Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունը: Սակայն վերջին տուրից առաջ նորընծա չեմպիոնի անունը դեռ հայտնի չէր, չնայած միանձնյա առաջատար, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հերթական հաղթանակը տարավ՝ հաղթելով Արա Մինասյանին: Ճիշտ է, նա 7,5 միավորով պահպանեց առաջին տեղը մրցաշարային աղյուսակում, սակայն իր անվան դիմաց նույնպես մեկ միավոր գրանցած Զավեն Անդրիասյանը թեեւ մեկ միավոր պակաս ունի, սակայն կարող է միջամտել չեմպիոնին որոշելու պայքարին: Ինչպես երեկ տեղեկացրին շախմատի ֆեդերացիայում, եզրափակիչ տուրից հետո այս շախմատիստների միջեւ հավասար միավորների առկայության դեպքում չեմպիոնը կորոշվի լրացուցիչ գործակիցների հաշվարկով միայն:
Արդյունքի տեսանկյունից շարունակում է միջակ խաղ ցուցադրել Հայաստանի, արդեն կարելի է ասել, նախկին չեմպիոն Ավետիք Գրիգորյանը: Նրա մրցելույթին գնահատական տալ չենք կարող, որովհետեւ մասնագետ չենք, բայց որ Ավետիքի պայքարում այս անգամ չկար ակնկալվող չեմպիոնական «չարությունը», կարծում ենք՝ ակնհայտ էր: Հենց այդ պատճառով էլ նա եզրափակիչ տուրում կարող է լավագույն դեպքում երրորդ տեղի համար պայքարել նույնպես 6,0-ական միավոր վաստակած Արման Փաշիկյանի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի հետ:
Եզրափակիչ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.
1. Ռոբերտ Հովհաննիսյան 7,5
2. Զավեն Անդրիասյան 6,5
3. Ավետիք Գրիգորյան 6,0
4. Սամվել Տեր-Սահակյան 6,0
5. Արման Փաշիկյան 6,0
6. Տիգրան Պետրոսյան 6,0
7. Հրանտ Մելքումյան 5,0
8. Արտաշես Մինասյան 4,5
9. Արա Մինասյան 4,0
10. Դավիթ Պետրոսյան 3,0
11. Տիգրան Քոթանջյան 3,0
12. Աշոտ Անաստասյան 2,5