Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆ Է՞Լ

Հունվար 29,2011 00:00

\"\"Նորանշանակ նախարարից արդեն դժգոհություններ կան

Դեռ 2010թ. նոյեմբերին «Առավոտը» մի հրապարակմամբ անդրադարձել էր ՀՀ արդարադատության նախարարությունում նոտարների որակավորման քննություններին: Կարճ հիշեցնենք, որ դեռ այն ժամանակ մեր հիմնական մտահոգությունն այն էր, որ որակավորման քննություններին մասնակցության եւ նոտարական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալու հայտ ներկայացրած թեկնածուների մի ստվար զանգվածը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ իշխանությունների հովանավորությունը վայելող գործարարների հարազատներն են՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր աղջիկը՝ Տաթեւիկ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի անդամ, Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանի աղջիկը՝ Հասմիկ Շահինյանը, ՀՀ արդարադատության արդեն նախկին փոխնախարար Նիկոլայ Առուստամյանի կինը՝ Էմիլյա Առուստամյանը, ջավախահայության հիմնական հովանավորներից եւ Սերժ Սարգսյանի աջակցությունը վայելողներից մեկի՝ մոսկվաբնակ Նորիկ Թեւանյանի հարսը՝ Սյուզաննա Նազինյանը, գեներալ Աստվածատուր Պետրոսյանի հարսը, նաեւ հայտնի գործարար՝ «Ֆլեշի» Բարսեղ Բեգլարյանի եղբոր աղջիկը՝ Անուշ Ղուշչյանը եւ այլն: 
«Առավոտի»՝ դեռ այդ հրապարակման ժամանակ ունեցած տեղեկություններով, հիշյալ ցանկի բոլոր թեկնածուների համար արդեն բարեխոսել էին, եւ քաջատեղյակ մեր աղբյուրներն այսօր էլ պնդում են, թե նրանցից մի քանիսը, արդեն բացառությամբ ԱՆ նախկին փոխնախարար Առուստամյանի կնոջ, լինելու են որակավորման քննությունները բարեհաջող «հանձնողների» եւ նոտարական գրասենյակ բացելու իրավունք ստացածների թվում: Համենայնդեպս, մեր աղբյուրները փոխանցեցին, որ վերոնշյալ ցանկից 4-ը մոտ ապագայում նոտարական գրասենյակներ կունենան: Դրանց թվում է Նորիկ Թեւանյանի հարսը, որը դեռ մինչեւ քննություն հանձնելն էր հայտարարել, թե արդեն աշխատասենյակ էլ ունի, նաեւ «Ֆլեշի Բարսեղի» եղբոր աղջիկը, որն ամենուր հայտարարել է, թե ինքը իրականացնելու է հորեղբոր բանկի միջոցով կատարվելիք գործարքները:
Բանն այն է, որ նոտարների որակավորման քննությունները, ինչպես եւ ակնկալվում էր, տեղի են ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Դրանց արդյունքները, սակայն, ստուգվել են ուշացումով՝ ամանորյա տոները մեջ են ընկել: Հույս կար, որ արդարադատության նոր նախարարը, որը դեռեւս անբիծ կենսագրություն ունի, դրական իմաստով կվերահսկեր կոռուպցիոն ռիսկեր պարունակող այս գործընթացը: Բայց ԱՆ-ում ոմանք արդեն սկսել են հիասթափություն ապրել: Բանն այն է, որ նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը հունվարի սկզբներին կարգադրել էր իր տեղակալ Էմիլ Բաբայանին՝ սկսել քննության արդյունքների ստուգման գործընթացը: Հ. Թովմասյանը, մեր աղբյուրների ասելով, հանձնաժողովի անդամներից պահանջել եւ ստացել էր քննական հարցաշարի ճիշտ պատասխաններն ու թեկնածուների աշխատանքները, ծրարները, որոնք ստորագրված են եղել հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Ու ընդամենը անցած շաբաթ ստուգումների արդյունքում 11 հոգանոց ստուգող հանձնաժողովի 9 անդամները (ստուգող հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մալխասյանը բացակա է եղել, որովհետեւ նա այլեւս ԱՆ փոխնախարար չէ, մեր տեղեկություններով, դրան չի մասնակցել նաեւ գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանը, որն ասում են՝ արձակուրդում էր) հենց տեղում պարզել էին, որ նոտարի թեկնածուների պատասխաններն ու նրանց անունները պարունակող ծրարները բացված են եղել: Ավելին, թեկնածուներից մեկի ծրարում դրված էր եղել հարցաշարի պատասխանների տառացիորեն ճիշտ այն տարբերակը, որը մինչեւ աշխատանքների ստուգումը փոխանցվել էր նախարարին:
Հանձնաժողովի անդամները, որոնց թվում են եղել նաեւ հայտնի փաստաբան Մելանյա Առուստամյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Տիգրան Երանոսյանը, տարակուսել են, դժգոհություններ են հայտնել եւ հրաժարվել են դրանց տակ ստորագրել: Նրանցից ոմանք, ըստ մեր տեղեկությունների, նույնիսկ վրդովված դուրս են եկել հանձնաժողովի սենյակից: Համենայնդեպս, այդ տրամադրությամբ աշխատասենյակից ժամանակից շուտ դուրս եկողներից մեկը եղել է հենց Տ. Երանոսյանը: Հանձնաժողովում ոմանք հիմա կարծում են, որ նոր նախարարը չի կարողացել խույս տալ պատվերներ կատարելուց եւ «օգնել» է նոտարի առանձին հավակնորդների՝ կյանքում «իրենց տեղը» գտնելու գործում: Ի դեպ, երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստաբան Մ. Առուստամյանը, ի պատասխան մեր հարցադրմանը, նախ՝ հետաքրքրվեց, թե որտեղի՞ց մեզ այդքան ինֆորմացիա, հետո ասաց, թե այս պահին պատասխանատու հայտարարություն անել չի ուզում, որովհետեւ իրենք քննության վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփել եւ որեւէ արձանագրություն չեն ստորագրել: Այդուհանդերձ, նա հավելեց, թե երկուշաբթի օրը հանձնաժողովի նիստ է հրավիրվելու, որից հետո միայն կկարողանա որոշակի մեկնաբանություններ անել:
Իսկ ԱՆ-ում, ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, որոշակի դժգոհության ալիք է հասունանում: ԱՆ տարբեր ոլորտներում աշխատանքային հարուստ փորձ ունեցող որոշ հայեցողական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, նույնիսկ քաղծառայողներ, կասկածի տակ են առնում նախարարի կողմից «ջահել» կադրերի «ներմուծումը» ԱՆ՝ համարելով, որ ինչպես ինքը՝ նախարարը, այնպես էլ իր հետ բերած անձինք, գուցե լավ գիտելիքներ ունեն, բայց պրակտիկ փորձ չունեն եւ միայն տեսական գիտելիքներով չեն կարողանալու գործից գլուխ հանել, նրանք արդեն ամեն ինչ սկսել են խառնել իրար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել