Հոլանդիայում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի ավարտին «B» խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր, մարզաձեւի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը 10-րդ տուրում պարտություն կրեց: Սա Վեյկ ան Զեեում Գաբիի առաջին սայթաքումն էր եւ հուսանք՝ միակը: Հայ շախմատիստը զիջեց վիետնամցի Լե Գուանգ Լյեմին: Սակայն դրանից նրա դրությունը մրցաշարային աղյուսակում շատ չտուժեց, թեեւ մի փոքր բարդացավ: Սարգսյանը տասը տուրից հետո վաստակել է 6,0 միավոր եւ Լյուկ ՄաքՇեյնի (Անգլիա), Դավիթ Նավարայի (Չեխիա), Վլադ Տկաչեւի (Ֆրանսիա) հետ բաժանում է 3-6-րդ հորիզոնականները: Իսկ առաջատարները երկուսն են՝ ուկրաինացի Զախար Եֆիմենկոն եւ ֆիլիպինցի Ուեսլի Սոն: Նրանք իրենց անվան առջեւ գրանցել են 6,5-ական միավոր: Երեկ մրցաշարում հայտարարված երկրորդ հանգստի օրվանից հետո այսօր 11-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով խաղալու է 3,5 միավորով 11-րդ տեղում հանգրվանած Լորան Ֆրեսինեի (Ֆրանսիա) հետ:
Երեկ տեղեկացրել էինք, որ ուժեղագույնների «A» խմբում Լեւոն Արոնյանը սեւերով միավորը բաժանել է տանտերերից երիտասարդ, բայց խոստումնալից շախմատիստ Անիշ Գիրիի հետ եւ 6,5 միավորով նահանջել երրորդ հորիզոնական: Հայաստանի շախմատիստների առաջատարը ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ միասին կես միավոր պակաս է վաստակել աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդից եւ Ամերիկայի լավագույն շախմատիստ Հիկարու Նակամուրայից: Այդ տարբերությունը վերացնել Արոնյանը կարող է այսօր՝ ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ՝ 11-րդ տուրի խաղում: