Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ԵՆ ՈՒՐԱՆ ՈՐՈՆԵԼՈՒ

Հունվար 28,2011 00:00

2010 թվականի դեկտեմբերի 7-ին տեղեկացրել ենք, որ Սյունիքում ուրանի հանքերի հնարավոր շահագործման դեմ պայքարող «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամն» ու «Ազատամարտ» կոմիտեն դիմել են ՀՀ վարչապետին՝ պահանջելով չեղյալ համարել Սյունիքում ուրանի հանքերի շահագործմանն առնչվող բոլոր իրավական ակտերն ու հանդես գալ ուրանի ծրագրին առնչվող գործընթացը կասեցնելու հայտարարությամբ: Հակաուրանիստների պահանջի տակ ստորագրել է 13 850 սյունեցի:

Վարչապետին ուղղված նամակին պատասխանել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Ղահրամանյանը: Նամակից, սակայն, չի հասկացվում, որ դա վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակի պատասխանն է: Կ. Ղահրամանյանի ստորագրությամբ նամակում ասվում է, որ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքներն ավարտվել են եւ նշված տարածքում ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել: Տեղեկացվում է նաեւ, որ 2011թ.-ին երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ են նախատեսված իրականացնել այլ անոմալիաների եւ ուրանի երեւակումների շրջակայքում, որոնք գտնվում են մարզի բնակավայրերից անվտանգ հեռավորության վրա: «Հարկ եմ համարում հիշեցնել, որ հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է ՀՀ տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք: Քանի դեռ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում չեն հավաստվել օգտակար հանածոյի առկայությունը եւ պաշարները, ապա «հանքավայր» որպես այդպիսին դեռեւս գոյություն չունի, հետեւաբար չի կարող լինել նաեւ հանքավայրի շահագործման ծրագիր»,- ասված է գրությունում:

«Առավոտը» ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին է տեղեկացրել, որ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող «ԱԲՎԱՆ» ՍՊԸ-ի մեքենան հանվել է Լեռնաձորից: Ընկերության տնօրեն Յուրա Գեւորգյանը ասել էր, թե դեռ պարզ չէ՝ 2011-ին կշարունակե՞ն իրականացնել որոնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ Լեռնաձորում ուրան փնտրող առաջին մեքենան այրվեց հոկտեմբերի վերջին («Առավոտ», 30.10.2010):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել