Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Հունվար 29,2011 00:00

Կամ՝ ինչպես պետք է ճիշտ պատժել երեխային

Մեծ Բրիտանիայում գործող «Ընտանեկան ռեսուրս կենտրոնը» վերջերս հետազոտություններ է կատարել եվրոպական, ասիական եւ աֆրիկյան երկրների շրջանում՝ պարզելու երեխաների նկատմամբ ծնողների կողմից կիրառվող հոգեբանական եւ ֆիզիկական բռնությունների մակարդակը: Վիետնամում, Եմենում, Եգիպտոսում, Կամերունում, Սիերա Լիոնեում, Տոգոյում, Գանայում, Ուկրաինայում, Ալբանիայում, Վրաստանում եւ եւս 20 երկրներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2-4 տարեկան երեխաների 86%-ը ենթարկվում է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության: Օրինակ՝ Եմենում երեխաների մոտ 80%-ը ենթարկվում է եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեբանական բռնության, Վիետնամում՝ շուրջ 60%-ը, Ուկրաինայում՝ 35%-ը, Վրաստանում՝ 40%-ը: Ավելին, օրինակ՝ Եմենում, Վիետնամում բռնությունների ենթարկվող երեխաների 90%-ը աղջիկներ են:
 Ըստ բրիտանական ընկերության կատարած ուսումնասիրությունների՝ ավելի զարմանալի է իրավիճակը եվրոպական երկրներում, որտեղ դեմոկրատիայի, մարդու իրավունքների պաշտպանությունը՝ վերոնշյալ երկրների համեմատությամբ, ավելի բարձր մակարդակի վրա է: Վերջին տարիների ընթացքում, օրինակ՝ Շվեդիայի, Գերմանիայի, Հոլանդիայի եւ այլ եվրոպական երկրների ծնողների 58%-ը իր երեխաների նկատմամբ կիրառել է թեթեւ ֆիզիկական բռնություն, իսկ նրանց 71%-ը ֆիզիկական բռնություն է կիրառել երեխաների մանկության ընթացքում: Հայաստանում նման ուսումնասիրություն դեռ չի կատարվել, սակայն «Առավոտի» փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ ծնողների մեծամասնությունը հակված չէ կիրառել ֆիզիկական բռնություն իր երեխայի նկատմամբ, սակայն կային նաեւ հակառակ կարծիք արտահայտողներ: Օրինակ՝ 8-ամյա Արմենի հայր Վաչիկը նշեց. «Առանց ապտակի մեծացած տղան տղա չի դառնում»: Իսկ 5-ամյա Հրայրի մայրիկն ասաց. «Ախր երբեմն չեմ կարողանում ինձ զսպել եւ մի ապտակ եմ տալիս: Հիմա երեխաները շատ անկառավարելի են դարձել, այլ կերպ հնարավոր չէ նրանց ենթարկեցնել»:
«Առավոտը» երեխայի դաստիարակության մասին զրուցեց ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Գարգրցյանի հետ: Նա նախ խորհուրդ տվեց տարբերակել պատիժ հասկացությունը. «Պատիժ հաճախ հասկանում ենք ծեծը, հարվածների միջոցով երեխային որեւէ արարքի համար պատժելը: Բայց պատիժ հասկացությունն ինքնին ընդունելի է անգամ հոգեբանական որոշ դպրոցներում: Օրինակ՝ վարքաբանական դպրոցը հիմնված է խրախուսանքի եւ պատժի վրա: Այս պարագայում պատիժ նշանակում է որեւէ արարք՝ հավանության չարժանացնելը: Այսինքն, երբ երեխան դրսեւորում է ոչ ցանկալի վարք, ապա կամ դեմքի արտահայտության, կամ խոսքերով արտահայտում ենք դա»: Լ. Գարգրցյանը ծնողներին խորհուրդ է տալիս նաեւ ճիշտ պատժել երեխաներին. «Պատժի ընդունելի ձեւ է սիրելի զբաղմունքից զրկելը. օրինակ՝ մեկ ժամով թույլ չտալ հեռուստացույց դիտել կամ համակարգչի մոտ նստել: Սակայն պատիժը չպիտի լինի նյութական, այսինքն՝ ծնողը չպետք է ասի կզրկեմ այսինչ բանից, կամ չպատժել երեխաներին՝ զրկելով արդեն տրված նվերներից, կամ ասելով՝ ես քեզ այլեւս չեմ սիրի: Դա համարյա հավասարազոր է ֆիզիկական պատժի: Փոխարենը՝ հոգեբանները խորհուրդ են տալիս գնահատել ոչ թե երեխային, այլ արարքը: Պետք չէ երեխային ասել՝ դու վատն ես, այլ պետք է ասել՝ դու վատ ես վարվել կամ այս բանը վատ ես արել եւ այլն: Դու վատն ես ասելով՝ ծնողը գցում է երեխայի ինքնագնահատականը»:
Ըստ հոգեբանի՝ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարբերաբար ֆիզիկական բռնության ենթարկվող երեխաները ունենում են որոշակի հոգեբանական խնդիրներ. «Մի մասը կարող է ագրեսիվ, չշփվող դառնալ, մյուսները կարող են հետագայի համար հանցավոր վարքի նախադրյալներ, վախեր ունենալ, երբեմն կարող են նեւրոտիկ բնույթի խնդիրներ առաջանալ: Այդպիսի խնդիրներից խուսափելու համար ճիշտ է՝ երեխայի հետ խոսել, թե ինչու դուք բարկացաք, ինչու ձեզ այդ կերպ պահեցիք, քանի որ երեխան հաճախ չի էլ հասկանում, թե ինչու նման կերպ ձեզ պահեցիք: Հաճախ ծնողները երեխայի միայն վատ արարքներն են նկատում, երբ նրանց հարցնում ենք՝ ե՞րբ եք ամենահաճախ ձեր երեխայի անունը տալիս, նրանց մեծամասնությունը պատասխանում է՝ նրան նկատողություն անելիս: Դա ամրապնդում է երեխայի բացասական վարքը, այսինքն՝ երեխան հատուկ բացասական բաներ է անում ծնողի ուշադրությունը գրավելու համար: Այնինչ, եթե ծնողն ավելի շատ ընդգծի երեխայի դրական վարքը, ապա երեխան կձգտի դրական արարքներով ծնողի ուշադրությունը գրավել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել