Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկիրը «շողուլից ընկել» է

Հունվար 29,2011 00:00

\"\"Կոմկուսը մեղադրում է իշխանություններին

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի բյուրոն հանդես է եկել հայտարարությամբ, որով իշխանություններից պահանջում է վերջ դնել «այս խայտառակ երեւույթներին»: Խոսքը փողոցային առեւտրի արգելման պատճառով առաջացած դժգոհության ալիքի մասին է: Նախորդ օրը ցուցարարների հետ հանդիպում ունեցած ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ «Առավոտին» փոխանցեց իր վրդովմունքն ու մտորումները՝ ուղղված իշխանություններին. «Ո՞րն է այդ մարդկանց մեղքը, որ գցել եք փողոց, ի՞նչ եք նրանց տվել ու ի՞նչ եք ուզում ստանալ նրանցից, որ չեք կարողանում: Նրանք մեղավո՞ր են, որ աշխատանք են ուզում: Չէ՞ որ նրանց մեջ կան հիանալի մասնագետներ, ովքեր կարող էին պետք գալ մեր երկրին ու զարգացմանը. տվեք այդ հնարավորությունը, թող մարդիկ աշխատեն: Ալեքսանդր Մյասնիկյանը ձգտում էր այս երկիրը դարձնել վարդերի երկիր, ինչին հասանք սովետական կարգերի օրոք: Չէ՞ որ այս լիբերալ կոչված իշխանություններն են Հայաստանը դարձրել յարմրկաների երկիր, ժողովրդին մղել չարչիության ու արտագաղթի, հիմա էլ ուզում են մի կտոր հացի՞ց զրկել»: Կոմկուսում համոզված են, որ այս ամենին հետեւելու են նոր թանկացումներ եւ սոցիալական վիճակի ավելի վատթարացում, ուստի ժողովրդին կոչ են անում. «Չխաբնվեք քաղաքական կեղծ լոզունգներին, որ այսօր արդեն հնչում են առաջիկա ընտրությունների պատրաստությունների համատեքստում: Չխաբնվեք կեղծ ժպիտներին, որոնց տակ թաքնված են անձնական շահեր: ՀԿԿ-ն միշտ եղել եւ մնում է ժողովրդի կողքին, ով շարունակ մի կտոր հացի, երեխային կրթություն ապահովելու պայքար է մղում: Մենք ամաչում ենք իշխանությունների փոխարեն, որ հայ կինն այսօր ստիպված փողոց է դուրս եկել ու աշխատանք է խնդրում՝ ընտանիքը պահելու համար: Վրդովմունքը շատ մեծ է, եւ իշխանությունը պետք է հետեւություններ անի»:
Ի դեպ, երեկ կոմկուսականները նշում էին Ալեքսանդր Մյասնիկյանի ծննդյան 125-ամյակը: Այդ առիթով ծաղկեպսակներ են դրել Մյասնիկյանի արձանին: «Մյասնիկյանն ասում էր՝ այս արցունքի երկիրը կդարձնենք վարդերի երկիր: Եվ այսօր Մյասնիկյանի կերպարը բարձրանում է էլ ավելի, քանի որ երկիրն ընդունեց գաղթականներով, որբերով, գործազուրկներով, հիվանդներով, առանց արդյունաբերության, գիտության ու կրթության, բայց ինչպիսի հիմքեր դրեց Սովետական Հայաստանի զարգացման համար: Մյասնիկյանից օրինակ վերցրեք»,- գործող իշխանություններին խորհուրդ է տալիս ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ՀԿԿ-ում ինչպե՞ս են վերաբերվում «Եդինայա Ռոսիայի» առաջարկին՝ Կրեմլի դամբարանից Լենինի աճյունը տեղափոխելու վերաբերյալ: «Սովետական Միությունը, այդ թվում նաեւ Հայաստանը, հինգ տարի կռիվ մղեց ֆաշիզմի դեմ եւ աշխարհը փրկեց այդ ախտից, բայց երկիրը ոչ մի օր կաթվածահար չեղավ: Ամբողջ ռազմական եւ քաղաքացիական համակարգը պատերազմական տարիներին շարունակեց աշխատել: Մի 4-5 օր ձյուն եկավ՝ Ռուսաստանը խառնվեց իրար: Դա «Եդինայա Ռոսիային» չի՞ վերաբերվում, ինչի՞ դրա մասին չեն մտածում, որ Լենինի աճյունի մասին են մտածում: Մյուս կողմից էլ՝ այո, Լենինի աճյունից էլ պիտի վախենան, քանի որ գնալով Լենինի գաղափարները ավելի արդիական են դառնում: Լենինի գաղափարախոսությունը համայն մարդկության գաղափարախոսությունն է, եւ նրա աճյունին կպնելու համար մանկական մաքրությամբ ձեռքեր պետք է ունենալ: Դե, թող փորձեն Լենինի աճյունին ձեռք տալ: Լենինը համայն մարդկությանն է պատկանում, ոչ թե առանձին թափթփուկների եւ հարբածների, որոնք հայտարարություններ են անում»,- սպառնաց ընկեր Թովմասյանը՝ հիշեցնելով, որ ժամանակին այդ հարցին հայ հասարակությունը բացասական պատասխան է տվել՝ 73 տոկոսը դեմ է եղել դամբարանից Լենինի աճյունը տեղափոխելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել