«Որպես կուսակցության փոխնախագահ՝ պարզապես պարոն Ծառուկյանին խորհուրդ կտամ ենթադրություններ չանել, դուրս գալ ենթադրությունների դաշտից: Եվս մի քանի խորհուրդ կպահեմ ապագայի համար»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը՝ եթե Ռոբերտ Քոչարյանը ուզենար, կարող էր դառնալ ՀՀԿ նախագահ կամ պատվավոր նախագահ, կամ կարող էր լինել արբիտր, ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը իր հերթին երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է. «Չեմ կարծում՝ կառուցողական դաշտից են հրապարակային մտորումները այն մասին, թե անցյալում ով կարող էր լինել գործընկեր կամ կուսակցության նախագահ: Հանրապետականը երբեք «եթեներով» չի խոսել ոչ ԲՀԿ մեր գործընկերների, ոչ էլ պարոն Ծառուկյանի մասին: Փոխադարձության սկզբունքով նույն բանը խորհուրդ կտայի պարոն Ծառուկյանին»: Էդուարդ Շարմազանովը նաեւ ասել է. «Հանրապետականը համախմբված է նախագահ Սերժ Սարգսյանի շուրջը եւ պատրաստակամ է նախագահ Սարգսյանի գլխավորությամբ ավարտին հասցնել նախընտրական ծրագիրը եւ շարունակել բարեփոխումների ծրագրերը»: