Ջիբրալթարում շարունակվում է շախմատի «Tradewise Gibraltar Chess Festival» միջազգային ներկայացուցչական փառատոնը, որի երրորդ տուրում հայ մարզասերին ավելի շատ հետաքրքրում էր Միացյալ Նահանգների մարզական դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանի եւ շախմատի գործող լեգենդ Վիկտոր Կորչնոյի (Շվեյցարիա) դիմակայությունը: Չնայած պատկառելի տարիքին, 80-ամյա վետերան շախմատիստը խաղաց երիտասարդական ավյունով ու ոչ-ոքի արեց տարիքով իրեն շատ զիջող մրցակցի հետ: Երեք տուրից հետո նույնքան հաղթանակ տոնել են միայն Շորթը, Սինգուփտան, Կոսինցեւան եւ Չմիլիտեն: Հատկանշական է, որ վերջին երկուսը ներկայացնում են գեղեցիկ սեռը: Քսան շախմատիստներ վաստակել են 2,5 միավոր: Նրանց թվում են Վարուժան Հակոբյանը եւ Վիկտոր Կորչնոյը:
Երեկ չորրորդ տուրում Վարուժանը սպիտակներով խաղում էր նույնպես ամերիկացի Իրինա Կրուշի հետ: