Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ «ԱՐԱՐԱՏԻ»

Հունվար 28,2011 00:00

ՀՌԱՀ «հանճարեղ» որոշման համաձայն, հոգեւոր ուղղվածության «Շողակաթ» հեռուստաալիքը գրավել է «Արարատ» մշակութային ալիքի հաճախականությունը, ինչը մեծ դժգոհություն է առաջացրել մտավորականության շրջանում: Մշակութային ալիք ունենալը նախագահի նախընտրական խոստումներից մեկն է եղել: Առկախ է նաեւ «Արարատի» ստեղծագործական կազմի 44 աշխատակիցների ճակատագիրը:

Այդ առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին են դիմել մի խումբ անվանի մտավորականներ: «2011թ. հունվարի 21-ից «Արարատ» մշակութային հեռուստաալիքով, որը Հանրային հեռուստաընկերության երկրորդ կապուղին է, եթեր են հեռարձակվում ոչ պետական «Շողակաթ» հեռուստաընկերության հոգեւոր-եկեղեցական ծրագրեր: Նշված օրվանից դադարեցվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբերի մշակութային հաղորդումների ցուցադրությունը: Ուզում ենք ընդգծել, որ այդ հաղորդաշարերը պատրաստում էին հայկական հեռուստատեսության ստեղծագործական ավանդները շարունակող, պրոֆեսիոնալ, աշխատանքի տասնամյակների փորձ ունեցող, պետական մշակութային քաղաքականություն իրականացնող մարդիկ: Մենք՝ ներքոստորագրյալներս, մեր ձայնն ենք բարձրացնում ի պաշտպանություն «Արարատ» մշակութային ալիքի եւ ակնկալում ենք, որ արագ կուղղվի կատարված սխալը, եթեր կվերադառնա «Արարատը», կպաշտպանվեն նրա ստեղծագործական խմբերի իրավունքները»,- ասված է «վերեւներին» ուղղված նամակում, որի տակ ի թիվս մի քանի տասնյակ մտավորականների, ստորագրել են Պերճ Զեյթունցյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Փարավոն Միրզոյանը, Էլդա Գրինը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Բաբկեն Հարությունյանը, Վարդան Աճեմյանը, Արաքսի Սարյանը, Արմեն Շեկոյանը, Իրինա Տիգրանովան, Լեւոն Իգիթյանը, Լեւոն Անանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել