Լրահոս
Օրվա լրահոսը

Շփվել է տոկոսով

Հունվար 28,2011 00:00

Երեխաների պաշտպանի դեմ

Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանին է դիմել Գյումրիի Թամանյան 69 շենքի 28/30 տան բնակիչ Ռուզան Ադանալյանը: Նրա դեմ ներկայումս հարուցված է քրգործ:

Ռուզան Ադանալյանը 2007-ից առնչվել է մարզպետարանի երեխաների բաժնի պետ Լուսինե Գինոսյանի հետ, որն էլ նրա գործով առայժմ տուժող է: Ադանալյանը դատախազին տեղեկացնում է. «Մշտապես շփվել եմ Լ.Գինոսյանի հետ՝ տոկոսով գումար վերցնելու անհրաժեշտության դեպքում: Ապահովելով համապատասխան գրավ, որոշակի ժամկետով վերցնում էի գումար եւ վերադարձնում: Գինոսյանը տոկոսը վերցնում էր կանխիկ՝ իր իսկ տված գումարի վրայից: Ստացվում էր, որ ամեն ամիս տոկոսը կանխիկ էի տալիս, իսկ մայր գումարի պահին այլեւս տոկոսներ չէի մնում տալու: Մեր միջեւ տարաձայնություններ չեն եղել, քանի որ պարտաճանաչ տվել եմ տոկոսը եւ մայր գումարը: Նրա աշխատավայր շատերն էին գնում, հաճախ գոյանում էին հերթեր: Նրա տոկոսները 15-20 տոկոս էին, կախված գրավից»:

Ռ. Ադանալյանը երեխաների պաշտպանության բաժնի պետին համեմատում է գրավատան հետ, որը, ըստ նրա. «Օդի մեջ իր ՀԴՄ-ի վրա գումարներ էր խփում»: Նա տեղեկացնում է նաեւ, որ հերթական անգամ, երբ կարիք է ունեցել գումարի, նա դիմում է $15 000 վերցնելու համար: 1 դոլարը հաշվարկում են 300 դրամով եւ, ըստ նամակագրի, 2008թ. 1-3 ամիսներին յուրաքանչյուր ամսվա համար նա Գինոսյանին է տալիս $1950: Ըստ Ադանալյանի, նա միայն տոկոսով Գինոսյանին 10 ամիսների համար տվել է $19500 գումար: Հերթական անգամ տոկոսը փակելու օրը Գինոսյանը Ադանալյանին հասկացնում է, որ պետք է վերադարձնի գումարը, քանի որ, իր տեղեկություններով, դոլարի կուրսը բարձրանալու էր՝ դառնալով 400-500 դրամ:

«2009թ. փետրվարից մինչ հունիսի 15-ը իմ տոկոսներն ամեն ամիս դարձան $2600: Փաստորեն, վերցրել էի $15 000, 10 ամիսների համար վճարելով $19 500, սակայն էլի պարտք էի մնացել», Ադանալյանը գրում է դատախազին: Վերջինիս «ամբաստանյալը» նաեւ հայտնում է. «Ստիպված էի $150 000 արժողության տան ոսկեղենս գրավ դնել մարզպետարանի աշխատակցի տանը, քանի որ նա «Խա՞ղ ես անում» ասելով, սեղանին դրեց ատրճանակը, հին ու նոր խառնվեց ու ստիպված էի նոր թղթեր ստորագրել»:

Որքան մեզ հայտնի է, այս գործով առերեսում է եղել կողմերի միջեւ ու Ադանալյանը նույնը պնդել է: Անցել է 1,5 տարի, Ադանալյանը ոչ միայն չի ստացել իր թանկարժեք զարդերը, որոնք «գրավ էր դրել», այլ, ըստ քրեական գործի, ստացվեց, թե զարդերը կեղծված են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել