Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Սահմանադրության փոփոխությամբ խորհրդարանը երկպալատանի դարձնելու Սերժ Սարգսյանի մտադրությունը։ Ըստ նախարարի, «Վերին պալատը դա սենատն է, որտեղ պետք է ընդգրկվեն նաեւ սփյուռքահայեր: Ես այսօր տեսա մեր կալիֆոռնիահայ համայնքի ոգեւորությունը սենատի ստեղծման գաղափարի շուրջ: Առաջին քայլը նախագահի կողմից այն էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, նախարարության ստեղծումով մշակվեց լուրջ քաղաքականություն սփյուռք-հայրենիք կապերի նկատմամբ, երկրորդը` ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը, երրորդը, փաստորեն, երրորդ քայլն ենք անում, ստեղծելով վերին պալատ, որով սփյուռքահայը իր ձայնը, խոսքը կունենա պետական կառավարման, քաղաքականության մշակման եւ պետական իշխանության գործում»,- ասել է Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2010 թվականի ապրիլի 9-ին «Առավոտի» հետ զրույցում Հրանուշ Հակոբյանը ասել էր, որ հարկ է սփյուռք ունեցող այլ պետությունների օրինակով ստեղծել «Ազգային խորհուրդ». «Ազգային խորհուրդը ազգի երեք հատվածների՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, մեկտեղումն է մեկ մարմնում: Ազգային խորհուրդը կգա մեզ մեկտեղելու, անվստահության տարրերը հանելու, շատ դեպքերում այդ խնդիրները առաջանում են, որովհետեւ իրար լավ չենք ճանաչում, իրար լավ չենք ուսումնասիրում, հոգեբանական խնդիրներ են առաջանում: Ազգային խորհուրդը կլրացնի այս ամենը»,- ասել էր Հրանուշ Հակոբյանը: