Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենավատ վիճակում հայ կանայք են

Հունվար 29,2011 00:00

\"\"

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը երեկ հաղորդագրություն է տարածել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համաեվրոպական շաբաթի, ինչպես նաեւ Հայաստանում եւ, ընդհանրապես, աշխարհում այդ հիվանդության առումով իրադրության վերաբերյալ: Կից ներկայացված գծապատկերում տրված են Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ցուցանիշները:
Ինչպես տեղեկանում ենք հաղորդագրությունից՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համաեվրոպական շաբաթն այս տարի հունվարի 24-ից 30-ն է:
Հայաստանում յուրաքանչյուր տարի մոտավորապես 385 կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի վզիկի քաղցկեղ: Քաղցկեղի այդ տեսակից մեր երկրում ամեն տարի մահանում է ավելի քան 200 կին: Այն հայ կանանց շրջանում տարածվածությամբ երրորդ քաղցկեղն է, իսկ վերարտադրողական օրգաններում չարորակ նորագոյացությունների առումով երկրորդ տեղն է զբաղեցնում 15-ից 44 տարեկան կանանց մոտ՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղն աշխարհում տարածվածությամբ երկրորդ քաղցկեղն է կանանց շրջանում: Ամեն տարի արձանագրվում է քաղցկեղի այդ տեսակի մոտ 500 000 նոր դեպք, եւ ամեն տարի այն խլում է ավելի քան 250 000 կյանք: Ընդ որում, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի 86 տոկոսը բաժին է ընկնում զարգացող երկրներին:
Ժամանակին չհետեւելու դեպքում, արգանդի վզիկի քաղցկեղը գրեթե միշտ հանգեցնում է մահվան: Մինչդեռ այն ներկայում միակ կանխարգելելի չարորակ նորագոյացությունն է: Եթե վերարտադրողական տարիքի կանայք երեք տարին մեկ անցնեն մասնագիտացված հետազոտություն, դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդությունը կարելի է հայտնաբերել բավականաչափ վաղ շրջանում՝ կանխելով քաղցկեղի զարգացումը մահացու ելքով:
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համաեվրոպական շաբաթը նպատակ ունի բնակչության հնարավորինս լայն շերտերին տեղեկացնել, թե ինչպես կարելի է կանխարգելել այդ հիվանդությունը եւ խրախուսել կանանց՝ ժամանակին անցնելու համապատասխան մասնագիտական հետազոտություն: Համաեվրոպական շաբաթն անց է կացվում արդեն չորրորդ տարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել