Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենագործազուրկ մարզը Սյունիքն է

Հունվար 29,2011 00:00

Անցած տարի Հայաստանի հարավային մարզում՝ Սյունիքում գործազրկության մակարդակը 10,1% էր, որը 3,2%-ով ավելի էր հանրապետության միջինից (9,6%): Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2011թ. հունվարի 1-ի տվյալներով, գրանցված գործազուրկների թիվը Սյունիքում 5371 է: Մարզի 4 տարածաշրջաններից ամենաշատ գործազուրկները Գորիսում են գրանցվել՝ 1993 բնակիչ: Հաջորդը՝ Կապանի տարածաշրջանն է՝ 1917, Սիսիանում՝ 1000, իսկ Մեղրու տարածաշրջանում 461 բնակիչ գործազուրկի կարգավիճակ ունի: Գործազուրկ 5371 քաղաքացիներից 808-ը նպաստառու է: Զբաղվածության Կապանի մարզային կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը տեղեկացրեց, որ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ մարզում աշխատանք է փնտրում 7221 սյունեցի, որոնցից 5558-ը՝ չզբաղված քաղաքացիներ են: Աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացիներից 2021-ը Գորիսի տարածաշրջանում է, 2046-ը՝ Կապանում, 467-ը՝ Մեղրիում եւ 1024 աշխատանք փնտրող չզբաղված քաղաքացի էլ Սիսիանում է գրանցված: «2009թ. համեմատությամբ անցած տարի մարզում աշխատանք փնտրողների թիվը նվազել է 1357-ով, գործազուրկներինը՝ 1318-ով, նպաստ ստացողներինը՝ 516-ով: 2010թ. ընթացքում կենտրոնը գործազուրկների համար իրականացրել է մի շարք ծրագրեր: «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» կառավարության ծրագրով 917 աշխատանք փնտրող քաղաքացիներ ապահովվել են ժամանակավոր աշխատանքով: «Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրացման համար ֆինանսական աջակցություն» ծրագրին մասնակցել է 11 գործազուրկ, այդ թվում՝ հաշմանդամներ: Մահացած 9 գործազուրկի ընտանիքի տրամադրվել է թաղման նպաստ: «Աշխատաշուկայում խոցելի խմբերին աշխատանքի ընդունվելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում» ծրագրով աշխատանքի է ընդունվել 16 քաղաքացի, որից 7-ը՝ Կապան քաղաքում»,- տեղեկացնում է Ռուբեն Պողոսյանը:
Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ աշխատանք գտած մի շարք գործազուրկներ զբաղվածության կենտրոններին չեն տեղեկացրել, որ աշխատում են եւ շարունակել են նպաստ ստանալ: Աշխատանք գտած նախկին նպաստառուներից ետգանձման է ենթակա 3,152 միլիոն դրամ: Զբաղվածության մարզային կենտրոնը արդեն ետ է գանձել 2,328 միլիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել