Ղազախստանում ձերբակալվել է մի խաբեբա, ով իրեն ներկայացնում էր որպես նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի թոռ: Աբդուլլաեւ ազգանունով 26-ամյա երիտասարդը 9 ամիս մեքենայություններ էր անում Պավլոդարում: Իր զոհերին մոլորեցնելու համար նա ոստիկանի համազգեստ եւ «Ռուսլան Կուլիբաեւ» անունով վկայական էր օգտագործում (Թիմուր Կուլիբաեւը Նազարբաեւի փեսան է): Նախագահի անվան տակ նա գործարարներից 15 միլիոն թենգ (100 հազար դոլար) է շորթել, նաեւ գումարներ էր գողացել որոշ գործարարներից: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը: Աբդուլլաեւին ձերբակալել էին Պավլոդարում՝ հերթական զոհին խաբելու պահին: Ինքնակոչին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում: