Լրահոս
Օրվա լրահոսը

Գումարը քիչ է, բայց՝ խթանիչ

Հունվար 28,2011 00:00

\"\"Հերթական դրամաշնորհները՝ գիտնականներին

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ) գիտական դրամաշնորհների ծրագրի 2011 թվականի հաղթողները հայտնի են. հարյուրավոր հայտերից հաղթող է ճանաչվել 25 աշխատանք: Երեկ ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակում մրցույթի հաղթողներին հանձնվեցին դրամաշնորհները՝ $5000-ի չափով: Ըստ ՀՕՖ-ի գիտական եւ կրթական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանի, ամեն տարի մայիս ամսին ԳԿՀԱՀ-ի փորձագիտական հանձնախումբը հայտարարում է մրցույթ՝ գիտության ոլորտում առաջին լուրջ քայլերն անող երիտասարդների, ինչպես նաեւ փորձառու գիտնականների շրջանում. «ՀՕՖ-ի գիտական այս մրցույթի առանձնահատկությունն այն է, որ դիմել կարող են գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները: Հաղթողները ՀՀ ԳԱԱ ճյուղային ինստիտուտների, գիտական տարբեր հիմնարկների եւ բուհերի գիտաշխատողներ են: Մրցույթին մասնակցող գիտնականների աշխատանքները ստուգում է Նյու Յորքում գործող փորձագիտական հանձնախումբը: Այս տարի ներկայացվել էր 161 աշխատանք, որոնցից էլ ընտրվեցին 25 լավագույնները. 10-ը՝ ֆիզիկայի ոլորտից, 8-ը՝ կենսաբանության, 4-ը՝ աստղագիտության եւ 3-ը՝ քիմիայի: Ցավալի է, բայց այս տարի պասիվ էին հայագիտության, բանասիրության բնագավառները, այս ոլորտներից հաղթողներ չունեցանք: Ամենաակտիվը, ինչպես ամեն տարի է, ֆիզիկայի բնագավառն է»:

Գիտնականների մի մասը դժգոհեց գումարի չափից: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտից Գայանե Կարագյանը, օրինակ, նշեց. «5000 ԱՄՆ դոլարը ի՞նչ գումար է. ոչ մի բանի չի հերիքում, առավել եւս, որ թիմով ենք աշխատում: Գիտության ոլորտի համար դա չնչին գումար է»:

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աշխատակից Լուսինե Սարգսյանը, որն արժանացել էր ԳԿՀԱՀ փորձագիտական հանձնախմբի «Վիլյամ Մեսրոպյան» հատուկ մրցանակին, ասաց. «Պարզ է, որ գումարը չի բավարարի ծրագրի իրականացման համար, դա անգամ մեկ հոգու համար է քիչ, ուր մնաց՝ խմբի»:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետից Նելլի Հովհաննիսյանը, ի տարբերություն մյուսների, չդժգոհեց 5000 ԱՄՆ դոլարի չափից. «Գումարը մեծ չէ. բայց քիչ էլ չէ: Ճիշտ է, ծրագիրը հիմնովին իրականացնելու համար գուցե չբավականացնի, սակայն դրանով գոնե մեկնարկը կտրվի: Ինձ հետ աշխատում են նաեւ երկու երիտասարդ մագիստրոսներ, որոնք նույնպես պետք է աշխատանքի համար պարգեւատրվեն: Հավանաբար գումարը կօգտագործենք Կանադա մեկնելու եւ այնտեղ հետազոտություններ իրականացնելու նպատակով»:

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի երիտասարդ գիտնական Արթուր Հակոբյանն էլ, որն այս ծրագրում հաղթում է երկրորդ անգամ, նշեց, որ թեեւ գումարները սիմվոլիկ են, սակայն ինքնին երեւույթը հետաքրքիր է ու խթանիչ. «Պատասխանը գուցե սուբյեկտիվ է, քանի որ ինքս էլ հաղթողների թվում եմ, սակայն այսօրվա շահողներից շատերին ճանաչում եմ եւ գիտեմ, որ նրանք իսկապես արժանի են բարձր պարգեւների»:

Մ. Փիլիպոսյանը նկատեց, որ այս տարվա հաղթողներից միայն 6-ն են իգական սեռի ներկայացուցիչներ. «Սա նշանակում է, որ կին գիտնականները պետք է ավելի ակտիվ լինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել