Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած եւ 35 մարդու կյանք խլած ահաբեկչության հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում որոնվում է տասը մարդ, որոնք կարող են առնչություններ ունենալ կատարված հանցագործությանը: Նրանց մոտավոր նկարագիրն արդեն ուղարկվել է ՌԴ շրջաններ: Այդ մասին հաղորդում է ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ին՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները: Գործը քննող օպերատիվ աշխատողները վստահ են, որ հանցագործության հետքերը տանում են Հյուսիսային Կովկաս: Օդանավակայանում ռումբ պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը հենց այդ տարածաշրջանից է:
Իրավապահ մարմինները կարծում են, որ դա ազգությամբ ռուս Վիտալի Ռազդոբուդկո ազգանունով մեկն է, բայց նա միայն մեկն է այն մարդկանցից, ովքեր այդ գործով անցնում են որպես կասկածյալներ: Ստավրոպոլի իրավապահները համապատասխան հարցումը տեղի բնակիչ Ռազդոբուդկոյի վերաբերյալ՝ արդեն ստացել են:
Ոչ պաշտոնական տվյալներով, Ռազդոբուդկոն վահաբիստ եւ «Նողայի ջամահաթ» ահաբեկչական խմբավորման անդամ է: Իհարկե, ոստիկաններն առայժմ չեն շտապում պնդել, թե «Դոմոդեդովոյի» մահապարտը հենց Ռազդոբուդկոն է, որը, ի դեպ, գտնվել է հետախուզման մեջ: Համենայնդեպս, մահապարտի եւ Ռազդոբուդկոյի լուսանկարներն իրար նման չեն: Միայն գենետիկ փորձաքննությունը կարող է հստակ պատասխանել հարցին՝ Ռազդոբուդկոն եւ մահապարտ-ահաբեկիչը նույն մա՞րդն են, թե՝ ոչ:
Հաղորդվում է նաեւ, որ «Դոմոդեդովոյի» մահապարտը կարող էր նույն խմբավորման մարտիկ Նազիր Բատիրովը լինել, թեեւ պաշտոնական տվյալներով վերջինս պետք է որ սպանված լիներ դեռ 2009-ի սեպտեմբերին, Դաղստանում:
Ընդսմին, ՌԴ ԱԴԾ-ն օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության շրջանակներում օգնություն է խնդրել Պակիստանի հատուկ ծառայություններից: Ռուսական հատուկ ծառայությունները չեն բացառում, որ մահապարտ-ահաբեկիչը պատրաստություն է անցել պակիստանցի եւ աֆղան գրոհայինների ճամբարներում: