Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը քննադատել է ադրբեջանական ընտրությունները

Հունվար 28,2011 00:00

\"\"ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Ադրբեջանում անցած տարվա նոյեմբերի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին նվիրված վերջնական զեկույցում խորհուրդ է տալիս պաշտոնական Բաքվին լրջորեն բարեփոխել երկրի ողջ ընտրական համակարգը: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Անհրաժեշտ է լուրջ ջանքեր գործադրել իրական եւ ազատ ընտրական մթնոլորտի ստեղծման եւ առաջադրված բոլոր թեկնածուների համար՝ հավասար պայմանների ապահովման ուղղությամբ»,- չորեքշաբթի օրը հրապարակած զեկույցում նշում են եվրոպացի դիտորդները: «Ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, 2010թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցեցին բոլոր առաջատար ընդդիմադիր ուժերը: Չնայած այդ իրողությանը, Բաքվի ընտրատեղամասերից մեկում ընտրությունների օրը՝ նոյեմբերի 7, 2010թ., նախընտրական մթնոլորտը չէր համապատասխանում քաղաքական հայացքների եւ ծրագրերի մրցակցային պայքարի սկզբունքին»,- ընդգծում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները՝ մանրամասնելով, թե «ընդդիմության, ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուներից շատերն այդպես էլ պաշտոնապես չգրանցվեցին»:

ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ, նախընտրական շրջանում միակողմանի դիրքորոշում էին ցուցաբերում նաեւ ադրբեջանական հեռուստաալիքները:

Խոսելով քվեարկության օրը ծավալված իրադարձությունների մասին՝ զեկույցի հեղինակները նշում են. «63 տեղամասերում դիտորդները արձանագրել են քվեատուփերի լցոնման, 100 տեղամասերում՝ ընտրացուցակներում ընտրողների նույնական ստորագրությունների առկայության, 79 տեղամասերում՝ լիազորություն չունեցող անձանց ներկայության փաստեր»: Քվեների հաշվարկի փուլում էլ, ըստ ԵԱՀԿ դիտորդների, լուրջ բացթողումներ են արձանագրվել. «Դիտարկված տեղամասերի 32 տոկոսում քվեների հաշվարկը գնահատվել է բացասական, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Դիտարկված տեղամասերից 13-ում ընտրության արդյունքները կեղծվել են, 48 տեղամասերում հանձնաժողովների նախագահները արձանագրությունները կազմելուց առաջ նախապես չեն հրապարակել քվեարկության արդյունքները: 12 տեղամասերում դիտորդները արձանագրել են, որ հաշվարկին մասնակցում են անձինք, որոնք ընտրական հանձնաժողովների անդամ չեն հանդիսանում»:

Վերոհիշյալ բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տվել ադրբեջանական իշխանություններին՝ ստեղծել ընտրական այնպիսի համակարգ, որ կվայելի հանրության վստահությունը, բարելավել քվեների հաշվարկի գործընթացը, նախընտրական շրջանում ապահովել հավաքների ազատության սահմանադրական սկզբունքի իրացումը, բարեփոխել երկրի Ընտրական օրենսգիրքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել