Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ ոճայինները ավարտեցին պայքարը

Հունվար 28,2011 00:00

\"\"Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնության մասնակիցները ավարտեցին պայքարը

Երեկ հայտնի դարձան նաեւ 60, 66 եւ 96 կգ քաշային կարգերի չեմպիոնների ու մեդալակիրների անունները: 60 կիլոգրամում պատվո պատվանդանի առաջին աստիճան բարձրացավ Աշոտ Տերտերյանը: Նա վճռորոշ գոտեմարտում առավելության հասավ Արթուր Բաղդասարյանի նկատմամբ: Իսկ բրոնզե մեդալակիր դարձան Արարատ Մարտիրոսյանն ու Հրաչյա Շահնազարյանը:

Մյուս երկու քաշերում վերջին տարիների մեր առաջատարները հաստատեցին, որ իրենք առայժմ մեկ գլխով բարձր են կանգնած մրցակիցներից: Այսպես, 66 կգ քաշային Ժիրայր Հովհաննիսյանը միավորների բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ առավելության հասավ արծաթե մեդալին արժանացած Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ: Դավիթ Խաչատրյանն ու Ավետիս Ալեքսանյանն էլ դարձան բրոնզե մրցանակակիր: Մոտավորապես նույն սցենարով ընթացավ նաեւ 96 կգ քաշայինների եզրափակիչը, որտեղ Էդգար Ենոքյանը հենց առաջին մրցափուլում մաքուր հաղթանակ տարավ Անդրանիկ Գալստյանի նկատմամբ: Վահագն Մանուկյանն ու Վահե Թամրազյանը բավարարվեցին երրորդ տեղով:

Հայաստանի չեմպիոնները, նրանց անձնական մարզիչները, ինչպես նաեւ մրցանակակիրները ֆեդերացիայից արժանացան նաեւ համապատասխան հավաստագրի ու դրամական պարգեւների:

Առաջնությունն ընդհանուր առմամբ անցավ կազմակերպված: Սակայն 60 կգ քաշայինների եզրափակչի իրավունքի համար գոտեմարտում ըմբիշներից մեկը, գոտեմարտը սպասարկող մրցավարների որոշմանը համաձայն չլինելով, իրեն պահեց մարզիկին անվայել ինչպես նրանց, այնպես էլ մրցավարական հանձնաժողովի հանդեպ, ինչի համար հեռացվեց առաջնությունից: Այս միջադեպը ըմբշամարտի ֆեդերացիայում քննարկան առարկա է դառնալու: Արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

Այսօր հունահռոմեական ոճի հանրապետության առաջնության մասնակիցների կշեռքի օրն է: Իսկ վաղը նրանք կսկսեն պայքարը: Հիշեցնենք, որ Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը եւ Յուրի Պատրիկեեւը մրցաշրջանի կարեւորագույն մեկնարկներին նախապատրաստվում են անհատական ծրագրով եւ առաջնությանը չմասնակցելու իրավունք են ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել