Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԴԱՌՆԱՆՔ ԿԵՍ ԲՈՒՌ

Հունվար 28,2011 00:00

\"\"Մեր ազգը ոչնչացման եզրին է

Մեր ազգաբնակչության 9%-ը միասեռական է, 5,4%-ը՝ չբեր, իսկ 11,4%-ը տառապում է երկրորդային անպտղությունից: Այսինքն՝ բնակչության գրեթե 26%-ի վերարտադրողականությունն այսօր հարցականի տակ է, իսկ սա նշանակում է, որ հարցականի տակ է ազգի բազմացումը: Ընդ որում, առաջնային ու երկրորդային անպտղության համար հաշվարկված 16.8% ցուցանիշը պաշտոնական է, ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը կրկնակի է: Եվ եթե հաշվի առնենք, որ հայերը վերջին տարիներին սկսել են ուշ ամուսնանալ, քիչ երեխաներ ունենալ կամ ամուսնության առաջին 5 տարիներին կարիերայով զբաղվել ու ընդհանրապես երեխա չունենալ, կարելի է ասել, մենք ընդամենը մի քանի տարի հետո պահպանվելու լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու: Մասնագետները հաշվարկել են, որ եթե Հայաստանում բնակչության աճը տեղի ունենա այն տեմպերով, ինչ այսօր, ապա 45 տարի հետո մեր բնակչության թիվը կիսով չափ կնվազի, այսինքն՝ մի բուռ էինք, կդառնանք կես բուռ: Նշենք, որ առաջնային անպտղություն ասվածը այն է, երբ ամուսնական 2 տարիների ընթացքում զույգը, առանց հակաբեղմնավորիչի, կանոնավոր սեռական կյանքով է ապրում, այսինքն՝ շաբաթը 2-3 անգամ, եւ հղիություն չի ունենում, իսկ երկրորդային անպտղությունն այն է, երբ կինն ունեցել է հղիություն, երեխաներ, սակայն դրանից հետո կանոնավոր սեռական կյանքով ապրելով՝ 2 տարվա ընթացքում այլեւս չի հղիանում:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ եթե մի երկրում անպտղությունը 15%-ը գերազանցում է, դա կարող է ազդել երկրի ժողովրդագրական իրավիճակի վրա. «Բայց մեր դեպքում անպտղության 16,8%-ը լավ աշխատանքի արդյունք է: Այսօր տարածաշրջանում համանուն ցուցանիշն ավելի բարձր է, մասնավորապես՝ Ռուսաստանում այն մոտ 19% է»:

Ըստ տիկին Ավագյանի, անպտղության ցուցանիշները ճշտելու համար Հայաստանում 4 նպատակային հետազոտություն է արվել: Առաջինը, որն արվել է 90-ական թվականներին, պարզել էր, որ կանանց անպտղությունը կազմում է մոտ 23%, իսկ տղամարդկանց շրջանում այդ ժամանակ հետազոտություն չէր արվել: 1999-2000-ին կատարած հետազոտությամբ՝ կանանց շրջանում արձանագրվել է 31,9% անպտղություն: Իսկ վերջին հետազոտությունը, որն արվել է երկու տարի առաջ՝ 2008-2009-ին, ցույց էր տվել, որ անպտղության տարածվածությունը Հայաստանում 2 անգամ կրճատվել է եւ կազմել ներկայիս 16,8% ցուցանիշը. «Դա, 31,9%-ի համեմատ, լավ ցուցանիշ է, բայց ես ընդունում եմ, որ անելիքներ շատ կան: Քանի որ նախազորակոչային տարիքի տղաները ենթարկվում էին կոմպլեքս հետազոտման եւ իրականացվում էր նրանց առողջացման ծրագիր, 2005-ից սկսեցինք իրականացնել նաեւ աղջիկների՝ պետության կողմից երաշխավորված պետպատվերի շրջանակներում համալիր հետազոտում, այդ թվում՝ վերարտադրողական օրգանների եւ ֆունկցիայի գնահատում: Նպատակը մեկն է՝ որպեսզի մինչեւ ամուսնանալը հայտնաբերենք եղած շեղումները, բուժենք եւ կանխարգելենք չբերությունը: Բացի այդ, մեծ աշխատանքներ են կատարվել նաեւ դեռահասների շրջանում՝ առողջ կենսակերպի եւ անվտանգ սեռական վարքագծի ներդրման ուղղությամբ: Ընտանիքի պլանավորման ծառայությունները մեծ աշխատանք են անում, որպեսզի հանրապետությունում կանխվեն անցանկալի հղիությունն ու սեռավարակները: Հիմա մեր երիտասարդներն ավելի գրագետ են, օգտագործում են հակաբեղմնավորիչներ, խուսափում են սեռավարակներից, ավելի շատ են օգտագործում պահպանակներ, անվտանգ սեռական կյանքով են ապրում, դրանք բոլորը էլեմենտներ են, որ նպաստում են անպտղության իջեցմանը: Աբորտների թիվը նվազել է, սեռավարակների պրոֆիլակտիկան է լավացել, բացի այդ, վերարտադրողական օժանդակ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել՝ արհեստական բեղմնավորում եւ սերմնավորում, փոխնակ մոր հնարավորությունը, որոնք օգտագործվում են ու նպաստում անպտուղ ամուսնության հաղթահարմանը եւ ընտանիքներին երեխաներ պարգեւելուն»:

Չնայած երեխաներ չունենալու ամբողջ «կուժն ու կուլան» կնոջ վրա է ջարդվում, եւ սկեսուրները առաջինը հարսի ձեռքը բռնած տանում են բժշկի, բայց քիչ չեն դեպքերը, երբ անպտղությունը տղամարդուց է: Տղամարդկանց անպտղությունը մեր երկրում մոտ 10% է կազմում: Ուստի կնոջն անտեղի չտանջելու համար բժիշկները խորհուրդ են տալիս սկեսուրի փոխարեն բժշկի գնալ ամուսնու հետ եւ հետազոտվել միասին:

Ի դեպ, բեղմնավորման համար, պարզվում է, շատ կարեւոր է, թե զույգն ինչպես է սնվում: Պետք է հաժարվել fast food-ից, մարգարինով պատրաստված թխվածքներից, օգտագործել զեյթունի ձեթ, սոյա, նվազեցնել կարմիր մսի գործածումը: Քաղցրակերներին խորհուրդ է տրվում բեղմնավորման համար չափավորել քաղցրի քանակը, դրա փոխարեն շատ ուտել միրգ, բանջարեղեն, ընդեղեն, պետք է նվազեցնել նաեւ բարձր յուղայնությամբ կաթնամթերքի՝ պաղպաղակի, թթվասերի, պանրի օգտագործումը: Դե, իսկ առհասարակ երեխա ունենալու ցանկությունը եթե մեծ է, պետք է նաեւ հետեւել քաշին, ոչ նիհարներն են մի բան, ոչ էլ գերերը, պետք է նաեւ խուսափել սթրեսներից: Մասնագետը խորհուրդ է տալիս մինչ ամուսնությունը եւ հատկապես երեխաներ ունենալու ցանկության դեպքում հետազոտվել, ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն, վերանայել վտանգավոր սովորույթները, թողնել ծխելն ու ալկոհոլի օգտագործումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել