Եգիպտոսում ծավալվող իրադարձություններում «դրսի» գործոնը առաջնային է
Եգիպտոսում արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները դարձել են միջազգային ԶԼՄ-ների գլխավոր թեման ու միջազգային հանրության քննարկման, թերեւս, թիվ մեկ խնդիրը: Եգիպտոսում ծավալվող զարգացումների շուրջ բուռն քննարկումներ են ծավալել նաեւ այդ երկրից շատ մեծ հեռավորության վրա գտնվող Հայաստանում, հիմնականում նաեւ Facebook սոցիալական ցանցում: Ու դրա պատճառն ամենեւին էլ այն չէ, որ Եգիպտոսում հայկական համայնք, հայ զբոսաշրջիկներ կան: Պատճառն այն է, որ Հայաստանի ժողովրդին արդեն որերորդ անգամ չի հաջողվում ո՛չ ընտրությունների, ո՛չ զանգվածային բողոքի միջոցով իշխանություն ընտրել կամ եղածին փոխել: Ժամանակին՝ Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» հետո, հայաստանցիների մի մասը կեսկատակ-կեսլուրջ ցանկություն էր հայտնում «գնալ, վրացի գրվել», հետո սկսեցինք նախանձել ուկրաինացիներին, հետո մենք մեզ զարմացանք՝ «ղրղըզների չափ էլ չկա՞նք»:
Հիմա սոցցանցում կարելի է նաեւ այսպիսի ցանկություն կարդալ՝ «ցանկանում եմ Եգիպտոս գնալ: Այնտեղ արեւ է, լիքը ծովափ, հեղաշրջումն էլ համարյա վերջացել է: Մեզ մոտ՝ ցուրտ, ամպամած, հեղաշրջումն էլ դեռ չի սկսվել», կամ այսօրինակ դիտարկում անել՝ «փաստորեն որեւէ ազգ, եթե ցանկանում ա դառնալ հայի կուռքը, ընդամենը պետք ա հեղափոխություն անի…»:
Թե ինչպես կավարտվեն հուզումները Եգիպտոսում՝ մեզ համար երեւի շատ կարեւոր է: Բանն այն է, որ հայաստանյան փորձագետների ու նաեւ քաղաքական գործիչների մի հատված պատեհ առիթներով կարծիք է հայտնում, թե մասնավորապես ԱՊՀ տարածքում բոլոր «գունավոր» հեղափոխությունների թիկունքում արտաքին ուժեր կային, եւ դա էր այդ հեղափոխությունների հաղթանակի գրավականը: Նույն պնդումն արվում էր նաեւ 2008-ի Համաժողովրդական շարժման եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ: Ահավասիկ Եգիպտոսի վերաբերյալ էլ նույն կարծիքը կա: Միջազգային մամուլը երեկ արդեն հեղեղված էր WikiLeaks սկանդալային կայքում հրապարակված դիվանագիտական «cables»-ի նյութերով, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ն վերջին մի քանի տարիներին օժանդակել է Եգիպտոսում ընդդիմադիր շարժումներին: «Այդ թվում՝ նաեւ դրա շնորհիվ է, որ եգիպտացի ընդդիմադիրները կարողացան նախապես պատրաստվել նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը»,- երեկ հաղորդեց news.ru-ն:
Այն, որ մասնավորապես Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները, թերեւս, այլ ուղղությամբ կարող էին զարգանալ, բողոքի ալիքը կարող էր եւ զսպվել, եթե չլինեին միջազգային հանրության համակ ուշադրությունը եւ կողմերին՝ իշխանություններին ու ցուցարարներին ուղղված՝ բռնություններից զերծ մնալու կոչերը, փաստեց նաեւ հայրենի ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Կարծում եմ՝ Եգիպտոսի ժողովուրդը ոգեւորվեց թունիսյան իրադարձություններով, եւ ինքը սկսեց այդ գործողությունները, այնուհետեւ միջազգային հանրությունը սկսեց իր մասով որոշակի դերակատարություն ունենալ այդ երկրում տեղի ունեցող զարգացումներում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը՝ շարունակելով, թե այդ դերակատարումը նկատելիորեն դրական ազդեցություն է ունենում: Թե ինչ նկատի ունի «դրական» ասելով՝ նախկին դիվանագետը մասնավորեցրեց, թե «շատ հստակ ուղերձներ եղան կողմերին՝ զերծ մնալ բռնություններից»: Ի դեպ, սա հենց այն անհրաժեշտ ուղերձն էր, որը կոնկրետ Հայաստանում 2008թ. փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ի առավոտյան դեպքերը 9 օր շարունակ, շուրջօրյա նստացույցի եւ բազմահազարանոց ցույցերի պարագայում, միջազգային հանրությունն այդպես էլ չէր արել՝ չնայած ՀՀ իշխանությունների կողմից ընդդիմության ակտիվիստների դեմ արդեն ձեռնարկված հետապնդումներին եւ ցույցերը ցրելու ակնարկներին: «Մարտյան դեպքերի ժամանակ, այո, միջազգային հանրությունը որեւէ կերպ չարձագանքեց հայաստանյան զարգացումներին, ոչ մեկը Ռոբերտ Քոչարյանին կոչ չարեց ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելուց: Դա արվեց միայն «Մարտի 1»-ի առավոտյան դեպքերից հետո»,- արձանագրեց Վլ. Կարապետյանը՝ վերադառնալով Եգիպտոսի իրադարձություններին: Նա նկատեց, թե ԱՄՆ նախագահի, պետքարտուղարի, Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ այլոց ուղերձները եգիպտական իշխանություններին «շատ զսպող ազդեցություն ունեցան այնտեղի «տաքգլուխների» համար, որոնք մտածում էին, որ կարելի է սեփական ժողովրդի ցասումը բռնություններ կիրառելով զսպել»:
Եվ այդուամենայնիվ, կարելի՞ է արձանագրել, որ առանց «դրսի» աջակցության միջազգային հանրության համար հետաքրքրություն ներկայացնող որեւէ երկրում հնարավոր չէ իշխանափոխություն կամ հեղափոխություն իրականացնել: «Եգիպտոսում դեռ ո՛չ իշխանափոխություն, առավել եւս ո՛չ էլ հեղաշրջում տեղի չի ունեցել: Աշխարհում գլխավոր դերակատարների մոտեցումներն ու գնահատականները նման հարցերում առաջնային նշանակություն ունեն: Եթե սթափեցնող կոչեր եւ հայտարարություններ չարվեին, եթե Օբաման ամեն օր իր ուշադրության կենտրոնում չպահեր Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները, ապա հայտնի չէ, թե ինչ կարգի բռնություններ կարող էին լինել ե՛ւ ընդդիմության, ե՛ւ առաջին հերթին, իհարկե, իշխանության կողմից: Կարծում եմ, այդ հայտարարությունները զսպեցին ոչ միայն Եգիպտոսի նախագահին, այլեւ զինված ուժերին»,- ի պատասխան ասաց Կոնգրեսի ներկայացուցիչը: