«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանի նկատմամբ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական գործ եւ նա կալանավորված է: Նրա նկատմամբ մեղադրական եզրակացությունը կազմվել է հոկտեմբերի 12-ին: Ըստ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ս. Աբրահամյանի հաստատած մեղադրական եզրակացության, Ռ. Սիմոնյանը վիճաբանել է կնոջ հետ, արմունկով հարվածել տղային՝ տուժող Դավիթ Սիմոնյանի դեմքին, որի հետեւանքով տղան ստացել է ստորին ծնոտի կոտրվածք, միջին ծանրության վնաս:
Մինչ այդ՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կազմվել էր «Պրոֆիլակտիկ գործ՝ անհաշտ ընտանիքի վերաբերյալ»:
Մինչ օրս Ռ. Սիմոնյանը չի ընդունում իր մեղքը, հրաժարվել է ցուցմունք տալ եւ հայտարարել է, որ տղան այդ կոտրվածքը ստացել է նախկինում: Ավելին, նա գտնում է, որ իրեն արգելափակել են՝ իր քաղաքական-հասարակական գործունեության համար: Ռ. Սիմոնյանը դիմել է՝ հանրային պաշտպան ունենալու խնդրանքով: Որեւէ փաստաբան, ըստ նրա, հանձն չի առնում իրեն իրավաբանական օգնություն ցույց տալ: Ռ. Սիմոնյանը հայտարարել էր հացադուլ: Սիմոնյանի կինը նույնպես նախաքննության փուլում պնդել է, թե իրենց ամուսնալուծության պատճառով վիճել է ամուսնու հետ, որն ապտակել է իրեն, իսկ կռվին միջամտած տղան փորձել է պաշտպանել՝ հայրը վնասվածք է պատճառել: Գործը դեռ դատարան չի ուղարկվել: