Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մարդիկ «փոքրացել»

Հունվար 28,2011 00:00

Պրեմիերա՝ Տիկնիկային թատրոնում

\"\"

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն ուրույն ձեռագիր ունի: Վերջինիս «պլյուսներից» մեկն էլ այն է, որ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեծ տեղ է տալիս երիտասարդական ձեռնարկներին: Օրինակ, երբ անցյալ տարի այս թատրոնում ներկայացվեց Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»՝ մատների թատրոնի ժանրով արված ներկայացումը, այն մեծ հետաքրքրություն առաջացրեց արվեստասերների եւ մասնագետների շրջանում: Հունվարի 26-ին էլ նույն թատրոնում կայացավ Զ. Անտոնյանի մեկ այլ՝ «Թեւավորը» ներկայացման պրեմիերան, ըստ Գ. Մարկեսի «Շատ ծեր մարդ՝ մեծ թեւերով» պատմվածքի:

«Սա Զառայի երկրորդ գործն է, որը բեմադրված է այնպես, ինչպես եւ «Ամպից պոկված հեքիաթը»: Այն հետաքրքիր կլինի եւ մեծերին, եւ փոքրերին: Եվ եթե նախորդ հեքիաթը Զառան էր գրել, ապա այս պարագայում էլ հետաքրքիր գրական հիմք կա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռ. Բաբայանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս ներկայացման մեջ խոսքեր չկային, ուղղակի պայմանական լեզու էր, իսկ բառերի փոխարեն խոսում էին գույները, լույսերը, երաժշտությունը, հույզերը:

Ներկայացման հերոսը անձրեւից հետո մի արարած է հայտնաբերում ցեխի մեջ՝ ծեր մարդու, որը հսկայական թեւեր ուներ: Ոմանք մտածում են, թե հրեշտակ է, ոմանց կարծիքով էլ՝ Աստծո դեմ ժամանակին դավադրություն կազմակերպողներից մեկը, որը երկնային պատժից խուսափելու համար ընկել է Երկիր: Բանը հասնում է հոգեւորականին, եւ փոխանակ օգնելու հիվանդ, ծեր էակին, ամբոխը սկսում է քննարկել, թե ի՞նչ ապագա է սպասվում գերուն… Հրեշտակը հալվում է օրեցօր, բայց մեռնել չէր պատրաստվում… Մի օր էլ նրան հաջողվում է թռչել ու վեր բարձրանալ մարդկային ճղճիմությունից: Ներկայացման նյութը շատ համահունչ է մեր օրերին, երբ մարդիկ սկսել են այլ արժեքների դավանել, երբ հոգեւորը նյութականի «կրնկի տակ» է: Ինչպես Մարկեսի մոտ, այնպես էլ այսօր, մարդիկ դադարել են զարմանալ անսովորից, ու մարդ արարածն ասես դարձել է ոչ պետքական, քանի որ նրան գնահատում են ոչ թե ըստ իր արժանիքների, այլ ըստ մեքենայի մակնիշի, բրենդային կոստյումի ու թանկարժեք օծանելիքի: Այդպես էլ ներկայացման մեջ է՝ եթե հրեշտակը ցեխոտ է, ծեր, հյուծված, ուրեմն՝ հերոսների տրամաբանությամբ, վատ հրեշտակ է, կամ հրեշտակի կերպի մեջ մտած սատանա:

«Թեւավորը» ներկայացման մեջ ներգրավված երիտասարդ դերասանները լավ էին խաղում, հուզեցին դահլիճին, չնայած ներկայացումը մի փոքր ձգձգված էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել