Մասն երրորդ, 1990 թվական
Չարագուշակ ու դառնաղետ իրադարձությունների մի շրջան, երբ Արցախում, ԽՍՀՄ ԳԽ 1989թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ, Արկադի Վոլսկու Հատուկ կառավարման կոմիտեին փոխարինեց Վլադիմիր Ֆոտեեւի Վերահսկիչ կոմիտեն: Արցախի պետական կառավարումն ու միլիցիան ամբողջովին հանձնվեց Ադրբեջանի ենթակայությանը: Ադրբեջանի ձեռքերն ազատվել էին ու տարին սկսվեց ԽՍՀՄ-իրանական սահմանի Նախիջեւանի հատվածի ավերումով: Դեկտեմբերի 31-ի գիշերը, լույս 1-ի առավոտյան, ավելի քան 137 կմ սահմանային հատված քանդվեց ու հրկիզվեց, ավերվեցին ինժեներատեխնիկական կառուցվածքները, ազդանշանման ու կապի գծերը, աշտարակներն ու սահմանային նշանները: Որտեղով էլ զենքի մեծ քանակություն մուտք գործեց Նախիջեւան: Շարունակվում էին Շահումյանի ու Գետաշենի ենթաշրջանի գյուղերի ահաբեկումն ու թալանը: Կամո եւ Ազատ գյուղերը կործանման եզրին էին: Խորհրդային զորքն ու նրան միացած Ադրբեջանի միլիցիան իրականացնում էին մարդկանց ու անասունների առեւտուր՝ ադրբեջանական կողմից ստացած մեծ փողերի դիմաց: Վերահսկիչ կոմիտեի նախագահ Վլադիմիր Ֆոտեեւը հիմնականում Մոսկվայում էր ապրում, իսկ Արցախում լինելու հազվադեպ օրերին՝ փալաս դառնալու աստիճան մշտապես հարբած էր լինում: Ղարաբաղի թթի օղու հանդեպ թուլություն ուներ ու չէր թաքցնում: Լակած, հալից ընկած մի երկու անգամ էլ ինձ է զանգել՝ չվերահսկելով խոսքն ու զրույցը: Մեզ հանդիպելիս հայհոյում էր թուրքերին, զղջում, խոստանում էր շտկել վիճակը, սակայն նրանցից ստացած մեծ կաշառքներն անում էին իրենց սեւ գործը: Կենտրոնի այս հանցավոր թողտվությունից ոգեւորված, հունվարի 10-ին Բաքվում, Գանձակում եւ այլ բնակավայրերում սկսվեցին համատարած ջարդերն ու տեղահանությունը: Հունվարի 13-20-ը Ադրբեջանից Հայաստան գաղթեցին ավելի քան 240 հազար հայեր: Եվ երբ խորհրդային իշխանության տապալումը սպառնաց Բաքվին, ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը որոշում ընդունեց հատուկ դրություն մտցնել Բաքվում: Հունվարի 15-ին զորքը մտավ Բաքու, ոչնչացրեց զինված բանդաներն ու վերականգնեց խորհրդային իշխանությունը, ապահովեց փախստականների անցումը Հայաստան: Գործողությունը ղեկավարում էր անձամբ ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը:
Հարգելի ընթերցող, մարտի 1-5-ը ԽՍՀՄ ԳԽ-ում եւ, առհասարակ, Արցախի հարցով Կրեմլում տեղի ունեցած բոլոր փակ քննարկումները անխտիր ձայնագրված են ու իր ժամանակին կհանձնվեն ազգային արխիվին: Դրանք պատմական մեծ արժեք են ներկայացնում արցախյան հարցի, այս դեպքում՝ Բաքվի ջարդերին ականատես, ԽՍՀՄ պաշտոնատար անձանց եւ ադրբեջանցի պատգամավորների ելույթներում տեղ գտած հազվագյուտ փաստերի իմաստով եւ բնագրի արժեք ունեն: Դրանք լույս են սփռում Բաքվում, Սումգայիթում ու Գանձակում հայերի հանդեպ կատարված ցեղասպանության, ԽՍՀՄ-ում տիրող անկառավարելի վիճակի, Միխայիլ Գորբաչովի անկամ գործելակերպի վրա, ով՝ չկանխելով երկրում օր օրի գլուխ բարձրացրած բռնություններն ու թալանը, փլուզեց հսկա կայսրությունը:
1 մարտի, 1990թ., Մոսկվա
Ադրբեջանի պատգամավորները ԽՍՀՄ ԳԽ 3-րդ նստաշրջանին ներկայացել են սգո հանդերձանքով, ի նշան Բաքվում կատարված դեպքերի: Ու պահանջում են, որ ԳԽ նստաշրջանը ներողություն խնդրի, դատապարտի զորքերի մուտքը Բաքու: Սպանված դահիճներին հռչակելով ազգի հետմահու հերոսներ, սուգ են պահում. կանայք սեւ գլխաշորերով են, տղամարդիկ սեւ ժապավեն են կապել թեւերին՝ պատգամավորական տարբերանշանի փոխարեն: Հյուրանոցն ու դուրսը վխտում են թուրքերով: Այսօր հրավիրված է փակ նիստ, քննարկվելու է իրադրությունը ԼՂ-ում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային շրջաններում: Իրականում խոսքը գնալու է Բաքվի ջարդերի ու Բաքու մտած խորհրդային բանակի գործողությունների մասին: Լրագրողների մուտքը Կրեմլի տարածք անգամ՝ արգելված է: Երկաթյա ճաղաշարերն ու ոստիկանները դեռ շատ հեռվից, ամենուր փակել են Կրեմլ տանող բոլոր ուղիները: Նիստի կուլիսային մանրամասներին ծանոթանում եմ երեկոյան, Հրանտ Ոսկանյանի մոտ տեղի ունեցած բուռն քննարկումից: Գոհար Ենոքյանն էլ թաքուն ձայնագրել է ողջ ելույթները ու թերթի հնարավորության սահմանում, թարգմանաբար որոշ հատվածներ եմ մեջբերում:
Ռուստամ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎ. ռեժիսոր, Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ.- «Ինչքան էլ պատահածի մեղքը բարդում են Հայաստանից գաղթած բազմահազար փախստականների վրա, որոնք հայտնվել են Բաքվում՝ անտուն ու անօթեւան, փաստը մնում է փաստ, որ երկրի ամենաինտերնացիոնալ հանրապետությունում, 20-րդ դարում կատարվել է հրեշավոր հանցագործություն: Ու ոչ մի արդարացում չկա թե նրանց, ովքեր կատարել են ոճրագործությունները, եւ թե նրանց, ովքեր չեն կարողացել կանխել այն: Բայց ամենաահավորն այն էր, որ երկու օր շարունակվող չարագործություններին հանգիստ ու անտարբեր հետեւում էր պետությունը: Բնակիչները փորձում էին փրկել հարեւաններին, Ազգային ճակատը կազմակերպել էր տարհանումը: Անգործության էր մատնված միայն միլիցիան, ԽՍՀՄ ՆԳ բանակը. կոտորածների օրերին 11 հազար զինվոր կար Բաքվում: Ո՞վ եւ ինչո՞ւ հրամայեց բանակին չմիջամտել: Ոչ թե հանցագործների հանդեպ հումանիտար վերաբերմունքի ըմբռնումից ելնելով: Եվ ոչ էլ ուժերի անբավարար քանակից: Մեկ գումարտակը բավական էր, որ Բաքվում հաստատվեր կարգուկանոն, եթե զինվորներին թույլ տային կրակել: Ես հարց եմ տալիս՝ միգուցե բավակա՞ն է: Եվ պատասխանը թողնում եմ Գերագույն խորհրդին»:
Վլադիմիր ԿՐՅՈՒՉԿՈՎ. ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի նախագահ.- «Բաքվում հունվարյան դեպքերի պատճառը ԼՂ-ը Հայաստանին միավորելու ՀԽՍՀ ԳԽ հակասահմանադրական որոշումն էր, որը Ադրբեջանում ընդունվեց որպես պատերազմի հայտարարություն: Ադրբեջանի ժողճակատի ծայրահեղական թեւը, որն իր ձեռքն էր վերցրել իրադրությունը, կարծես դրան էր սպասում: Սկզբում նրանք ավերեցին խորհրդա-իրանական սահմանը: Բանը հասավ այնտեղ, որ սահմանապահ ուղեկալին դիմել էր մի քանի ադրբեջանցի, խնդրելով թույլ տալ ավերել եւս գոնե մի երկու հարյուր մետր սահմանային կառուցվածքներ, որպեսզի անարգել զեկուցեն Ազգային ճակատի լիդերներին: Տարվա սկզբում իշխանությունը Ազգային ճակատի ձեռքում էր Լենքորանում, Ջալալաբադում, Նախիջեւանում: Ամենաթողության պայմաններում տեղի ունեցած միտինգում Ազգային ճակատի լիդերներ Փանախովը եւ Մամեդովը երբ կոչ արեցին պատերազմ սկսել Հայաստանի դեմ, քաղաքում սկսեցին սպանել ու թալանել հայերին: Այս բոլորն ուղեկցվում էր ավազակային հարձակումներով, թալանով, ծերերի, երեխաների ու կանանց հանդեպ գազանաբարո արարքներով: Մարդկանց պատուհաններից ցած էին նետում, այրում տներով հանդերձ, տասնյակների հասնող զոհերին գումարվեցին իրենց ունեցվածքը, աշխատանքն ու ընկերներին կորցրած տասնյակ հազար փախստականներ: Հունվարի 19-ին Ազգային ճակատի լիդերները կոչ արեցին գրավել հեռուստատեսությունն ու ռադիոն: Փողոցներում սկսեցին բարիկադներ կառուցել, օգտագործելով պետական տրանսպորտային միջոցները: Բռնությունների հետագա ծավալումը կանխելու միակ հնարավոր միջոցը ռազմական դրություն մտցնելն էր: Ադրբեջանի իշխանությունները դեռ պիտի գտնեն ու պատժեն Գյանջայի հաշմանդամների տան 11 տարեց կանանց՝ Քուռ գետի ափին գնդակահարելու հրաման տվողին: Նստեցրել էին ավտոբուս, տարել ու անխղճորեն գնդակահարել (խոսքը տարեց ու հաշմանդամ հայ կանանց մասին է, որոնց բռնաբարել էին, ապա սպանել: Շ.Ղ.): Երեք մարդ է ձերբակալվել, ովքեր կատարել են հրամանը: Դա տեղի է ունեցել հունվարի 24-ին, զորք մտցնելուց հետո: Մենք գտանք թարմ շիրիմներ թե զորք մտցնելուց առաջ, թե ընթացքում եւ թե հետո»:
Վադիմ ԲԱԿԱՏԻՆ. ԽՍՀՄ ՆԳ նախարար.- «Ադրբեջանում տիրապետող անօրինությունների համար պետք է պատասխան տա այդ երկրի կառավարությունը: Բայց ինչպես երեւում է այս քննարկումից, Ադրբեջանի ղեկավարությունը մեղավորներին փնտրում է ոչ թե իր տանը, այլ դրսում: Մեղադրում են բանակին, պաշտպանության նախարարին: Բայց եթե չլիներ բանակը, ավելի շատ արյուն կթափվեր եւ անկարգությունները կշարունակվեին: Ես կարծում եմ՝ այս ամբողջ դժբախտության պատճառը հենց սկզբից Ղարաբաղի հարցի սադրիչ, հակասահմանադրական ու փակուղային ճանապարհով լուծելու փորձն էր: 313 հանցագործ է բռնել միլիցիան: Վերջերս բացահայտվել է նաեւ Կիրովաբադի ծերանոցի բարբարոսությունը՝ 12 տարեց հաշմանդամ հայերի նկատմամբ: Այդ սպանության կատարողները բռնվել են: Կոտորածները տեղի են ունեցել 13-14-ին: Այդ ամենը շատ լավ կազմակերպված է եղել: Միտինգից հետո 5 հազար մարդ տարբեր հասցեներով գնացել են ծաղրուծանակի ենթարկելու, սպանելու ու թալանելու հայ ազգաբնակչությանը: Այստեղ ասվեց, թե ներքին զորքը եկել էր անզեն: Սա անհիմն է: Զորքն անզեն ոչ մի տեղ չի գնում: Ուրիշ բան է, որ այստեղ զորքի գործողությունները արգելափակվում էին կենդանի պատով. երեխաներ, ծերեր, կանայք օգտագործվում էին որպես կենդանի պատնեշ զորքի դիմաց: Տրանսպորտ չէր աշխատում, իրադրությունն իր ձեռքն էր վերցրել Ազգային ճակատը, իսկ իշխանությունները չէին օգնում: Ասում են, թե Մոսկվան արգելել է ՆԳ զորքին զենք կիրառել: ՆԳ մինիստրությունը չի կարող ոչ հրամայել, ոչ արգելել զենքի կիրառումը: Դա որոշում է տվյալ հրամանատարը՝ իրավիճակից ելնելով: Դժվար է անգործության մեջ մեղադրել միլիցիային, երբ Ադրբեջանի շրջգործկոմների փաստացի որոշմամբ, միլիցիայից վաղօրոք հավաքած զենքերը տրվել է սադրիչներին: Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը այդպես էլ չլուծարեց Ազգային ճակատի գործունեությունը՝ մեր բազմաթիվ հորդորներից հետո անգամ: Մինչդեռ այն արդեն լայնացրել է իր գործունեության շրջանակները. օրինակ՝ շատ լուրջ ակցիա է պատրաստվում Սամարղանդի հայության դեմ: Ինտերֆաքսը մի փոքր շտապելով հաղորդել է, որ այնտեղ արդեն ջարդեր են գնում: Մինչդեռ Ազգային ճակատի ծայրահեղականներն այսքանից հետո չեն դատվում»:
Գորբաչովը միջամտում է եւ ասում, որ եթե Ադրբեջանը չազատվի ծայրահեղականների իշխանությունից, ոչինչ չի դուրս գա. «Ատրճանակի փողի ճնշման տակ փաստաթուղթ են ստիպել ստորագրել Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախագահին՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Մինչդեռ այստեղ լռում են այդ մասին»:
ԲԱԿԱՏԻՆԸ շարունակում է.- «Նրանք չեն լռել, բողոք են գրել, միայն թե Բաքու զորք մտցնելու դեմ: Ինչո՞ւ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը չբողոքեց, երբ Բաքվում ջարդեր էր իրականացվում: Այ, դա չեմ հասկանում»:
Դմիտրի ՅԱԶՈՎ. ԽՍՀՄ պաշտպանության նախարար.- «Ես չէի կամենա գնահատել հայ եւ ադրբեջանցի պատգամավորների ելույթները, բայց փիլիսոփայության մեջ մի այսպիսի հասկացություն կա՝ առաջնային եւ երկրորդական: Ինչ-որ մի բան երկու կողմերի փոխհարաբերության ու գործողությունների մեջ առաջնային է, մի այլ բան էլ՝ երկրորդական, որը եւ վիթխարի ողբերգության վերածվեց: Ադրբեջանի ԳԽ հանձնաժողովի հայտարարության մեջ, այլ փաստաթղթերում, նյութերում ու տեսաֆիլմերում, որոնք տարածվել են պատգամավորների շրջանում, ուշադրությունը սեւեռվում է սոսկ հունվարի 19 – 20-ի իրադարձությունների վրա: Դա արվում է միտումնավոր եւ սոսկ մի նպատակով. որպեսզի Անդրկովկասում տեւականորեն ընթացող դեպքերի մեղքը բարդեն Կենտրոնի, երկրի ղեկավարության, բանակի վրա, պատգամավորներին շեղեն ստույգ իրողությունից: Իսկ եթե ճշմարիտն ասենք, ծայրահեղականների գործողությունները, որպես այդպիսին, համատարած բռնություններ էին: Թե ադրբեջանցիները, թե հայերը երկար ժամանակ զինվում էին: Ես կանգ չեմ առնի մանրամասների վրա, բայց հասկացեք. թալանում էին ոչ թե պարզապես ինչ-որ առանձին փոքր ստորաբաժանումներ, այլ ռազմականացված պահպանությունը, մարզային զինկոմիսարիատները, ՆԳՆ մարմինները: Մեկ անգամ թալանեցին նույնիսկ սահմանապահ ջոկատի պահեստը: Աղդամում հարձակում է իրացվել ռազմալոկացիոն կայանի վրա: Կապկպել են զինվորներին ու ոչ միայն 40 ավտոմատ հափշտակել, այլ շարքից հանել կայանը: Ես էլ չեմ բերի բռնության այլ օրինակներ: Ավերվել է պետական սահմանը: Իրենց հետ զենքեր բերած իրանցիները միայն այդ կերպ կարող էին հայտնվել Պուշկինոյում, Ջալալաբադում: Այդ զենքով նրանք այնտեղ առեւտուր էին անում: Հավանաբար հարկ չկա հանգամանորեն անդրադառնալ Բաքվում զորք մտցնելու բոլոր մանրամասներին, բայց ես կցանկանայի պատասխանել ակադեմիկոս Աբասովին, որն ասաց, թե զորքը մտավ անակնկալ, գիշերով, մթության քողի տակ: Դե դա ի՜նչ անակնկալ էր, երբ Բաքվում մի շաբաթ շարունակ բարիկադներ էին սարքվում. մի դեպքում 200 կմ, մի այլ դեպքում 60 կմ երկարությամբ: Եվ ոչ թե թափոններով, այլ ԿրԱԶ-ներով ու դրանց արանքում պարտադիր կերպով բենզատար մեքենաներ էին կանգնեցրել: Այս ամենը եռակցվել, ամրացվել էր: Պատրաստել էին հրկիզող շշեր եւ այս ամբողջը պահպանվում էր գրոհայինների կողմից: Ամեն մի այսպիսի բարիկադում կամ ուղեկալում 70-700 մարդ էր գտնվում: Մի՞թե դա անակնկալ էր, երբ տաքսամոտորային հավաքակայանի բոլոր միջոցները, որոնք ռադիոկապ ունեին, շրջում էին քաղաքում ու հաղորդում զորքի շարժի մասին: Զինվորականների յուրաքանչյուր քայլը հայտնի էր, հաղորդվում էր Բաքվի բնակիչներին:
Գիշերվա քողի տա՜կ:
Հույս ունեինք, որ նորմալ մարդիկ, առնվազն գոնե երեխաները, գիշերվա 3-4-ը քնած կլինեն: Այդ պատճառով որոշեցինք այդ ժամերին զորքը տեղաբաշխել նշված վայրերում՝ կարգուկանոն հաստատելու նպատակով: Երբ խոսում են տանկերի թրթուրների տակ զոհված հարյուրավոր մարդկանց մասին, այդ ամենը զրպարտություն է: Ամենակրտսեր զոհը առաջին երեք օրերի ընթացքում՝ 14-ամյա մի տղա էր, որը գտնվում էր գրոհայինների շարքում: Ի՜նչ երեխաների մասին է խոսքը: Իսկ 1915 թ. ծնված մի կին, որ մահացել էր սրտի տագնապից, թաղվել է որպես տանկի թրթուրների տակ զոհված մեկը: Յուրաքանչյուր քայլում զրպարտություն ու կեղծիք (ադրբեջանցի պատգամավորները սկսում են թողնել դահլիճը): Ի դեպ, այն ընկերը, որ հեռանում է դահլիճից, Իսմայիլով է ազգանունը, գիշերն ինձ մոտ եկավ Մելնիկովի հետ ու պնդում էր, թե մարտեր են մղվում ուսումնարաններում (կանացի մի ձայն ադրբեջաներեն ռեպլիկ է բաց թողնում): ԳԽ հիշյալ նստաշրջանի ժամանակ, որ նախագահում էր ընկեր Կաֆարովան, 12 դեպուտատներ եկան ու ասացին՝ ուսումնարանում մարտ է գնում: Ես ասացի՝ խնդրեմ, ահա հետեւակի ԲՄՊ, գնացեք, տեսեք: Գնացին՝ ոչինչ չգտան, ոչ մի կռիվ, բացեցին զինամթերքի պահեստը, ման եկան ու էլի ոչ մի բան: Գնացինք ռազմածովային ուսումնարան. ոչ կռիվ կար, ոչ հրաձգություն (դահլիճից կրկին կանացի բղավոցներ են լսվում):
Ափսոս, որ դուրս եկան (դահլիճը լքած ադրբեջանի պատգամավորներին նկատի ունի): Ախր հասնել է պետք, է՜, նման սրբապղծության. թաղել են 49 մարդ, մինչդեռ փորել են 150 գերեզման: Հանուն ինչի՞, ինչու՞: Նրա համար, որ պատասխանատվությունից խուսափեն իրենց ժողովրդի առաջ, մեղքը գցեն Կենտրոնի վրա: Այն, ինչ գրում էին ոչ պաշտոնական կազմակերպությունները եւ փակցնում փողոցներում, ճիշտ նույն բանն ասում էր ընկեր Կաֆարովան իր հայտարարության մեջ, որը դատապարտում է արտակարգ դրության ու զորքի մուտքը Բաքու: Երեկ այստեղ էր ՆԳ սերժանտներից մեկը. երեւի շատերը նրան տեսան: Նրան մի կին է դիմել ու խնդրել, որ սերժանտը ուղեկցի նրան մութ նրբանցքով: Սերժանտը ուղեկցում է նրան ու հենց առաջին իսկ անկյունում նրան խփում են, գիտակցությունը կորցրած սերժանտին քարշ են տալիս տուն, աչքերը կապում, մերկացնում, վզին օղակ գցում ու ի վերջո նետում գերեզմանոց: Սերժանտը կենդանի մնաց, իր մեջ ուժ գտավ, ազատվեց այդ օղակից եւ այսօր մենք նրան ուղարկեցինք Լենինգրադ, մոր մոտ: Իսկ չորս զինվորներ մինչեւ այժմ էլ դեռ չեն գտնվել: Ու եթե ոմանց էլ գտել ենք, ապա որովայնը գնդակներով ծակծկված: Ի դեպ, բոլոր զոհերի դիազննումը ցույց է տվել, որ նրանց կեսը թիկունքից էր գնդակ ստացել: Երբ զորքերը մտնում էին քաղաք, նրանց կրակելու հրաման տրվեց միայն մի դեպքում, երբ կյանքին վտանգ սպառնա: Մի քանի խոսք մասնագիտական մարզվածության մասին: Երբ օդակայանից դուրս էինք գալիս, մի քանի բենզատարներից ու ավտոմեքենաներից կառուցված արգելապատնեշը պաշտպանում էր 70 հոգանոց խումբ: Մեր հետախուզական վաշտը արգելքը վերացրեց 7 րոպեի ընթացքում: Այնպես որ, խոսել մասնագիտական պատրաստականության մասին, թե դեսանտայինները կրակել չեն կարողանում, սուտ է: Գրոհայինները ոչ միայն շրջապատել էին զորանոցները, այլեւ նրա շուրջ գտնվող շենքերի երկրորդ հարկերը, այդ թվում նաեւ մանկական հիվանդանոցն ազատել մարդկանցից: Գիտենալով, որ զորքը չի կրակի մանկական հիվանդանոցի վրա, այնտեղ տեղավորել էին դիպուկահարների, բացի այդ, հզոր լուսարձակներ էին դրել ռազմական ավանը լուսավորելու համար: Զինվորները դեռ ներս չէին մտել, հսկա լուսարձակները միացան ու սկսվեց դաժան հրաձգություն այն զինվորների վրա, որոնք տեխնիկան վարելու համար զորակոչվել էին Ռոստովից ու Կրասնոդարի երկրամասից: Զոհվեց 4 մարդ ու վիրավորվեցին դեսանտայինները: Երբ զինվորական շարասյունը քաղաք մտավ, կրակում էին բոլոր պատուհաններից ու ես կասկածում եմ, թե արդյո՞ք դեսանտայինների կրակոցներից են զոհվել խաղաղ բնակիչները: Որովհետեւ այսուայնկողմից թռչում էին գնդակները, ո՞ր գնդակից է վիրավորվել մարդը, ի՞նչ իմանաս: Թե ռազմական, թե քրեական դատախազությունը ձգտում էին, որ յուրաքանչյուր զոհվածի դիազննության ենթարկեն. ոչ մի դիակ չտվեցին զննման, թե իբր մահմեդական օրենքը թույլ չի տալիս: Ես հանդիպեցի հարգարժան շեյխին: Նա հայտարարեց, թե մենք այնքան դաժան ենք, որ մի ծեր կնոջ վրա միանգամից 73 գնդակ ենք արձակել: Ես ասացի, որ դա չի կարող պատահել: Նա, թե՝ այդպես են ասում: Ես ասում եմ՝ թույլ տվեք զննենք բոլոր դիակները: Նա, թե՝ մահմեդական օրենքով չի կարելի:
Հիմա կցանկանայի խոսել գլխավորի մասին: Կարգուկանոն հաստատելու համար, հարկավոր է, որ զենք կրեն այն անձինք, ովքեր դրա իրավունքն ունեն:
Երկրորդը, ըստ իս, վերջիվերջո պետք է սահմանել այն կարգավիճակը, որը պետք է ունենա Լեռնային Ղարաբաղը:
Երրորդ: Ես կարծում եմ, որ ինչքան էլ դատապարտեն զինված ուժերին, մենք հրաման ենք կատարել: Այդ հրամանը զինվորները կատարել են արժանավայել: Եվ ես կուզենայի խնդրել, որ հենց զինվորի աշխատանքը գնահատվի»:
Միխայիլ Գորբաչովն ակնհայտ շփոթված է ադրբեջանցիների դեմարշից ու շուտափույթ խոսք է վերցնում՝ ջրելով իրավիճակը: Երկար ու հոգեմաշ խոսքը միտված է ադրբեջանցիներին սիրաշահելուն, Բաքվի ցեղասպանության իրական կազմակերպիչներին դահլիճ վերադարձնելու սրտաբաղձ ցանկությանը: Ու առաջարկում է որոշման նախագծի քվեարկությունը տեղափոխել մարտի 5-ին, քանի որ «ադրբեջանցիների բացակայության պարագայում կոռեկտ չէ քվեարկության դնել նախագիծը»: Անիծված հրեշ: Երբեւէ այդ բարեհաճ եռանդը չցուցաբերվեց հայ պատգամավորների նկատմամբ: Քանի՜ անգամ, ճարը կտրած, մերոնք լքել են դահլիճը՝ Գորբաչովի ակնհայտ կողմնակալ, ստահոդ, հարցից անտեղյակ ելույթներից զայրացած: Յազովի դաժան ելույթից հետո, միայն ինքն իրեն, մեծ երկրի ուժն ու հեղինակությունը չհարգող մարդը կարող էր՝ քիչ է թե անպատիժ թողնել, դեռ խնդրելով էլ դահլիճ վերադարձնել դահիճներին:
Եվ Սերգեյ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ խիստ պատասխանը չուշացավ.- «Միխայիլ Սերգեյիչ, երբ նոյեմբերի 28-ին մեր պատգամավորական խումբը լքեց նիստերի դահլիճը, դուք առանց մեզ որոշում կայացրիք: Էդ ինչպես պատահեց, որ Ադրբեջանի պարագայում խիստ օրինապահ դարձաք: Դա ինչ ցուցադրական խտրականություն է»: Գորբաչովը ջրում է Սերգեյ Համբարձումյանի հարցը եւ իր առաջարկությունը դնում քվեարկության: Ագրեսիվ մեծամասնությունը դիրիժորական փայտիկին արձագանքում է՝ այո: Նիստը հետաձգվում է մինչեւ մարտի 5-ը:
5 մարտի, 1990թ., Մոսկվա
Դարձյալ փակ նիստ է, լրագրողների մուտքն էլի արգելված է, բայց ճեմասրահ կարելի է մտնել: Շարունակվելու է քննարկվել Ադրբեջանում ու Հայաստանի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի բարելավման միջոցառումների մասին ԽՍՀՄ ԳԽ նախագահության կազմած որոշման նախագիծը: Երեւում է՝ Գորբաչովը հստակ խոստում է տվել. ադրբեջացիները հրաժարվել են բոյկոտից, մեկ մարդու նման մտնում են դահլիճ:
Անցնում է Ադրբեջանի ԳԽ նախագահ Կաֆարովան ու սիրալիր բարեւում է մեզ՝ Արցախի պատգամավորներն են կողքիս: Ոչ մեկս չի արձագանքում: «Անամոթ,- երեսը շրջում է Վահան Գաբրիելյանը,- էսքանից հետո դեռ բարեւում էլ է: Էս երեւում է, մտքներին մի բան կա»: «Առաջարկել են հաշտվել,- հոգոց է քաշում Վաչագան Գրիգորյանը,- Հենրիկ Իգիթյանին են կանչել, փորձել են համոզել»:
Բացելով նիստը, ԳԽ նախագահի տեղակալ Նիշանովը ցավ հայտնեց մարդկային կորուստների առիթով, սվաղելով դեպքերի վայրն ու կատարողներին, հավասարության նշան դնելով զոհի ու դահիճի միջեւ: «Ինչ վերաբերում է ԼՂ հարցին, փետրվարի 18-ի քննարկումների ընթացքում նոր դիրքորոշում չհայտնաբերեցինք, դրա համար նոյեմբերի 28-ի որոշումը թողնում ենք նույնը»: Ահա թե ինչու էին թուրքերը հանգիստ:
Էլի շատ հետաքրքիր ելույթներ եղան. ադրբեջանցիները խոստովանում էին, որ եղել են հայերի ջարդեր: Բոլորի պահանջը մեկն էր՝ երկիրն անկառավարելի վիճակում է, անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ, այդ թվում՝ Ղարաբաղի հարցի լուծումը: Սակայն Գենսեկն այլեւս չէր տիրապետում իրավիճակին: Մարտի 12-ին ընտրություններն էին: Երկրի պառլամենտը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ նախագահ էր ընտրելու: Կանխորոշված թեկնածուն ինքն էր: Էլ ուրեմն ի՞նչ կարիք կար նեղացնել ադրբեջանցիներին, հանիրավի կորցնել ձայներ: Եվ ամփոփելով նիստն իր ծանծաղ ու անբովանդակ խոսքով, Գորբաչովը ԽՍՀՄ ԳԽ առաջարկած որոշման նախագիծը դրեց քվեարկության: Հոգնած ու զզված դահլիճը, օձիքն ազատելու համար, քվեարկեց: 40 դեմ, 20 ձեռնպահ, մնացածը՝ կողմ: Երկօրյա բուռն քննարկումները ոչինչ չտվեցին: Հայ պատգամավորների պահանջները չմտան նախագծի մեջ: Էն գլխից էլ բոլորին հասկանալի էր, որ բանակը մտավ Բաքու ոչ թե հայերին, այլ խորհրդային իշխանությունը փրկելու համար: Ավելորդ եմ համարում մեջբերել որոշումը. թղթի կտոր էր, թղթին էլ մնաց: Ամենքին պարզ էր, որ այն չի իրագործվելու: Գորբաչովը ոչ երկրից էր ամաչում, ոչ ինքն իրենից: Իր փուչ խոսքի պես էլ արժեզրկել էր երկրի օրենսդիր մարմնի դերն ու նշանակությունը: Որոշման մեջ հավանություն տրվեց Բաքվում բանակի գործողություններին: Հակառակ սպասածի, ադրբեջանցիները ոչ միայն չլքեցին դահլիճը, այլ ընդհանրապես ծպտուն չհանեցին: Ուրեմն Գորբաչովի հետ առեւտուրն իսկապես կայացել էր: Գինը սա էր՝ սպասվելիք նախագահական ընտրություններին, ստանալիք ձայների դիմաց, մերժել Արցախի տեղական իշխանության օրենսդիր ու գործադիր մարմինների գործունեության բազմիցս խոստացված վերականգնումը, իշխանությունը Ղարաբաղում թողնել հայատյաց ու մարդակեր Պոլյանիչկոյի ձեռքին, ով նախկինում Ադրբեջանի կոմկուսի երկրորդ քարտուղարն էր եղել: Հայկական հարցի խաղաքարտն այս անգամ էլ բարեհաջող օգտագործվեց Կենտրոնի կողմից՝ ամենքիս հայտնի «թղթե շերեփի» հանգով, ինչպես մեր պատմության բախտորոշ բոլոր ժամանակներում:
Որից էդպես էլ դասեր չառանք:
Ու ոչ մի կերպ եզրակացության չենք գալիս մինչեւ այսօր: