Հույսները դրել են գարնանացանի վրա
Տավուշի մարզում աշնանացանից գյուղացիները վաղուց հույսները կտրել են: Մի կողմից անբարենպաստ եղանակը, մյուս կողմից էլ կրծողները գյուղացու աշխատանքը ջուրն են գցել: «Տարին անհաջող էր աշնանացանի համար: Սեպտեմբեր, հոկտեմբերին պետք է ցանքերը վարեինք, բայց անձրեւներ սկսեցին: Հետո հաջորդեց չոր ու արեւոտ եղանակը, իսկ հացահատիկի փոշոտման շրջանում անձրեւները նորից սկսեցին: Եղանակից գլուխ չենք հանում: Դեկտեմբերին էլ, հունվարի սկզբներին էլ մեր մարզում գյուղացին աշնանացան է արել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը: Նրա խոսքով, մարզի ցածրադիր գոտում գտնվող բնակավայրերում վիճակն ավելի անհուսալի է. «Եղանակը չորային է, աշնանացանից հույսեր չունենք: Մի քիչ ավելի լավ վիճակ է բարձրադիր գոտում, այնտեղ աշնանացանն արդեն կանաչել է, բայց մկների հարձակման տակ է»: Պարոն Մելիքջանյանի խոսքով, հիմա մարզում միահամուռ պայքար է սկսվել մկների դեմ: Գործի են դրել գյուղնախարարությունից ստացած թունաքիմիկատները: Մարզպետարանի ներկայացուցչի խոսքով, առանց այն էլ վերջին տարիներին աշնանացանի ցանքերը կտրուկ նվազել էին: 8-10 հազար հեկտար աշնանացանի փոխարեն գյուղացին 5-6 հազար հեկտարի վրա է աշնանացան անում: Ձմեռային երաշտն էլ, երբ ձնածածկ չկա եւ կա ցրտահարության վտանգ, իր հերթին է սպառնում աշնանացանին: Տավուշում, սակայն, հույսները չեն կորցրել:
«Պլանավորել ենք՝ աշնանացանի պակասը գարնանը լրացնենք՝ գարով: Նախատեսել ենք մոտ 7-8 հարյուր հեկտարով ավելացնել ընդեղենի ցանքատարածությունները: Ոչինչ, որ տարին սկսվել է չորային եղանակով: Այս տարի մեծ ակնկալիքներ ունենք գարնանացանից, հույս ունենք, որ մեր բերքի գոնե 70%-ը կստանանք»,- ասաց պարոն Մելիքջանյանը: Մարզում ոգեւորվել են նաեւ գյուղնախարարի խոստումներից: Պարոն Մելիքջանյանի խոսքով. «Մեծ-մեծ խոստումներ է տալիս, հույսներս նրա հետ ենք կապում»:
Օդերեւութաբանների կանխատեսումներն էլ հույս են տվել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: «Մեծ կորուստներ չենք ունենա, առաջիկայում ձյուն է կանխատեսվում: Ժամանակին ստացել ենք թունաքիմիկատներ ու օգտագործել, ներկայումս մկների հետ կապված խնդիրներ չունենք»,- «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց մարզպետը:
Այս տարի ցորենի ու գարու երես չեն տեսնի նաեւ Լոռու մարզում:
«Չեմ ուզում վատատես լինել, բայց եթե տեղումներ չունենանք՝ աշնանացանը հնարավոր է ամբողջովին ոչնչանա ու գարնանը ստիպված լինենք դաշտերի մեծ մասը նորից ցանել»,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի բնապահպանության ու գյուղվարչության պետի պաշտոնակատար Վազգեն Օհանյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա համեմատությամբ Լոռիում էլ մի քանի հարյուր հեկտարով նվազել է աշնանացանի ցանքը. «Սերմ չունենալու պատճառով է նվազել, մի քիչ մեզ օգնեց Ռուսաստանից ներկրված էլիտա սերմացուն»: Մկներն ու այլ կրծողներ շատ ակտիվ են նաեւ այս մարզում: Ըստ գյուղվարչության պետի պաշտոնակատարի. «Դաշտում էլ բան չմնաց ուտելու, հարձակվել են ցորենի վրա: Որոշ չափով պայքարել ենք դրանց դեմ, բայց հակված չեմ կարծելու, թե մկներն աշնանացանին ավելի շատ վնաս տվեցին, քան անբարենպաստ եղանակը»: Գյուղացիներից ոչ պակաս մտահոգված է նաեւ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը: Նրա խոսքով, ավելի քան 6000 հեկտար աշնանացանը այսօր մեծ վտանգի տակ է. «Որոշ գյուղացիներ աշնանացանը խոնավ եղանակի ժամանակ ցանեցին, ծլեց, բայց վտանգվեց ձյան բացակայության պատճառով, իսկ նրանք, ովքեր ուշ ցանեցին, այս պարագայում էլ խոնավության բացակայության պատճառով չծլեց: Այսինքն՝ ծլածն էլ, չծլածն էլ վտանգվեց: Այսպես որ շարունակվի՝ հնարավոր է նորից ունենանք գյուղատնտեսական վատ տարի»: Ի տարբերություն եղանակի, կրծողները մարզպետին չեն մտահոգում. «Այս պահին անհանգստացնող տեղեկություններ համայնքներից չենք ստացել»:
«Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ վստահեցրեց. «Հուրախություն մեզ՝ մեր մարզում աշնանացանն այս պահին էլ ձյան շերտով ծածկված է, ոնց որ թե գյուղացու ցանածն ամբողջությամբ փրկվեց: Ուրիշ հարց է, որ քիչ են ցանել, բայց ցանածը չվնասվեց ոչ մկներից, ոչ եղանակից: Տեսնենք, թե ինչ կլինի հետո: Անցած տարի էլ մինչեւ մայիս խոնավությունը պահեց, հետո երաշտը բերքն ամբողջությամբ փչացրեց»: