Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Շիրակի մարզային կառույցը ձեռքից գնո՞ւմ է

Փետրվար 01,2011 00:00

Դաշնակցականների շրջանակներում տարածված խոսակցությունների համաձայն՝ մարզային կոմիտեն լուծարվել է, 3 օր առաջ էլ թալանվել է կուսակցության գրասենյակը:

Վերջերս հետաքրքիր ինտրիգներ են ծավալվում ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի շուրջ: Մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք «առյուծ կտրած» դաշնակցականները սկսել են լքել կուսակցության շարքերը, պատճառը, ամենայն հավանականությամբ, այն է, որ այլեւս շահ չկա. դպրոցի կամ հիվանդանոցի թափուր տնօրենի պաշտոն չի մնացել՝ մարդկանց հրապուրելու ու դաշնակցական դարձնելու: Գյումրիում նաեւ պտտվում են խոսակցություններ այն մասին, որ ՀՅԴ Գերագույն բյուրոն շիրակցի դաշնակցականների ներսում սկսված գզվռտոցի պատճառով ստիպված է եղել ցրել մարզային կոմիտեն:
Ներինտրիգային խնդիրներին օրերս էլ ավելացավ եւս մեկը՝ ավանդական կուսակցության գրասենյակում գրանցվեց գողության դեպք: Ինչպես մեր օրաթերթին տեղեկացրին Շիրակի մարզի քննչական բաժնից, հունվարի 28-ի լույս գիշերը անհայտ անձը, ապօրինի մուտք գործելով Ղորղանյան 97 հասցեում տեղակայված Դաշնակցության գրասենյակ, թռցրել է 2 հեռուստացույցը, համակարգիչը ու պատճենահանման սարքը՝ այսպիսով կուսակցությանը պատճառելով 700 000 դրամի վնաս: Հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի 2, 3 կետերով, այն է՝ խոշոր չափի գողություն կատարելը, եւ նշանակվել է մատնադրոշմային փորձաքննություն: Որոշ դաշնակցականների համոզմամբ, կուսակցության գրասենյակից գողություն կատարելու պատճառն այն է, որ գրասենյակը վերջին շրջանում անտերության է մատնված, դռները միշտ կողպած են, դաշնակցականներն առաջվա պես չեն հավաքվում, նույնիսկ այնտեղ նարդի չեն խաղում:
Որքանո՞վ են իրական մարզային կոմիտեն ցրելու ու Դաշնակցության գրասենյակի փակ լինելու մասին տարածված խոսակցությունները, ինչո՞ւ են կուսակցության անդամները այդպես հեշտ-հանգիստ լքում ՀՅԴ-ի շարքերը, այս մասին փորձեցինք պարզաբանումներ ստանալ Դաշնակցության Գյումրու կոմիտեի նախագահ Աշոտ Հակոբյանից: Վերջինիս պնդմամբ, տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը. գրասենյակն անընդմեջ բաց է, մարզային կառույցն էլ, ինչպես միշտ՝ գործում է: Պարոն Հակոբյանի ենթադրելով, կատարված գողությունն էլ չարամիտ, խուլիգան մարդու ձեռքի գործ է եւ միտված չէ կուսակցությանը վնասելուն: «Ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում ընտրություններ, կոնկրետ այս ժամանակահատվածում մարզային կոմիտեի նոր ընտրությունների մեջ ենք գտնվում, այսինքն՝ մարզային նոր կոմիտե ենք ընտրելու, որի համար գոյություն ունի մարզային ժողով: Մարզային կառույցը, որպես այդպիսին, ինչպես գործել է, այդպես էլ շարունակում է գործել, մարզային բոլոր մարմինները ինչպես շարունակել են գործել, այնպես էլ շարունակում են գործել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: Մարզային կոմիտեն այս պահին նախագահ ունի՞, հարցրինք Աշոտ Հակոբյանին: «Երբ սկսվում է ժողովական շրջանը, նախկին մարզային կոմիտեն, կանոնադրության համաձայն, իր լիազորությունները վայր է դնում՝ մինչեւ նոր կոմիտեի ընտրություններ: Մարզային խնդիրները համակարգելու համար մարզային ժողովը ընտրում է, այսպես կոչված, դիվան, որն էլ ժամանակավորապես՝ մինչեւ մարզային կոմիտեի նոր ընտրությունները, կկատարի համապատասխան համակարգման ֆունկցիաները»,- ասում է Աշոտ Հակոբյանը: Նա հերքում է նաեւ տարածված այն խոսակցությունները, թե կոնկրետ Շիրակի մարզում տեղի են ունեցել մարզային կոմիտեի նախագահի ընտրություններ, եւ որեւէ մեկը չի ընտրվել: Մեր զրուցակցի ասելով, Դաշնակցության ներսում ներքին ինտրիգներ չկան, կան անհամաձայնություններ, որոնք բնորոշ են կուսակցական կյանքին ու հարաբերություններին: Իսկ ինչո՞ւ են վերջին շրջանում հեռացվում Դաշնակցությունից: Դաշնակցության Գյումրու կոմիտեի նախագահի ձեւակերպմամբ, ոչ թե հեռացվում, այլ հեռանում են: «Ինչ-որ պատճառների բերումով մարդիկ եղել են կուսակցության շարքերում, էսօր համարել են, որ չունեն անելիք Դաշնակցության շրջանակներում: Երեւի քաղաքական կամ գուցե այլ նկատառումներով քաղաքացին ինքն է որոշում իր որտեղ լինելը, Դաշնակցությունը այդ քաղաքական ուժը չէ, որ մարդկանց բերի կուսակցություն: Համենայնդեպս, նրանք, ովքեր երեւակայում են այլ բան, գուցե մտնելով Դաշնակցության շարքերը ու տեսնելով, որ չեն իրականանում իրենց անձնային պահանջները, այ, սա արդեն ուրիշ խնդիր է, որին ես չեմ կարող պատասխանել, ամեն անձ ինքն է որոշում, գուցե սա իր համար այն տեղը չէր, ինչ ինքը երեւակայում էր: Դաշնակցությունը պարտքի կուսակցություն է, դաշնակցականը ունի ավելի շուտ պարտականություն, քան իրավունք»,- ասում է մեր զրուցակիցը՝ հեռացածների մասին թվեր չհրապարակելով: Իսկ ինչպես է ընտրությունների նախաշեմին գոյատեւելու ՀՅԴ-ն՝ Շիրակի մարզում հզորացող ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի կողքին: Մեր զրուցակցին թեեւ առկա մակարդակը չի գոհացնում, այդուհանդերձ, նա համոզված է, որ կա ներքին ոգեւորություն, եւ կարճ ժամանակ անց իրենք կունենան ընտրական ոգեւորության մակարդակը:
Նշենք, որ մի քանի օր որոշ դաշնակցականներ տեղի հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարում էին, որ ՀՅԴ մարզային կոմիտեն լուծարված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել