Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես՝ ամեն օր……

Հունվար 29,2011 00:00

\"\"Այստեղ՝ «Անհայտ կորած ազատամարտիկների» հուշաթանգարանում այցելուները ոտք են դնում մի անսովոր երկյուղածությամբ՝ մեր դյուցազուն զավակների անցած մարտական ուղուն ծանոթանալու, տխուր ճակատագրերի մասին ավելի շատ բան իմանալու ակնկալությամբ: Իսկ այցելուներ շատ են լինում. բարձրաստիճան զինվորականներ, դպրոցականներ, բուհերի ուսանողներ, զոհված ազատամարտիկների ծնողներ, ժամկետային զինծառայողներ, թոշակառուներ, պատերազմի վետերաններ, Երեւանից, արտերկրից ժամանած հյուրեր, պետական այրեր: Գալիս են ամեն օր, երբեմն էլ՝ օրական երեք-չորս անգամ:
Գալիս, շրջում են խնամքով ու ճաշակով ձեւավորված սրահներում, միջանցքներում, նայում մեծադիր լուսանկարները (դրանց թիվն անցնում է 200-ից), թերթում ալբոմները, մի առանձին գուրգուրանքով աճեցված գույնզգույն ծաղիկները, անհայտության ճամփեքին հայտնված քաջարի տղաներին վերաբերող հարուստ նյութերը:
Վերջերս հերթական անգամ լինելով այդ սրբատեղիում, հետաքրքրվեցի, թե անցած երկու շաբաթվա ընթացքում քանի՞ հոգի են մտել թանգարան, ովքե՞ր են ավելի հաճախակի լինում, ի՞նչ գրառումներ են կատարում:
– Շա՜տ,- անմիջապես արձագանքեց Վերա Գրիգորյանը, այդ սուրբ օջախի նախագահը: Ապա, մի պահ լռելուց հետո շարունակեց:- Մենք պահում ենք առանձին հուշամատյան, որը հուշում է ամեն ինչ. եւ օրը, եւ ժամը, եւ այցելուների թիվը, եւ սովորելու, ծառայելու, բնակվելու վայրը, եւ… ամեն-ամեն անհրաժեշտ բան:
Ասում ու ձեռքն առնելով կաշեկազմ մատյանը, թերթում, կարդում է ամսաթվերը: Ահա. կարդանք, իմանանք, թե այսօր, երեկ կամ, ասենք, մի քանի օր, մի քանի ամիս առաջ ովքեր, ում գլխավորությամբ, ուղեկցությամբ են եկել այստեղ:
Բացենք սովորական, ցանկացած մի էջ: Այ, տեսեք:
Փետրվարի 15, երկուշաբթի:
Եվ ի՞նչ: Շաբաթվա հենց առաջին օրը եկել են չորս տարբեր խմբեր, տարբեր ժամերի:
Առավոտյան եկել են Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի առաջին եւ երկրորդ կուրսերի վարսահարդարների եւ ավտոմոբիլային տրանսպորտի սաները՝ փոխտնօրեն Լյովա Գեւորգյանի ու կուրսի վարպետ Հրանտ Իսրայելյանի գլխավորությամբ, ապա՝ Ներքին Հոռաթաղի զորամասի հրետանավորները՝ փոխգնդապետ Սասուն Առաքելյանի առաջնորդությամբ, հետո՝ Մարտունու երկրորդ պաշտպանական զորամասի զինվորները՝ փոխգնդապետ Գագիկ Պետրոսյանի ուղեկցությամբ, հետո՝ Սպայի տանը անցկացված սերժանտական ժողովի մասնակիցները (ավելի քան 600 հոգի):
– Այցելուներ շատ են եղել նաեւ հաջորդ օրը, ամսի 16-ին: Ովքեր են եկել՝ հենց հիմա կիմանանք,- շարունակում է իր ամբողջ էությամբ գործին նվիրված, շատ-շատերին ճանաչ նախագահը, ու կարդում է.
1. Վիտալի Ջհանգիրյանի անվան թիվ 11 դպրոց, 9-րդ դասարանի աշակերտներ, 24 հոգի, դասղեկ՝ Սիրվարդ Գասպարյան:
2. Արհեստագործական ուսումնարանի 3-րդ կուրսի վարսահարդարներ, խմբավար՝ Անուշ Հաթամյան, 1-ին կուրսի ավտոմոբիլային բաժնի սաներ, կուրսղեկ՝ Կարեն Գրիգորյան:
3. 2-րդ կուրսի շինարարական խմբի սաներ, ղեկավարներ՝ Էդվարդ Գրիգորյան, զինղեկ՝ փոխգնդապետ Վալերիկ Դանիելյան…
Այսպես՝ ամեն օր:
Չեմ խոսում Հայրենյաց դասերի, ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեծապես նպաստող այլ միջոցառումների մասին: Ու այս ամենի ետեւում պիտի տեսնել իրեն՝ բազմաչարչար տիկին Վերային, որի մինուճար որդին՝ Սպարտակը, նույնպես 1994-ի հունվարի 16-ին անհայտ կորել է Ֆիզուլու համար մղված մարտում, զենքը ձեռքին…
 Ամենեւին էլ զարմանալի չէ, որ տպավորությունների մատյանում այնքան ջերմ ու սրտառուչ տողեր կան նրա մտքի ու ջանքի, հիրավի հարգանքի ու դրվատանքի արժանի ազգանվեր գործի մասին: Կարդանք մեկը: «Խոր կսկիծով ու ահավոր ցավով ծանոթացանք թանգարանի բոլոր ցուցանմուշներին: Մեծ, շա՜տ մեծ գործ է կատարվել, որում, ինչ խոսք, անգնահատելի է Ձեր ավանդը: Թող Աստված ապավեն լինի ձեզ: Թող իրականանան Ձեր հույսերը, ծրագրերը» (11-րդ դպրոցի մի խումբ աշակերտներ):
«Ես արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի այրի եմ: Գիտեմ՝ ինչ է ցավը: Սրտի կսկիծով եմ նայում անհայտ կորած տղաների նկարներին: Նրանց մայրերին շատ ավելի եմ խղճում, քան ինձ ու ինձ նմաններին: Ախր նրանք իրենց որդիների աճյուններին մի բուռ հող գցելու, մի ծաղիկ դնելու հնարավորությունից էլ են զուրկ… Իմ վիրավոր սրտով ուզում եմ ամուր ապավեն լինել ձեզ, սիրելիներս» (Սահականուշ Մնացականյան):
Թանգարանը, իրոք, արժեքավոր ու հարուստ նյութեր է ամփոփում իր լուսավոր, փառավոր սրահներում, մի հանգամանք, որը, համոզված եմ, մեծ չափով կօգնի ամեն մի այցելուի հստակ պատկերացում կազմելու 80-ականների վերջին սկսված Շարժման, մեր ազատագրական պայքարի, մեր հողի, մեր ջրի համար նահատակվածների, անհայտ կորած ազատամարտիկների, Հայոց բանակի հաղթական երթի, հուժկու զենքի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել