Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարում 137,89 միլիոնի խախտում

Հունվար 28,2011 00:00

2010 թվականին Լոռու մարզի համայնքները (8 քաղաք եւ 105 գյուղ), նախատեսված 4,8 միլիարդ դրամ եկամուտների դիմաց, հավաքագրել են 4,64 միլիարդ կամ նախատեսվածի 96,2%-ը: 2009 թվականին լոռեցիները հավաքել էին նախատեսված եկամուտների 92,4%-ը:

Համայնքների եկամուտների հիմնական մասը հողի եւ գույքի հարկերն են: Հողի հարկի ցածր՝ մինչեւ 40% հավաքագրում է գրանցվել Շամլուղ, Պաղաղբյուր, Դաշտադեմ, Լոռի Բերդ համայնքներում, իսկ 60%-ից ցածր հավաքագրումներ ունեն Տաշիրի՝ 10, Թումանյանի՝ 7, Ստեփանավանի՝ 3, Գուգարքի տարածաշրջանի՝ 1, Սպիտակի տարածաշրջանի՝ 2 համայնք: Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ հողի հարկը չեն վճարում կամ աղքատության պատճառով, կամ՝ երբ բացակայում են հանրապետությունից: Լոռվա Արեւածագ, Ուրասար, Ագարակ, Ծաթեր, Ճոճկան, Մեծ Այրում համայնքներում կա նման խնդիր:

2010 թվականի հոկտեմբերի 5-ին «Բերքի տոնը՝ առանց բերքի» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզում արդեն 10 տարի նշվող Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն, քանզի տարին գյուղատնտեսության համար անբարենպաստ էր: Ամփոփելով տարին, Լոռու մարզպետարանում նշում են, որ եկամուտների հավաքագրմանը խոչընդոտել են բնակլիմայական պայմանները, բերքատվության ցածր մակարդակը:

Իսկ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը դեռեւս զգալի է քիմիական արդյունաբերությունում: 2010 թվականի ընթացքում արդյունահանվել է 253 700 տոննա հանքաքար, արտադրվել 10 150 տոննա պղինձ:

Պետական տարբեր կառույցների իրականացրած ստուգումների արդյունքում մարզի անտառտնտեսություններում, հիվանդանոցներում, դպրոցներում, գյուղապետարաններում հայտնաբերվել են տարբեր տեսակի խախտումներ՝ 137,89 միլիոն դրամ ընդհանուր գումարով:

Միայն քաղաքաշինության ոլորտում արձանագրվել է 132 իրավախախտում, նշանակվել 5 միլիոն դրամ տուգանք, այս պահի դրությամբ գանձվել է 4,38 միլիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել