BBC-ի մատուցմամբ, հազարավոր եմենցիներ, այդ թվում՝ ուսանողներ, դուրս են եկել երկրի մայրաքաղաք Սանայի փողոցներ՝ պահանջելով ավելի քան 30 տարի երկիրը կառավարող նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի հրաժարականը:
Աղբյուրը հաղորդում է, որ մարդիկ սկսել էին փողոցներում հավաքվել արդեն վաղ առավոտից՝ քաղաքի չորս տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքի համալսարանի տարածքում: Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ եւ հիշեցրել, որ Թունիսում ժողովրդի համանման դժգոհությունը ավարտվել է այդ երկրի նախագահի տապալմամբ:
Ցուցարարների՝ երկրի կառավարությանը ներկայացրված հիմնական առարկությունները վերաբերում են երկրում ծաղկող կոռուպցիային եւ տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությանը: Բացի այդ, եմենցիները դժգոհում են քաղաքական ազատությունների բացակայությունից: Նրանք անհանգստացած են այն փաստով, որ երկրի խորհրդարանը փորձում է օրենսդրական ճանապարհով վերանայել նախագահի լիազորությունների ժամկետի սահմանափակումները, որի արդյունքում նախագահ Սալեհը կարող է ցմահ մնալ պետության ղեկավարի պաշտոնում: