Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ

Հունվար 29,2011 00:00

Խնդիրը նաեւ մեր մեջ է

\"\"

Արցախցիներիս համար այսօր չկա առավել կարեւոր ու հրատապ խնդիր, քան ԼՂՀ ճանաչումը, եւ դրանով են պայմանավորված մեզանից յուրաքանչյուրի ճակատագիրը, ներկան, վաղն ու ապագան: Պարզից էլ պարզ է, արցախյան հիմնախնդրի լուծումը՝ Ադրբեջանի ռազմաշունչ հոխորտանքների պայմաններում, մեզ պիտի ավելի հստակ ու վճռական գործողությունների մղի, միավորի, որ մեր ուժերն ու ջանքերը կենտրոնացնենք, մի բռունցք դարձած՝ պայքարենք նպատակների իրականացման համար: Նման իրավիճակում, հասկանալի է, առանձին կարեւորություն եւ նշանակություն է ձեռք բերում ԼՂՀ կողմից իրականացվող ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Սակայն պարզվում է, որ վերոնշյալ պրոբլեմներն այնքան էլ չեն հուզում այդ գործի համար պատասխանատու չինովնիկներին եւ գործիչներին: Արդյո՞ք նման վերաբերմունքը նաեւ այսօրվա ԼՂՀ Ազգային ժողովի մոտեցումը չէ, որը կարծես թե զբաղված է ամեն ինչով, բացի իր հիմնական գործառույթներից: Իհարկե, խոսքը ամենեւին էլ չի վերաբերում այն ազնիվ ու նվիրյալ անհատներին, որոնք, ուզած-չուզած, նույնպես տուժում են ոչ գործիմաց գործընկերների վարքագծից: Բնականաբար, իրենց գործի նրբություններին չտիրապետող «գործիչների» վարած քաղաքականությունից իսպառ բացակայում են տարրական էթիկայի նորմերը, արտաքին քաղաքական գործառույթները նույնացվում են «բանասեր-քաղաքագետների», քաղաքական մեկնաբանների ճարպիկ ու «խելացի» բառախաղերի կամ, մերթընդմերթ, միջազգային այս կամ այն կազմակերպությանն ուշացումով հղված «դարակազմիկ» նամակների հետ: Անսկզբունքայնությունն ու հիմնական պարտականությունների կատարման մեջ դրսեւորվող մասնագիտական չիմացությունները ստեղծում են գործելակերպի քաոսային վիճակ: Սա առաջին հերթին բացատրվում է այն մարդկանց (ղեկավարների) ոչ վերջնականորեն ճշգրտված քայլերով, ովքեր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համամասնական ցուցակներում ընդգրկում են թեեւ թիմակից, սակայն, ի վերջո, անսկզբունք եւ անդեմ մարդկանց: Վերջիններս պատվիրված պահին խոսում են, պատվիրված պահին՝ լռում, սեւը ներկայացնում որպես սպիտակ ու՝ հակառակը: Արդյունքում տուժում են մեր պետությունն ու ժողովուրդը: Արդյո՞ք ոչ իրենց տեղում գտնվող պաշտոնյաների վերաբերմունքից ու ստեղծած բարոյահոգեբանական մթնոլորտից չէ, որ արցախցի ոչ քիչ թվով մասնագետներ, անգամ՝ պատերազմի ծանր բովով անցած տղաներ, այսօր Արցախից դուրս են գտնվում:
Իրենց հիմնական անելիքները չճանաչող, հասարակության աչքում իրենց սպառած, մաշած չինովնիկները, որոնց թիվը մեր փոքր Արցախում, ցավոք, փոքր չէ, երկիրը, անկասկած, կարող են ետ գլորել: Ուղղակի անթույլատրելի է ինքնուսությունը քաղաքականության մեջ, առավել եւս՝ Արցախի նման նորաստեղծ պետության դեռեւս չլուծված հիմնախնդրի առկայության պայմաններում:
Այսպես, բանակցություններին ԼՂՀ-ի չմասնակցելու մեղավորությունը վերագրվում է միայն ու միայն արտաքին թշնամիներին: Բայց ինչպե՞ս եղավ, որ բազում զրկանքներով հաղթանակած եւ ագրեսորին զինադադար պարտադրած հերոս արցախցու այսօրվա մասնակցությունը բանակցություններին կախման մեջ մտավ Ադրբեջանի քմահաճույքից: Իսկ իրականում ոչ թե միայն Ադրբեջանի, այլ նաեւ մեր գործիչների պատճառով է, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցային գործընթացին, որ մեր արտաքին քաղաքականությունն իջել է, ընդհուպ՝ մինչեւ զրո, եւ բավարարվում է սոսկ հեռուստամարաթոններով կամ այլ տարատեսակ դրամահավաքներով, որոնք, ցավոք, միշտ չէ, որ արդյունավետ են ծառայում ժողովրդի շահերին: Միջազգային հայտնի կազմակերպության (Freedom House) կողմից ԼՂՀ-ին, անցյալ տարվա տվյալներով, տրված «ոչ ազատ տարածք» գնահատականը՝ նախորդ տարվա «մասամբ ազատ»-ի փոխարեն, խիստ անհանգստացնող է: Անկախ նրանից, մենք համաձայն ենք դրա հետ, թե ոչ, սա պետք է մեզ խորհելու տեղիք տա: Մենք իրավունք չունենք արյամբ ձեռք բերված մեր ազատությունն ու անկախությունը ձեռքից տալ, իսկ երբ պետական գործունեության մեջ մեծ դերակատարություն ստանձնած, առաջատար մասնագետն իր տեղում չէ՝ նա ազատ չէ, առավել եւս՝ ազատ չեն նրա ղեկավարած ոլորտն ու շրջապատը: Մեծ հաշվով՝ հասարակությունն ու ժողովուրդը: Իսկ ո՞ւր են մեր երիտասարդ պրոֆեսիոնալ քաղաքագետները, միջազգայնագետները, համապատասխան մասնագետները: Ինչո՞ւ է նրանց համար արհեստականորեն ստեղծվել «խաղից դուրս» վիճակ:
Ոչ պրոֆեսիոնալ ոճով աշխատող, ինքնուս քաղաքագետների շնորհիվ ամայացող մեր արտաքին քաղաքականության դաշտի ներկա վիճակը մի՞թե չեն տեսնում ոլորտի իրավասուները, ԼՂՀ ղեկավարությունը: Չէ՞ որ մեր գործունեության մեջ ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել Արցախի համար, մանավանդ՝ արտաքին հարաբերությունների բնագավառում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել