Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղում բնակվող Պետրոսյանների ընտանիքին պատկանող քարաշեն պատերով, հողածածկ, ծղոտի եւ հարդի շերտով, փայտյա ծածկով 3 սենյականոց կառույցը այրվել է հունվարի 9-ի առավոտյան ժամի 5-ին: Մարզային հրդեհային տեսչության կազմած հանձնաժողովը պարզել է, որ տան վառարանը դռան մուտքից տեղադրված է եղել 3 մետր հեռավորության վրա, պահպանված չեն եղել անվտանգության բոլոր կանոնները, իսկ հրդեհի օջախ է հանդիսացել ծխատար խողովակը: Պատահարի մասին ուշացումով ահազանգելու արդյունքում հրշեջ ջոկատը տեղ է հասել 8 անց 31 րոպեին, կանչվել է նաեւ մարտական երկրորդ հաշվարկը, եւ հրդեհը մեկուսացվել է 8 անց 55-ին, իսկ վերջնական մարվել է ժամը 15-ին: Կրակի դեմ պայքարել են նաեւ տուժածի համագյուղացիները: Սակայն չի հաջողվել փրկել 1952 թվականին ծնված, երկրորդ կարգի հաշմանդամ Արամ Գրիգորի Պետրոսյանին: Տան մյուս բնակիչները ողջ-առողջ են:
Հրդեհի հետեւանքով Պետրոսյանների ընտանիքին հասցվել է 4,3 միլիոն դրամի նյութական վնաս. այրվել ու մոխրացել է բնակարանն ամբողջությամբ, չեն պահպանվել անգամ տուժածների փաստաթղթերը:
Հրդեհից տուժած Սիլվա եւ Գրիգոր Պետրոսյաններն այժմ ապրում են հարեւան գյուղում՝ իրենց բարեկամների տանը: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի, Արփունքի գյուղապետարանը եւ գյուղացիները մտադիր են ժամանակավոր բնակության համար շինանյութ հայթայթել եւ վերակառուցել Պետրոսյանների բակում գտնվող հացատունը: