Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության մասնակից 12 գրոսմայստերները անհաշտ պայքար են մղում: Ամեն օր պայքարը նոր լարվածություն է ստանում՝ կապված խիտ դասավորությամբ ընթացող շախմատիստների ցույց տված արդյունքի հետեւանքով մրցաշարային աղյուսակում կատարվող փոփոխությունների հետ:
Երեկվա դրությամբ, թերեւս, միակ մասնակիցը, որ կայուն ու արդյունավետ խաղ է ցույց տալիս, Ռոբերտ Հովհաննիսյանն է, որն այս անգամ պարտության մատնելով Դավիթ Պետրոսյանին՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ մեկ միավոր առաջ անցավ հետապնդողներից: Սա արդեն չեմպիոնության լուրջ հայտ կարելի է համարել: Մասնակիցներից ոմանք նույնպես հաջողության հասնելով՝ միավորներով հավասարվեցին իրենցից առաջ գտնվողներին, մյուսները ցավալի միավոր կորցրին ու էլ ավելի խճճեցին իրավիճակը:
Այս առաջնության ամենախաղաղասեր շախմատիստը, թերեւս, հանրապետության գործող չեմպիոն Ավետիք Գրիգորյանն է, որը նորից, արդեն 27-րդ քայլում, միավորը բաժանեց Արա Մինասյանի հետ: Դրա փոխարեն, երբ բոլորն արդեն ավարտել էին մրցելույթները, միմյանց հարաբերությունները ոչ մի կերպ չէին կարողանում պարզել վետերան շախմատիստ Արտաշես Մինասյանը եւ նրա հաջորդ սերնդի ներկայացուցիչ Տիգրան Քոթանջյանը: Արդեն ուշ երեկո էր, երբ մրցակիցները 118 քայլ կատարելուց հետո համաձայնեցին ոչ-ոքիի: