Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՐԺՈՒՄԸ ԿՅԱՆՔ Է…

Հունվար 28,2011 00:00

Շարժումների ազդեցությունից բարելավվում է սրտանոթային եւ շնչառական համակարգի աշխատանքը

Շարժումը խիստ անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ վարժությունները բարելավում են օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի ու հյուսվածքների աշխատանքը, ստեղծում են բարձր տրամադրություն: Շարժումների ազդեցությունից կարգավորվում է սրտանոթային եւ շնչառական համակարգի աշխատանքը, ամրանում է հենաշարժողական համակարգը, կարգավորվում է նյարդային համակարգը եւ օրգանիզմում կատարվող բազմաթիվ այլ ֆիզիոլոգիական պրոցեսները:

Ակտիվ շարժումների հետեւանքով խորանում է շնչառությունը, լավանում թոքերի օդափոխությունը, որն էլ իր հերթին բերում է ամբողջ օրգանիզմի գերազանց սնուցմանը թթվածնով: Ակտիվ շարժումները բարձրացնում են մեր օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր վարակիչ հիվանդությունների նկատմամբ, մոբիլիզացնում են օրգանիզմի պաշտպանիչ ուժերը: Իսկ ընդհակառակը, շարժումների անբավարար լինելը՝ «հիպոդինամիան» բերում է հիվանդագին փոփոխությունների նյարդային եւ ներզատիչ էնդոկրին համակարգերում, առաջացնում հուզային, էմոցիոնալ լարվածություն եւ անկայունություն: Խախտվում են օրգանիզմի նյութափոխանակությունը, սրտանոթային եւ շնչառական համակարգի ֆունկցիոնալ հնարավորությունները, որոնք էլ իրենց հերթին բերում են ամբողջ օրգանիզմի աշխատունակության անկմանը: Մեր մարմնի 40%-ը կազմում է մկանային համակարգը: Այս համակարգը ծանրաբեռնված աշխատանքից ոչ թե մաշվում է, ինչպես մեքենան, այլ ընդհակառակը՝ էլ ավելի է ամրապնդվում: Երկարատեւ աշխատանքի ժամանակ այրվում են հիմնականում օրգանիզմում կուտակված ճարպերը, եւ տալիս են օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի մոտ 80%-ը:

Մոտ 100-120 տարի առաջ երկրի վրա բոլոր աշխատանքների 90%-ը մարդը կատարում էր առանց մեքենաների օգնության:

Կենցաղային պայմանների լավացումը, արտադրության մեքենայացումը, տրանսպորտի եւ մեքենաշինության զարգացումը, քաղաքաշինության այլ նորությունները հանգեցրին մեր շարժողական գործունեության խիստ անկմանը: Իսկ ինչպե՞ս հասնել շարժողական ակտիվության ցանկալի մակարդակին, որն օգուտ կբերի մեր օրգանիզմին: Այսպիսի հին մեթոդ է հանդիսանում քայլքը: Այն մատչելի է բոլորին, հատուկ պատրաստություն չի պահանջում, քանզի բոլորս էլ քայլում ենք: Այնպես որ, աշխատեք հաճախակի եւ շատ քայլել: Քայլեք աշխատանքի, խանութ, հանդիպման գնալիս, զբոսնեք քնելուց առաջ:

Քայլքը, հատկապես ռիթմիկ, նպաստում է գլխուղեղի աշխատանքի եւ մտքի բարելավմանը: Այսօրվա քաղաքաբնակը օրվա ընթացքում իր քայլերի քանակը չի հասցնում նույնիսկ 8000-ի (5-7 կմ), որը նվազագույն նորման է առողջությունը պահպանելու համար: Պետք է քայլել միջին արագությամբ, սկզբում 30 րոպե, ապա 1-1,5 ժամ: Օգտակար է նաեւ 5-10 րոպե բարձրանալ շենքի աստիճաններով:

Կրծքավանդակի եւ կոնքային հատվածի շարժումները քայլքի ժամանակ «մերսման» են ենթարկում լյարդը, փայծաղը, ենթաստամոքսային գեղձը, ակտիվացնում մարսողությունը, որը շատ կարեւոր է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար:

Այնպես որ, առաջ եւ բարի ճանապարհ դեպի «առողջության երկիր»:

Պայքարեք նաեւ ձեր երեք «թշնամիների» դեմ՝ ծխախոտ, ալկոհոլի չարաշահում եւ սթրես: Հրաժարվեք վատ սովորություններից ու ապրեք երկար: Շարժումը կյանք է, առողջություն, երկարակեցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել