Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրկին անհավասար պայմաններ

Հունվար 28,2011 00:00

\"\"Այսօր Ստամբուլում աշխատանքն է սկսում սիրողական բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի (ԲԵԿ) գործկոմի՝ 2011թ. անդրանիկ նիստը, որին մասնակցելու նպատակով Թուրքիա է մեկնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:

Մարզաձեւի համաեվրոպական կառույցի ղեկավար մարմինը քննարկելու է օրակարգային բազմաթիվ հարցեր: Իսկ Հայաստանի ներկայացուցիչը Ստամբուլ գնացել է նաեւ մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող հարցապնդումով: Բանն այն է, որ 2011 թվականի սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը, որը օլիմպիական վարկանիշ նվաճելու հիմնական մրցաշարն է (այստեղ ուղեգրեր բերում են յուրաքանչյուր քաշային կարգի 1-3-րդ տեղերը), Կորեայի հրաժարվելուց հետո նշանակվել է Բաքվում: Մեր մարզիկները, այդ թվում նաեւ բռնցքամարտիկները, հարեւան հանրապետությունում մրցելույթ ունենալու փորձ արդեն ունեն՝ սեփական մաշկի վրա զգալով այնտեղ տիրող մթնոլորտի լարվածությունը, զգալով հանդիսականի թշնամական վերաբերմունքը: Այնպես որ, չի բացառվում, որ մեր ազգային հավաքականը հրաժարվի այս տարի էլ Բաքու մեկնել: Իմաստ չկա: Քանի որ նման պայմաններում, երբ ամեն քայլափոխի կյանքդ վտանգված է՝ լիարժեք մարզվելու, զբոսնելու, ինչը մարզիկի համար շատ կարեւոր է նյարդերը հանգստացնելու համար, առավել եւս՝ պատասխանատու մեկնարկի պահին ռինգում կենտրոնանալու եւ մենամարտի մասին մտածելու հնարավորություն, պարզապես, չի լինում: Սա օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքի մի մասն է միայն: Հայտնի է, որ վարկանիշային մի մրցաշար էլ կայանալու է Թուրքիայում, որտեղ, ճիշտ է, լարվածությունը Բաքվի նման չէ, բայց, միեւնույն է, Հայաստանի ազգային հավաքականի անդամները այնտեղ էլ անհավասար պայմաններում են գտնվելու: Եվ Դերենիկ Գաբրիելյանը մտադիր է այս խնդիրները բարձրացնել ԲԵԿ-ի գործկոմի անդամների առջեւ, մանավանդ որ, որոշ տեղեկություններ են շրջանառվում, թե այլ երկրներ էլ կան, որոնք կգերադասեին, որպեսզի աշխարհի առաջնությունը Բաքվում չանցկացվեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել