ո՞վ ա եղել:
Մենք էսօր ունենք պատերազմով անցած գերագույն-գլխավոր հրամանատար, շատ թոհուբոհերով անցած պաշտպանության նախարար ունենք: Էսօր մեր բանակում իրա համար էլ շատ տհաճ երեւույթներ են տեղի ունենում: Կռիսները մտել են, մեջից բանակը քայքայում են, պատերազմի ժամանակ դրանք փախնելու են, իսկական տղերքն են մնալու ու իրենց ազգն են պաշտպանելու: Հետ ենք վերադարձնելու այն ամենը, ինչը որ մեր հասանելիքն է, ու հանգիստ ապրելու ենք: Ես դեռ 88-ին ասեցի՝ ինձ չլսեցին, չհասկացան: Հիմա էլ ժողովրդիս ասում եմ՝ երբեք պատերազմից չվախենաք: Պատերազմը հայ ազգի նոր ծնունդն է լինելու: Էդ ժամանակ են երեւալու կապիկները, որ մի պարկ կարտոֆիլ բաժանելով իրանց գովում են, ժողովրդին մի կտոր չոր հացով յոլա են տանում, բայց ժողովրդի հաշվին միլիարդներ են դիզել: Պարիս Հերունու նման մարդը 100 հազար դոլար չճարեց հայ ազգի համար լավ բան անելու, բայց մի սովորական երգչուհու ստից երգի փառատոնի համար պատրաստ են միլիոններ ծախսելու»:
Մեր զրուցակիցն ընդվզում է նաեւ, որ այսօր մոդայիկ է դարձել մարդու իրավունքների մասին խոսելը, բայց այդ խոսողները ոտնահարում են մեկ հիմնարար սկզբունք՝ յուրաքանչյուրի իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսինը: Ու այս համատեքստում իր տեսությունն է առաջարկում. «Մարդը Երկիր մոլորակի վրա իրավունքներ չունի, միայն պարտականություններ ունի, եւ ով այդ պարտականությունները կատարի՝ հաջորդ կյանքում, եթե դրան հավատում է, կգտնի իր տեղը: Ոչ ոքի այսօր թող չթվա, թե ծովն իր ծնկներից է, ու ինքն ամենակարող է: Ինչը որ սկիզբ ունի, ունի եւ վերջ»: Նա ենթադրում է, որ ԱԺ-ում ժողովրդի պատգամ կատարողները պիտի հավաքվեին: Բայց մեր խորհրդարանում, նրա կարծիքով, այսօր ընդամենը մի տասը նման մարդ կա, մի մասը «դեպուտատներ են՝ կնոպկա սեղմող», մյուսները՝ «դեպուտանկա՝ միշտ ճիշտ կողմնորոշվում են՝ երբ եւ որ կուսակցությունում լինեն»: «Եթե ԱԺ-ում կան իրենց հարգող խմբակցություններ, թող օրենք գրեն, որ յուրաքանչյուր ծնող պատասխանատու է իր երեխայի կատարածի համար, երեխան էլ պատասխանատու է իր ծնողի կատարածի համար: Եթե մեջները տղամարդ կա, թող անեն ու վաղն իրենց ու իրենց երեխաների արածների համար պատասխան տան: Հասարակությունն էլ էնպես են սարքել, որ բոլորը ձգտում են անպայման անդամ դառնան մի կուսակցության կամ չգիտեմ ինչի, որ գլուխները պահեն: Ցավն էն ա, որ անբարոյական մարդիկ իրենց շուրջն էլ են անբարոյականացնում: Բայց քիչ է մնացել, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ամեն դեպքում հույսը չի կորցնում մեր զրուցակիցը: