Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՆ ԿԱՆԱՆՑԻՑ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԽԼՈՒՄ ԵՆ

Հունվար 29,2011 00:00

Կիպրոսցի կանայք իրենց երկրում տնավորված չինացի եւ  ֆիլիպինցի կանանց ձեռքը կրակն են ընկել

\"\"
Կիպրոսում Աֆրոդիտեներ որքան ուզես, միայն թե արձանի տեսքով: Ասում են՝ այս արձանը աշխարհում առաջին մերկամարմին քանդակն է:

\"\"
Թուրքական հատվածում կազինոներ շատ կան, բայց տեղացի թուրքերի համար մուտքը խստիվ արգելվում է:

\"\"
Հայկական խանութներ Կիպրոսում՝ ինչքան ասես:

\"\"
Լեռան լանջին դաջված թուրքական դրոշը տեսանելի է Նիկոսիայի բոլոր հատվածներից:


Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիա ոտք դնելուն պես՝ առաջին տպավորությունը, որ ստացա, այն էր, որ մեր ինքնաթիռը ոչ թե Կիպրոս, այլ՝ Չինաստան կամ Ֆիլիպինյան կղզիներ է վայրէջք կատարել: Ֆիլիպինցիների եւ չինացիների թիվն այդ երկրում այնքան շատ էր, որ այլ ազգերի ներկայացուցիչները նրանց մեջ հատուկենտ էին երեւում: Ինչո՞վ են զբաղված այս մարդիկ ձեր երկրում հարցիս, խանութի վաճառողուհին, որը շատ լավ տիրապետում էր ռուսերենին, արհամարհական տոնով ասաց՝ ոմանք հոգին են վաճառում, ոմանք՝ մարմինը: Ավելի ուշ հասկացանք, թե որն էր տեղացի հույն կանանց՝ արհամարհական վերաբերմունքի բուն պատճառը. այն օրվանից ի վեր, ինչ չինացի եւ ֆիլիպինցի կանայք ոտք են դրել Աֆրոդիտեի կղզին՝ Կիպրոս, հունական ընտանիքներում ամուսնալուծությունների թիվը խիստ մեծացել է: Հույն տղամարդիկ թողնելով իրենց կանանց ու երեխաներին, չինացի եւ ֆիլիպինցի կանանց հետ նոր ընտանիքներ են կազմում: Նիկոսիայում հնդիկներ էլ են շատ բնակվում: Կիպրոսում հնդիկների՝ «տնավորվելու» համար էլ տարիներ առաջ «կանաչ լույս» է հանդիսացել այդ երկրի նախկին նախագահի տիկինը, որը նունպես հնդկուհի է եղել:
Կիպրոսում բնակվող օտարերկրացիները հիմնականում աշխատում են առեւտրի եւ սպասարկման ոլորտներում, սակայն այստեղ էլ ազգերի դասակարգում կա. օրինակ՝ հայերը, որոնք ի տարբերություն հնդիկների, արաբների, չինացիների եւ ֆիլիպինցիների՝ կիպրոսցիների կողմից առավել հարգանք են վայելում, կա՛մ հեղինակավոր օբյեկտներում են աշխատում, կա՛մ սեփական բիզնեսն ունեն: Ընդհանրապես հայկական համայնքն այս երկրում ամենամեծն է: Հայերից հետո իր մեծությամբ հայտնի է ռուսական համայնքը: Թերեւս դրանով է պայմանավորված, որ Կիպրոսի ամենագեղեցիկ եւ զբոսաշրջային քաղաք համարվող Լիմասոլը օր օրի շենանում է ռուսական փողերով. ռուսաստանցի շատ մեծահարուստներ այս քաղաքում մեծ գումարներ են ներդնում, Լիմասոլում հյուրանոցների եւ ռեստորանային բիզնեսի հիմնական մասը հենց ռուսներին է պատկանում:
Նկատենք, որ կղզու հյուսիսային հատվածում, որտեղ թուրքերն են բնակվում, կենսամակարդակն ավելի ցածր է: Միջազգային հանրության կողմից չճանաչված լինելը Հյուսիսային Կիպրոսի առաջընթացին շատ է խոչընդոտում, այդուհանդերձ, պակաս գրավիչ չէ նաեւ այս հատվածում գտնվող ծովափնյա Կիռնեյ քաղաքը: Թուրքիայի ֆինանսավորումից բացի, այս քաղաքը զարգանում է նաեւ բրիտանացիների շնորհիվ. հույների եւ թուրքերի միջեւ 1974 թ.-ին տեղի ունեցած պատերազմից հետո, երբ հույները արտագաղթել են կղզու հարավային հատված, հատկապես Կիռնեյում մեծ թվով բրիտանացիներ հույներին պատկանող բնակարանները «ջրի գնով» ձեռք են բերել: Այսօր այդ բրիտանացիներից շատերը կամ իրենց հանգիստը Կիպրոսի հյուսիսային հատվածում են կազմակերպում, կամ սեփական բնակարանները վարձով տրամադրում են Կիպրոս աշխատելու եկած Թուրքիայի քաղաքացիներին: Ի տարբերություն Հարավային Կիպրոսի, կղզու թուրքական հատվածում բնակչությունը բազմազգ չէ. այնտեղ բնակվում են հիմնականում տեղացի թուրքեր եւ Թուրքիայի քաղաքացիներ:
Չնայած կղզու թուրքական կողմի՝ տուրիզմը զարգացնելու ձգտումներին, կազինոներ հիմնելու գաղափարը Հյուսիսային Կիպրոսի իշխանություններին ամենեւին էլ դուր չի գալիս: Եղած կազինոներն էլ բացառապես զբոսաշրջիկների համար են. Հյուսիսային Կիպրոսում գոյություն ունեցող օրենքի համաձայն, որեւէ տեղացի իրավունք չունի կազինո հաճախել: Իսկ կազինոյի սեփականատիրոջ կողմից օրենքը խախտելու դեպքում մեծ տուգանքներ են սահմանված՝ 5 հազարից 50 հազար եվրո: Կիպրոսի իշխանությունները գտնում են, որ կազինոները միայն սեփականատիրոջն են հարստացնում, իսկ երկրին դրանք առանձնապես օգուտ չեն բերում:
Տեղեկացանք, որ կիպրոսցի շատ թուրքեր սկսել են անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում՝ մտավախություն ունենալով, որ եթե մի օր հանկարծ իրենց արտաքսեն կղզուց՝ գնալու եւ ապրելու տեղ ունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել