Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունվար 29,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնութերորդ

ՍԱՀԱԿ ԵՎ ՄԵՍՐՈՊ

Եթե Վանից գաղթելիս ավագ Սահակն իմ մորական պապ ու իր կրտսեր եղբայր Մեսրոպի հորդորներին ունկնդիր լիներ, ամենից ավելի հենց ավագ Սահակի՛ ճակատագիրն էր միանգամայն այլ լինելու, ավելի ճիշտ՝ ոչ թե անձամբ Սահակի ճակատագիրն էր այլ լինելու, այլ՝ անձամբ Սահակի շառավիղներինը, որովհետեւ անցյալ հազարամյակի վերջերին, երբ վրաց-աբխազական պատերազմը բռնկվեց, Սահակը վաղուց հրաժեշտ էր տվել Օչեմչիրին ու երկրային ամեն ինչին, մինչդեռ Սահակի ավագ որդի Միշան իր ընտանիքով եւ Սահակի դուստրերն իրենց ճյուղավորումներով էդ պահին Օչեմչիրում էին. այսինքն, Սահակի բացակայությամբ, Սահակի տոհմածառն Օչեմչիրում ու Սուխումում նորանոր ճյուղեր էր տվել, եւ երկրորդ հազարամյակի վերջերին, երբ վրաց-աբխազականը բռնկվեց, էդ պահին Սահակի ավագ որդի Միշան Սուխումի գլխավոր հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր եւ դեպքերի ու պաշտոնի բերումով վիրահատեց ու, փաստորեն, ստույգ մահից փրկեց վրացի հրամանատարին, եւ էդ ճակատագրական ու հաջող վիրահատությունից ընդամենը մի քանի օր անց, երբ ռուսների շնորհիվ աբխազների դիրքերն Աբխազիայում ու Սուխումում արդեն ամրապնդվել էին, Միշան մի ահավոր առավոտ արթնանալով եւ Սուխումի գլխավոր փողոցների շենքերի պատերին իր իսկ լուսանկարը տեսնելով եւ իր իսկ գլխագինն իմանալով՝ իր իսկ անձնական վարորդին հրամայել էր քշել նախ Օչեմչիր, իսկ այնուհետեւ՝ անհայտ ուղղությամբ եւ ընտանյոք քոչելուց առաջ քույրերին ու փեսաներին էլ էր խորհուրդ տվել հնարավորինս արագ լքել Օչեմչիրն ու Աբխազիան, եւ Միշան վանեցի ու զգուշավոր լինելով՝ ամենեւին հարկ չէր համարել մնալ ու աբխազներին հիշեցնել՝ ինչքան աբխազ քաղաքացիների, զինվորների ու սպաների կյանքեր է փրկել, ու էսօրվա դրությամբ Միշան ու Սահակի բոլոր շառավիղները Թիֆլիսում ու հիմնականում Ռուսաստանում են ցիրուցան, ու Միշան հիմի էլ Սվերդլովսկում է Հիպոկրատին տված իր երդումն ազնվորեն ու անձնազոհաբար կատարում, մինչդեռ ինքն ու Սահակի մյուս շառավիղները ժամանակին հաջողությամբ կարող էին Հայաստանում բնավորվել ու ճյուղավորվել, եթե տասնհինգին Սահակը Մեսրոպի պես Երեւանում կանգ առներ, բայց տասնհինգին Սահակը գաղթը շարունակելով՝ ոչ միայն Օչեմչիր հասավ, այլեւ իր կրտսեր եղբայր Մեսրոպի հետ մինչեւ հիսուներեք թվական խռով պահեց, եւ երկու եղբայր հիսուներեքին՝ ավագ Սահակի ավագ դստեր՝ բժշկուհի Էմմայի ողբերգական ու չափազանց վաղաժամ մահվան առիթով բարիշեցին, եւ հիսուներեքից սկսած՝ Մեսրոպի երեւանյան շառավիղներն ամեն ամառ Օչեմչիր էին մեկնում, ու անձամբ մեր ընտանիքին էլ էր ամեն ամառ հանգստյան առնվազն քսան օր հատկացվում, եւ իմ մորական պապ Մեսրոպը մեջներիցս միակն էր, որ իր կյանքում ոչ մի անգամ հանգստանալու նպատակով Օչեմչիր չմեկնեց, մինչդեռ Սահակը հիսուներեքից սկսած՝ ամեն տարի էր Երեւան ժամանում՝ Երեւանում ավտովթարից մահացած իր անզուգական ու անփոխարինելի Էմմայի գերեզմանին այցելության, եւ կայարանից նախ Թոխմախի գերեզմանոց էր գնում, հետո նոր համենում էր Մետաքս, եւ հիսունհինգից սկսած՝ հայրս ու մայրս էլ էին ամեն տարի Օչեմչիր ու ծովափ գնում, եւ հիսունութից սկսած՝ էդ բախտն անձամբ ինձ էլ ժպտաց, եւ, հիշում եմ, մորս միակ հորեղբայր Սահակն անխիղճ ծխող էր, եւ հիմա, երբ փորձում եմ մեր էդ ամառային երջանկությունից որոշ դրվագներ հիշել, անվերջանալի անձրեւներն եմ հիշում ու մեկ էլ՝ Սահակի երբեւէ չվերջացող ծխախոտի ծուխը, իսկ անվերջանալի անձրեւը ոչ թողնում էր ծով գնայինք, ոչ էլ չոր տեղ էր թողնում, որ Սահակ հորեղբոր թունդ ու անվերջանալի ծխից փախչեինք, եւ անվերջ ծխելով ու բքելով՝ իմ մորական Մեսրոպ պապիս ավագ եղբայր Սահակը սրանրա հետ վանեցու առոգանությամբ ռուսերեն, վրացերեն ու աբխազերեն էր խոսում, եւ հիմնականում ինձ հետ էր վանեցու առոգանությամբ հայերեն խոսում, որովհետեւ ես ոչ ռուսերեն գիտեի, ոչ վրացերեն ու ոչ էլ աբխազերեն, եւ մեր համընդհանուր հորեղբայր Սահակի անվերջանալի ծուխը տարածվելով՝ մշուշում էր Օչեմչիր կոչվող ծովափնյա էդ թաց բնակավայրը, ու հիմա, տարիներ անց, վերստին միտքս ու աչքերս մշուշելով՝ չի թողնում, որ ձեզ համար ծովափնյա էդ օրերից մի սիրուն դրվագ հիշելով առանձնացնեմ, եւ ընդամենը Սահակի կրկնվող խոսքերն եմ հիշում, ավելի ճիշտ ձայնը՝ «ամփոխչ կյանքս հեչ էղավ», ինչպես նաեւ՝ «ճիշտը ախպերս էր՝ Մեսրոպը», մինչդեռ ամեն ամառ Օչեմչիրից վերադառնալով՝ բոլորն ու մանավանդ իմ միջնեկ քեռի Գոքորը Մեսրոպին հանդիմանում էին, որ տասնհինգին ավագ եղբոր հետ գաղթը չշարունակելով՝ ծուլացել ու կանգ էր առել Երեւանում ու Մետաքսում, եւ ամեն ամառ Օչեմչիրից Երեւան վերադառնալով՝ ամեն մեկն իր հերթին ու իր ձեւով Մեսրոպին հանդիմանում էր՝ առանց պատկերացնելու ու առանց հասկանալու, որ եթե Մեսրոպը տասնհինգին իր գաղթը Երեւանում ու Երեւանով չավարտեր ու Երեւանում էլ իրենց մորն ու իմ տատին չհանդիպեր, որեւէ մեկս երեւան ու լույսաշխարհ չէինք գալու եւ մեր ամառներն էլ չէինք վերաիմաստավորելու Օչեմչիրում, ուր Մեսրոպ պապիս ավագ ու միակ եղբայր Սահակը, նույն ինքը՝ բատոնո Սահակը, նույն ինքը՝ ձեդ Սաահը, նույն ինքը՝ պստիկ ու զվարճալի գաղթօջախի հիմնադիր վանեցի Սահակն անցյալ դարի յոթանասունվեց թվականին մեռավ համեմատաբար երջանիկ մահով՝ չտեսնելով իր հիմնադրած էդ ամենի վերջն ու ավարտը:
Բոլորն ու հատկապես իմ միջնեկ քեռի Գոքորը Մեսրոպ պապիս քննադատում ու նույնիսկ ձեռ էլ էին առնում, որ Օչեմչիրի պես դրախտը թողած՝ տասնհինգին Երեւանն ու Մետաքսն է իրենց արժանի համարել, եւ ամենից շատ Գոքորն էր պապիս քննադատում ու պապիս հոգու հետ խաղում, եւ պապս ամենից ավելի Գոքորի քննադատությունն ու ծաղրն էր հանդուրժում, որովհետեւ իմ մորական Մեսրոպ պապն ամենից շատ Գոքորին էր սիրում ու ամենից շատ Գոքորին էր երես տալիս, եւ Գոքորին ոչ միայն Մեսրոպն էր բոլորից շատ սիրում ու երես տալիս, այլեւ՝ Սահակն ու մյուս օչեմչիրցիք, ու էդ էր պատճառը, որ Գոքորի մի ոտը միշտ Օչեմչիրում էր, ու նաեւ էդ էր պատճառը, որ Գոքորն Օչեմչիրի ղադրը մյուսներից լավ գիտեր եւ Օչեմչիրում էլ միշտ սիրած աղջիկ ուներ, որոնք, ճիշտ է, հաճախ էին փոխվում, բայց որոնց վրա մեր գերդաստանի օչեմչիրցիք շատ խիստ հսկողություն էին իրականացնում՝ Գոքորի բացակայության ժամանակ իհարկե, եւ երբ պատահում էր՝ Գոքորը երկու ոտով Երեւան էր ընկնում եւ վերջնականապես հասկանում էր, որ իրենն, այնուամենայնիվ, Երեւանն ու Մետաքսն էին, իր կատաղի ու տեւական կռիվներն էր սկսում Մեսրոպի հետ, եւ քանի որ ոչ մեկիս աչքն Օչեմչիրից կշտացած չէր, Գոքորի ու Մեսրոպի էդ շարունակական կռիվների ժամանակ բոլորս հոգով ու սրտով Գոքորի կողմն էինք, եւ Գոքորն ինքն էլ էր դա զգում ու էդ հանգամանքից ոգեւորվելով՝ հոր վրա գոռում էր՝ «քեզ չէիր խղճում, գոնե էրեխեքիդ ու թոռներիդ խղճայիր, տնաշեն», եւ երբ մյուսներն էին համարձակվելով՝ Գոքորի ասածը կրկնում, Մեսրոպի համբերության բաժակը մեկից լցվում էր, եւ երբ իր համբերության բաժակը բերնեբերան էր լցվում, հանկարծակի ինչ-որ անհոդաբաշխ կռինչներ էր արձակում, հետո որոշ ժամանակ լռում ու վերստին կռնչում ու ճռնչում էր, եւ իր էդ կատաղության պահերին նույնիսկ Գոքորն էր սսկվում, որովհետեւ մյուսների պես Գոքորն էլ էր հասկանում, որ Մեսրոպն իր էդ հսկայական ընտանիքի ոչ միայն ավագն էր, այլեւ՝ հիմնական կերակրողը, եւ չնայած էդ հսկայական ընտանիքում բոլորն էին աշխատում, այդուհանդերձ, բոլորը գարնանից սկսած՝ Մեսրոպի աճեցրած զարմանազան ծաղիկներն էին շուկայում ու մայրաքաղաքի փողոցներում վաճառում, եւ չնայած էդ պահի դրությամբ մայրս հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի էր, ամառային արձակուրդներին մայրս էլ իր քույրերին ու եղբայրներին միանալով՝ Մեսրոպի աճեցրած էդ դրախտային ու աննման ծաղկունքն էր վաճառում՝ իր կոլեգաների ու իր աշակերտների աչքից հնարավորինս հեռու, եւ երբ Մեսրոպի էդ կռնչոցներն ավարտվում էին, եւ երբ բոլորս ու նույնիսկ Գոքորը սսկված սպասում էինք, իմ մորական պապ Մեսրոպը հառաչելով ու հոգոց հանելով ասում էր՝ «էս ամեն ինչի մեղավորն Էմման ա», եւ ամեն անգամ մայրս էր համարձակվում հարցնել՝ «խեղճ Էմմայի մեղքը ո՞րն ա, այ պապ», եւ Մեսրոպը չափազանց ծանր հոգոցով պատասխանում ու ասում էր՝ «որ Էմման չմեռներ, Սահակի հետ չէի բարիշի, ու ոչ մեկդ էլ էդ քամբախի տեղը չէիք իմանա», եւ մայրս համարձակվելով հարցնում էր՝ «Օչեմչիրին ա՞ քամբախ», եւ Գոքորը համարձակվելով հորը հարցնում էր՝ «էդ քամբախը գոնե հեռվից տեսած կա՞ս, որ քամբախ ես ասում», եւ պապս երկար մտածելուց հետո պատասխանում ու ասում էր՝ «ոչ էլ ուզում եմ տենամ», եւ մի իրիկուն Գոքորը համարձակվելով հորը հարցրեց՝ «կարող ա՞ ախպորդ թաղմանն էլ չգնաս», եւ մինչ Մեսրոպը կմտածեր՝ ինչ պատասխաներ, մայրս Գոքորին սաստելով ասաց՝ «բերանդ խերով բաց, Գրիգոր», եւ Գոքորը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով մորս հարցրեց՝ «սկզբում մեծերը չեն մեռնո՞ւմ», եւ իմ մորական պապ Մեսրոպն արհամարհանքով Գոքորին ասաց՝ «լավ ա՝ գոնե էդքանը հասկանում ես» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «բայց որ ըսենց ամեն օր կյանքս ուտեք, ես Սահակից շուտ կմեռնեմ», եւ մայրս հորն ասաց՝ «բերանդ խերով բաց, այ պապ», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու Գոքորին հարցրեց՝ «Օչեմչիրն էդքան շատ ե՞ս սիրում», եւ, հիշում եմ, Գոքորի փոխարեն իմ փոքր մորաքույր Լիլիկը պատասխանեց ու ասաց՝ «ոչ թե Օչեմչիրն ա սիրում, այլ՝ Օչեմչիրի աղջկերքին», եւ մայրս ծիծաղելով ավելացրեց՝ «Օչեմչիրի ռուս աղջկերքին», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդքան շատ ա սիրում, թող աշխատի՝ Օչեմչիրում իրա համար տուն առնի», եւ իմ փոքր քեռի Գագոն փռթկացնելով հորը հարցրեց՝ «ո՞վ աշխատի՝ Գոքորը՞» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «բա մենք ինչի՞ համար ենք», եւ քեռիներիցս Վարդանն ասաց՝ «որ Գոքորն աշխատի՝ էլ էդ աղջկերքն իրան չեն սիրի», եւ Մեսրոպը հարցրեց՝ «ի՞նչ աղջկերք», եւ Լիլոն փռթկացնելով ասաց՝ «էդ ռուսները», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ո՞ւմ կսիրեն», եւ իմ ամենափոքր քեռի Գագոն փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մեզ», եւ Գոքորը թարս նայեց Գագոյին ու հարցրեց՝ «էսօրվա դասերդ սովորել ե՞ս», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սովորողներն ինչի՞ են հասել», եւ Լիլոն ասաց՝ «մեջներիցս մենակ Սեդան շարունակեց», եւ մայրս ասաց՝ «Ֆրեդն էլ ա շարունակում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ իմանամ՝ սովորելով կարամ Օչեմչիր տուն առնեմ, սաղիցդ էլ լավ կսովորեմ», եւ իմ քեռի Ֆրեդը ծիծաղելով ասաց՝ «որ սովորելով ըլներ, Օչեմչիրի տների կեսը պիտի Սեդային պատկանեին», եւ Գոքորը թարս նայեց Ֆրեդին ու ասաց՝ «կեսն էլ քե՛զ պիտի պատկանեին», եւ Լիլոն Գոքորին ասաց՝ «Օչեմչիրն էնքան էլ Ֆրեդիկի սրտով չի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էսքան տարվա մեջ ինքն ընդամենը մի անգամ ա Օչեմչիր հանգստացել», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «Գոքորը սաղիս տեղը հանգստանում ա», եւ Գագոն փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ ինքն Օչեմչիր սիրած ունի», եւ Լիլոն փռթկացնելով ասաց՝ «ոչ թե սիրած, այլ՝ սիրածներ», եւ մայրս հարցրեց՝ «Ժենյայենց հարեւան Նատաշայից բացի ուրիշն էլ կա՞», եւ Լիլոն ծիծաղելով ասաց՝ «առաջ մեզ էլ էր թվում թե՝ մենակ Նատաշան ա», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «պոչտալիոն Պետրոսն Օչեմչիրից օրական մի դաստա նամակ ա բերում», եւ մայրս ժպտալով Գոքորին հարցրեց՝ «էդքանը ո՞նց ես կարդում, այ Գրիգոր», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «Գագոյին ա կարդալ տալի», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գրիգորը բոլորիցս լավ ռուսերեն գիտի. լսել եմ՝ ոնց ա աղջկերքի հետ ռուսերեն ճտպտում», եւ Գագոն ասաց՝ «ճտպտալը ճտպտում ա, բայց էդ սաղ նամակները ես եմ իրա համար կարդում», եւ Վարդանը ժպտալով ասաց՝ «որովհետեւ Գոքորը Երեւանում ու Օչեմչիրում շատ հարգված ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընենց որ՝ մենք իրա տեղակ համ նամակ պիտի կարդանք, համ էլ պիտի իրա տեղակ աշխատենք», եւ Լիլոն ժպտալով Գագոյին ասաց՝ «հեչ մի մտածի, Գագ ջան. մի օր էլ աղջկերքը քեզ նամակ կգրեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «թողում ե՞ք, որ գրեն», եւ Լիլոն հարցրեց՝ «ո՞վ չի թողում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «բացի ինձանից՝ էս սաղդ Օչեմչիր էղել եք», եւ Վարդանը ժպտալով Գագոյին ասաց՝ «մեջներիս սիրված ու հարգված տղեն Գոքորն ա. ինքը պիտի սաղիս տեղակ Օչեմչիր գնա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «սաղդ էլ սիրված ու հարգված եք» եւ մի քիչ էլ մտածեց ու լացակումած ավելացրեց՝ «սաղդ էլ Օչեմչիր էղել եք», եւ մայրս Գագոյին ասաց՝ «պապան էլ մինչեւ հիմա Օչեմչիրը չի տեսել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «պապան ի՛նքը չի ուզեցել Օչեմչիրը տենա, դրա համար էլ չի տեսել», եւ Մեսրոպն ասաց՝ «էս էրեխեն ձեզանից խելոք ա», եւ Գագոն լացակումած ասաց՝ «խելոք եմ, դրա համար էլ մինչեւ հիմի Օչեմչիրը չեմ տեսել» եւ մի քիչ մտածեց ու լացակումած ավելացրեց՝ «ես կարող ա՞ ձեր էս տան պահակն եմ», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «ես ու դու ենք էս տան պահակը», եւ Վարդանը ծիծաղելով ասաց՝ «Գոքորն էլ Օչեմչիրի՛ պահակն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու լացակումած ասաց՝ «ես էլ եմ ուզում Օչեմչիրում պահակություն անեմ», եւ Մեսրոպն իրեն զսպելով՝ ոչինչ չասաց, եւ բավական ժամանակ ոչ ոք չէր խոսում, որովհետեւ բոլորս էլ զգում էինք, որ իր համբերության բաժակը բերնեբերան է լցված, եւ երբ Գագոն լացակումած էլի ինչ-որ բան ասաց, Մեսրոպն իր կռինչն արձակեց եւ բառերով ինչ-որ բան աղաղակեց, եւ չնայած ասածը չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ բոլորս վախից ու սարսափից կարկամել էինք, եւ երբ Գոքորը տեղից կտրուկ վեր կացավ ու դռնից արդեն դուրս էր գալիս, Մեսրոպը Գոքորի հետեւից գոռալով հարցրեց՝ «էդ ո՞ւր», եւ Գոքորը շրջվելով պատասխանեց ու ասաց՝ «էթամ՝ փող աշխատեմ», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «ի՞նչ փող», եւ Գոքորը քմծիծաղով ասաց՝ «փող աշխատեմ, որ Օչեմչիր տուն առնեմ», եւ մայրս զարմացած հարցրեց՝ «էս գիշերվա կեսի՞ն», եւ Գագոն լացակումած ասաց՝ «մենք կաշխատենք՝ կառնես», եւ Գոքորն արհամարհանքով Գագոյին ասաց՝ «դու դասերդ սովորի, որ լավ պահակություն անես», եւ երբ էդ ասելով՝ Գոքորը դուռը հետեւից շրխկացրեց, բոլորս հասկացանք, որ որոշ ժամանակ Գոքորին չենք տեսնելու, որովհետեւ հոր հետ ամեն ընդհարումից հետո Գոքորն էնքան ժամանակով էր բացակայում, ինչքան որ Մեսրոպը Գոքորի բացակայությանը դիմանում էր. այսինքն, Գոքորն ամենաշատը մի տասնհինգ օրով էր անհետանում ու բացակայում, որովհետեւ Մեսրոպն առանց Գոքորի տասնհինգ օրից ավել չէր դիմանում, եւ ինչքան էլ իրեն զսպեր ու չարտահայտվեր, Գոքորի կարոտից ուղղակի նվաղում էր, որովհետեւ Մեսրոպն իր զավակներից ամենից շատ Գոքորին էր սիրում, եւ Գոքորին ողջ Մետաքսը, ողջ Նար-Դոսն ու ողջ Օչեմչիրն էին սիրում, եւ երբ Գոքորը դուռը հետեւից շրխկացնելով՝ օրերով անհետանում էր, Մեսրոպն ու բոլորս առանձնապես չէինք անհանգստանում, որովհետեւ գիտեինք, որ Մետաքսում, Նար-Դոսում ու մանավանդ Օչեմչիրում լիքը տներ կան, որոնց դռները մշտապես բաց են Գոքորի առաջ, եւ չնայած քիչ առաջ կարծիք հայտնեցի թե՝ Մեսրոպն իր զավակներից ամենից շատ Գոքորին էր սիրում, հիմա էդ ուղղությամբ ավելի երկար մտածելով՝ սկսում եմ հիշել, որ Մեսրոպն իր անմիջական հետնորդներից ամենից շատ Գագոյին էր սիրում, որովհետեւ Գագոն էր կրտսերը, եւ որ էս ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ հիշել նաեւ, որ Մեսրոպն իր երեխեքից ամենից շատ Վարդանին էր սիրում, որովհետեւ Գագոյից առաջ՝ շուրջ հինգ տարի Վարդանն էր կրտսերը եղել, եւ որ մի քիչ էլ եմ մտածում, սկսում եմ հիշել, որ Մեսրոպն, այնուամենայնիվ, իր ժառանգներից ամենից շատ Ռաֆիկին էր սիրում, որովհետեւ իր ժառանգներից ավագը Ռաֆիկն էր, բայց Ռաֆիկին ու բոլորին հիշելով՝ չեմ կարող չհիշել, որ Մեսրոպն իր երեխեքից ամենից շատ մորս էր սիրում, որովհետեւ մայրս իր ավագ դուստրն էր, բայց Լիլոյին ավելի էր սիրում, որովհետեւ Լիլոն դուստրերից կրտսերն էր, եւ չնայած իմ մորաքույր Աիդան դուստրերից ոչ ավագն էր եւ ոչ էլ կրտսերը, Մեսրոպն ամենից շատ հենց Աիդային էր սիրում, որովհետեւ Աիդան ամենահեզն ու ամենախոնարհն էր, բայց, այդուհանդերձ, մորական Մեսրոպ պապս իր զավակներից ամեից ավելի Ֆրեդին էր սիրում, որովհետեւ մորիցս հետո Ֆրեդը միակն էր, որ բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցավ եւ յոթ թե ութ տարի էդ կրթությունը հեռակա տնտեսագիտականում ստացավ, եւ երբ բարեհաջող ավարտեց, արդեն ՍՍՌՄ խոհարարների առաջնության արծաթե մեդալակիրն էր, եւ, ասում էին, որ էդ առաջնության ոսկուն արժանացած ուզբեկը նախապես ահագին կաշառք էր տված եղել հանձնաժողովի անդամներին, եւ, հիշում եմ, Ֆրեդն իր էդ արծաթից հետո մշտապես ասում ու կրկնում էր՝ «որ քնիցս հանեն՝ էդ ուզբեկի էփած փլավից հազար անգամ լավ փլավ կեփեմ», եւ եթե Ֆրեդն էդ բանը չասեր էլ, բոլորս էլ գիտեինք ու համոզված էինք, որ ոսկուն հենց Ֆրեդն էր արժանի, որովհետեւ մենք մեր ստամոքսների ու քիմքերի միջոցով անձամբ ու միանգամայն խորքանց էինք հաղորդակից ՍՍՌՄ խոհարարների ութերորդ առաջնության արծաթե մեդալակիր Փարվանյան Ալֆրեդի խոհարարական տաղանդին, եւ չնայած Մեսրոպն էլ էր Ֆրեդի խոհարարական տաղանդին քաջատեղյակ, այդուհանդերձ, Մեսրոպն իր ժառանգներից ամենից շատ Գոքորին էր սիրում, եւ Գոքորի նկատմամբ իր սերն անըմբռնելի ու անբացատրելի էր՝ ինչպես որ Գոքորի նկատմամբ մյուսներիս սերն էր անըմբռնելի ու անբացատրելի, եւ երբ Մեսրոպի էդ իրիկնային կռինչից հետո Գոքորը մեզ լքեց, բոլորս էլ համոզված էինք, որ էդ առիթից օգտվելով՝ Գոքորն առնվազն մի շաբաթ մեզ ու մանավանդ Մեսրոպին կստիպի կարոտել իրեն, եւ Գոքորին կարոտելու միշտ պատրաստ Մեսրոպը հաջորդ իսկ առավոտ իմ փոքր քեռի Գագոյին ուղարկեց Օնոյենց ու շուտով տեղեկանալով, որ առավոտ շուտ Օնոն ու Հայկոն Գոքորին ուղեկցել են կայարան, առանձնապես անակնկալի չեկավ ու որեւէ բան չձեռնարկեց, որովհետեւ Վարդանը Մեսրոպի ծաղիկների փողով առած իր նոփնոր «կՏսպՑ»-ին նայելով ասաց՝ «Օչեմչիրի պոյեզն արդեն ծյուծյո՜ւ», եւ, հիշում եմ, Վարդանի խոսքի վրա Գագոն ասաց՝ «էդ պոյեզը սաղդ նստել եք՝ բացի ինձանից», եւ, հիշում եմ, Վարդանը Գագոյին ասաց՝ «պապան էլ ոչ մի անգամ էդ պոյեզը չի նստել», եւ, հիշում եմ, Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մինչեւ հորեղբայրը չմեռնի, պապան էդ պոյեզը չի նստի», եւ, հիշում եմ, Գագոյի էդ խոսքի վրա Մեսրոպը կռնչաց՝ «էդ խոսքներդ մեկ ե՞ք արել, շան թուլեք», եւ, հիշում եմ, Գագոն զարմացած ու վախեցած հարցրեց՝ «քե՞զ ինչ էղավ, այ պապ», եւ Վարդանը Գագոյին բացատրելով ասաց՝ «Գոքորի համար ա հուզվել», եւ Գագոն Վարդանին հարցրեց՝ «Գոքորի համա՞ր խի ա հուզվել», եւ Վարդանը Գագոյին բացատրելով ասաց՝ «որովհետեւ Գոքորն իրա սիրած տղեն ա», եւ Գագոն ժպտալով Վարդանին հարցրեց՝ «բա մե՞նք իրա ինչն ենք», եւ Վարդանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մենք իրա ծաղիկ ծախողներն ենք», եւ մայրս Վարդանին ասաց՝ «արդեն շատ եք չափն անցնում», եւ Գագոն մորս հարցրեց՝ «ո՞նց ենք չափն անցնում», եւ, հիշում եմ, Վարդանը Գագոյին բացատրելով ասաց՝ «Սեդան ուզում ա ասի, որ ծաղիկ ծախելն էլ ա մեզ շատ», եւ մայրս Վարդանին հարցրեց՝ «կարող ա՞ Գագոյի թարգմանիչն ես», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու մորս ասաց՝ «բացատրում եմ, որ հասկանա», եւ մայրս մի քիչ մտածեց ու ասաց՝ «Գագոն մեջներիցդ ամենահասկացողն ա», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց եմ ամենահասկացողը», եւ Վարդանը ժպտալով Գագոյին բացատրեց ու ասաց՝ «Սեդան ըտենց ա ասում, որ սրանից հետո ավելի ոգեւորված ծաղիկ ծախես», եւ Մեսրոպը Գագոյի վրա գոռաց՝ «էդ ո՞նց ես մեծ քրոջդ հետ խոսում», եւ Վարդանը ժպտալով Մեսրոպին ասաց՝ «ես Գագոյի հետ եմ խոսում», եւ Մեսրոպը Վարդանի վրա գոռաց՝ «չափներդ ճանաչե՛ք», եւ Վարդանը ժպտալով Գագոյին բացատրեց ու ասաց՝ «ուզում ա ասի՝ չափներդ ճանաչեք ու ձեր ծաղիկը ծախեք», եւ Մեսրոպը մի քիչ մտածեց ու գոռաց՝ «ձենդ կտրի, թե չէ՝ լեզուդ կկտրեմ», եւ Գագոն Վարդանին հարցրեց՝ «էդ ո՞ւմ ասեց», եւ Վարդանը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «կամ ինձ, կամ էլ՝ քեզ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «կարող ա՞ Գոքորին ըտենց բան ասեր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով Մեսրոպին ասաց՝ «շատ դարդ մի արա. հես ա ուր-որ ա՝ հեռագիրը կստանանք», եւ մայրս ասաց՝ «եթե Գրիգորն Օչեմչիր ա գնալու, վաղն առավոտ հազիվ տեղ հասնի», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքը նախօրոք ա հեռագիրն ուղարկում, որ պապան շատ չհուզվի», եւ Մեսրոպը թարս նայեց Վարդանին ու քամահրանքով ասաց՝ «մեկ դու ես իմ մասին մտածում, մեկ էլ՝ ինքը», եւ մայրս ասաց՝ «երանի Օչեմչիր գնա», եւ Վարդանն իր «կՏսպՑ»-ին նայելով ասաց՝ «հիմի հազիվ Լեննական հասած ըլնի», եւ մայրս հոգոց հանելով ասաց՝ «հաստատ Օչեմչիր կգնա», եւ Վարդանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաստատ չես կարա ասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա խելքին բրդի՝ Թիֆլիս իջնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը Թիֆլիս լիքը ընկեր ունի», եւ Գագոն ասաց՝ «ինքը ամեն տեղ էլ լիքը ընկեր ունի», եւ մայրս մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «տա Աստված՝ Օչեմչիր գնա» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «Օչեմչիրն ամենաապահովն ա»:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել