Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ

Հունվար 28,2011 00:00

Զոհված տղաների մայրն անհրաժեշտ ուշադրության չի արժանանում

\"\"

\"\"

Սյունիքի մարզկենտրոն Կապանի Երկաթուղայինների փողոցի 13 շենքում է ապրում արցախյան պատերազմում երեք զավակներից 2-ին կորցրած 70-ամյա Անուշ Վանյանը: 1988-ից սումգայիթյան ոճրագործությունից հազիվ կենդանի մնացած Վանյանների ընտանիքը տեղափոխվել էր Կապան, հաստատվել նոր ապաստանում, երբ սկսվեց պատերազմը: Վանյանների ընտանիքի մեծ զավակը՝ Կամոն, կամավոր մեկնեց ռազմի դաշտ: 30 տարեկան էր Կամոն ու շատերի պես մասնակցեց թեժ կռիվներին: Կամոն իր երկրի սահմաննները պաշտպանելու, թշնամու դեմհանդիման դուրս գալու նաեւ անձնական պատճառներն ուներ: Չխամրած հիշողություններն ու աչքերի կոպերից հեռու չգնացող ահասարսուռ իրականությունով լի տեսարաններն էին՝ Սումգայիթի բռնագաղթի օրերից: Վրեժ լուծել թշնամուց՝ հարազատների տունը այրելու, մեծ ու փոքրի, հղիների ու ծերերի հանդեպ անմարդկային, բորենուն հարիր արարքների համար: Կամոյի պատերազմը մեկ տարի տեւեց: 1992 թվականի նոյեմբերին ծնողներն իրենց մեծ զավակի մահվան չարագույժ լուրը ստացան՝ Կամոն զոհվել էր Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղում: «Հարեւանս եկավ, թե… սենց բան եղավ: Հետո դիակը բերեցինք Կապան: Կամոյի քառասունքը տալուց հետո փոքր տղաս՝ Կարենը վերկացավ, թե՝ մամա, ես պիտի գնամ ախպորս վրեժը լուծեմ էդ թուրք անտերներից: Մեզ չլսեց, ինչքան համոզում էինք, որ չգնա ռազմաճակատ՝ չէր լսում: Չէինք ուզում, որ փոքր տղայիս էլ կորցնեինք, ասում էինք՝ մի գնա, բա որ դու էլ ախպորդ ճակատագրին արժանանաս, մեր ցավը ավելի կխորացնես, բայց մեզ չլսեց, վեր կացավ գնաց կռվի դաշտ, մեր Կապանի դիրքերը գնաց ու….»,- արցունքները հազիվ զսպելով պատմում է 70-ամյա Անուշ տատը:

Կարենը գնաց ռազմաճակատ եւ ամիսներ անց՝ 1993-ի մարտի 23-ին Վանյանների ընտանիքի փոքր զավակը զոհվեց: Թշնամին գերի էր վերցրել 25-ամյա Կարենին եւ ութ օր անց վերադարձրել նրա դիակը: Թե ինչ տանջանքներ է կրել այդ ութ օրում հայ երիտասարդը, Աստծուն է հայտնի: Իսկ երկրորդ որդու կորուստը տանջանք, անասելի ցավ ու հարված էր Սումգայիթից բռնագաղթած ընտանիքի համար: Որդիներին կորստյան վշտին չդիմացավ ընտանիքի հայրը, եւ փոքր որդու մահվանից մեկ տարի անց նա էլ մահացավ: Ընտանիքի մայրը մենակ մնաց իր միջնեկ տղայի հետ:

Այժմ Անուշ տատն ապրում է Իգոր որդու բազմազավակ՝ 6 երեխա ունեցող ընտանիքի հետ եւ իր որդիների կարոտն առնում թոռներից, որից մեկին Կամո, իսկ մյուսին Կարեն են անվանակոչել: Անուշ տատը ասում է, որ իր ցավը գոնե մի քիչ կթեթեւանար, եթե արցախյան գոյամարտում զոհված իր 2 որդիները ամուսնացած եւ գոնե մեկական երեխա ունեցած լինեին: Սակայն տղաները չհասցրին ո՛չ ընտանիք կազմել, ո՛չ թոռներ պարգեւել ծնողներին, եւ ո՛չ էլ ուրախանալ եղբոր երեխաներով:

Պատերազմում երկու որդի կորցրած մայրը ցավով է նշում, որ այսօր հասարակության ու իշխանությունների կողմից պատշաճ ուշադրության չի արժանանում: «Առաջներում օգնություն, փող տալիս էին, հիմա ոչ մի բան: Զինկոմիսարիատից թոշակ եմ ստանում, էն էլ ոչ թե 2 տղաներիս են տալիս, այլ մեկին, հաշվի չեն առնում, որ 2 տղերքս են իրենց արյունը թափել էդ կռվում: Գոնե մի անգամ գան տեսնեն, թե ինչ վիճակում ենք ապրում, զոհվածի մորը աջակցեն, բայց չէ, շատ անտարբեր են: Մենակ Կապանի տոնի՝ 71 տարին որ լրացավ, միջոցառման ժամանակ որպես 2 զոհվածի ընտանիքի՝ 50 հազար դրամ գումար է տվել քաղաքապետը: Էդ ա եղել, մեկ էլ մեր հացի փռի տնօրեններից մեկը մեր ընտանիքին օրական 2 հաց է տալիս անվճար, մնացած ժամանակ ո՛չ հիշող կա, ո՛չ էլ աջակցող»,- ասում է Անուշ Վանյանը:

Անուշ տատը դեռ 2 տղա թոռ ունի, որ պիտի բանակում ծառայեն: Ասում է, անկախ էս ամեն ինչից, որ ժամանակը գա՝ նրանք էլ անպայման կգնան ծառայելու, դա յուրաքանչյուր հայ զավակի պարտքն է: Իսկ տատը հույս ունի, որ թոռները խաղաղ երկնքի տակ ծառայություն կանցնեն: «Իմ մայրական էս վիշտն ու արցունքները ես ոչ մի մայր ծնողի չեմ ցանկանում: Միայն մի բան եմ մաղթում էս երկրին՝ խաղաղություն ու հաջողություն»,- եզրափակեց իր խոսքը 70-ամյա Անուշ Վանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել