Հեռանում է Ռոբերտ Քոչարյանի կադրային քաղաքականության «ամենավատ» ընտրությունը
Ըստ «Առավոտի» հարցման, ՄԻՊ-ի պաշտոնում երեւանցիները տեսնում են ՀՀ երկրորդ նախագահին, Ներսիկ Նազարյանին, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանին, կամ էլ՝ հրեշտակի: Ինչպես կանոնակարգում է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով: Ընդ որում, ՄԻՊ-ը ընտրվում է ԱԺ պատգամավորների առնվազն 1/5-րդի կողմից առաջադրված թեկնածուներից: Օրենսդրությունը ենթադրում է, որ արդեն լրանում է 2006 թվականից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Թերեւս սրանով են պայմանավորված դեռեւս 2010 թ. տարեվերջին շրջանառվող այն համառ լուրերը, որ ՄԻՊ Արմեն Հարությունյանը ստանձնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը եւ առաջիկայում մեկնելու է Բիշքեկ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մարտիմեկյան դեպքերից հետո ՄԻՊ Արմեն Հարությունյանի մասին խոսելիս, ասել էր, որ օմբուդսմենն իր կադրային քաղաքականության ամենավատ ընտրությունն է եղել: Իհարկե, նախկին նախագահի այս տեսակետն ուներ սուբյեկտիվ կողմ՝ կապված նշված դեպքերի վերաբերյալ Ա. Հարությունյանի՝ Քոչարյանի ականջին ոչ հաճո հայտարարությունների հետ: Այս օրերին ավելի են հաճախացել ՄԻՊ Ա. Հարությունյանի լիազորությունների դադարեցման մասին կուլիսային խոսակցությունները, եւ ԱԺ-ն շուտով պետք է քվեարկության դնի ՄԻՊ նոր թեկնածուի հարցը: Այս ընթացքում անգամ ՄԻՊ-ի թեկնածուների անուններ են շրջանառվում: Խոսքը գնում է միջազգային իրավունքի փորձագետ, GTZ իրավական խորհրդատվության հայաստանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի եւ եւս 38 անձանց մասին, որոնցից մեկի թեկնածությունը, ըստ «Առավոտի» ունեցած տեղեկատվության, պաշտոնական ատյանները դեռ չեն հաստատում՝ ավելի «յուրային» ու «կամակատար» ՄԻՊ փնտրելու պատրանքով:
Այդուհանդերձ, «Առավոտը» փորձեց հարցում անցկացնել Երեւանի բնակիչների շրջանում: Քաղաքացիներին տրված հարցերը երեքն էին՝ արդյո՞ք տեղյակ եք, որ ՄԻՊ-ը փոխվելու է, ո՞ւմ եք ցանկանում տեսնել ՄԻՊ-ի պաշտոնում եւ արդյո՞ք մեզ պետք է ՄԻՊ-ի ինստիտուտը, թե՞ ոչ: Հարցման են ենթարկվել տարբեր տարիքի չափահաս քաղաքացիներ: Հարցմանը մասնակցած քաղաքացիներից 19-ը հրաժարվեց պատասխանել հարցերին: Հարցերին պատասխանած 21 քաղաքացիներից 16-ը գործազուրկ է, 2-ը աշխատում է, 3-ը՝ թոշակառու: Հարցմանը մասնակցել չկամեցող քաղաքացիների զբաղվածությունը չկարողացանք ճշտել, միայն մի քանիսն ասացին, որ ուսանող են: «Առավոտի» թղթակցի կազմակերպած սույն հարցման համար ընդհանուր բնութագրական է այն, որ հարցված քաղաքացիների մի հատվածն ընդհանրապես անտարբեր է հասարակական ու քաղաքական զարգացումներին, կատարվող փոփոխություններին, քանի որ դա իրենց չի հետաքրքրում: Այս հատվածի մեջ են մտնում նաեւ այն քաղաքացիները, որոնք, ըստ էության, ինչ-որ մեկից կախվածության, վախի պատճառով հրաժարվեցին հայտնել իրենց անուններն ու կարծիքը: Հարցմանը մասնակցած քաղաքացիներից եւ ոչ մեկը տեղյակ չէր, որ փոխվելու է Պաշտպանը, իսկ թե երեւանցիներն ո՞ւմ են ցանկանում տեսնել ՄԻՊ-ի պաշտոնում եւ արդյո՞ք մեզ պետք է ՄԻՊ-ի ինստիտուտը, առանձնացրել ենք հարցված քաղաքացիների պատասխաններից որոշ ուշագրավ հատվածներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
Գագիկ Գրիգորյան, 65 տարեկան, ֆիզիկոս- Ցավո՛ք, այդպիսի մարդ չեմ տեսնում, որ կարող է այդ գործով զբաղվել: Մինչ այժմ ով եղել է այդ պաշտում, օգուտ չի տվել, աշխատել չի կարողացել: Հայաստանում այդ համակարգը կայացած չէ:
Նարեկ Ասատրյան, 25 տարեկան, իրավաբան, գործազուրկ- Դժվարանում եմ ասել, ամեն ինչ այնքան էլ լուրջ չի, վստահություն չեն ներշնչում մեր երկրի ՄԻՊ-երը, անշահախնդիր մեկը չկա, նրանք կապված են համակարգից, ոչ մեկն ազնիվ ձեւով չի հասել այդ պաշտոնին: Ով էլ լինի, փոփոխություն չի լինելու: ՄԻՊ համակարգը դեռեւս ձեւական է, բայց գուցե մի օր լավ լինի:
Գոհար Սողոմոնյան, 57 տարեկան, ինժեներ, գործազուրկ- Կցանկանամ, որ ՄԻՊ դառնա մեկը, որը բարձր ատյաններում կներկայացնի մարդու իրավունքները, ժողովրդի շահերը: Այսօրվա պաշտպանը գրագետ է եւ գուցե անում է իր պարտականությունները, բայց նրան ճնշում են եւ շատ բաներ նրանից կախված չեն: Այդ պաշտոնում պետք է լինի մեկը, ով կկարողանա բարձրաձայնել մարդու ոտնահարված իրավունքները:
Գոհար Միքայելյան, 42 տարեկան, գործազուրկ- Մեր երկրում մարդու իրավունքները ոտնահարված են: Լավ ղեկավար է պետք՝ ուժեղ, հզոր: Սահակաշվիլու նման մեկը պետք է լիներ, որ ամեն ինչ իր տեղում լիներ: Մեզ մոտ ամեն ինչ դանդաղ է առաջ գնում:
Սոնա Կոստանյան, 26 տարեկան, աստվածաբան, գործազուրկ- ՄԻՊ-ը պետք է իրավաբան լինի, որ կարողանա ինչ-որ հարց լուծել: Մինչ հիմա այդ պաշտոնը ձեւական է եղել, քանի որ օմբուդսմենին ուղղված դիմումները, որքան գիտեմ, լուծում չեն ստացել: Թերեւս, իմ շրջապատում նրան չեն դիմում, գիտեն, որ անիմաստ է:
Կարեն Խաչատրյան, 30 տարեկան, գործազուրկ- Մեր քաղաքական ու հասարակական դաշտում ով էլ լինի ՄԻՊ, չի կարողանալու ազդել Հայաստանում ձեւավորված իշխանությունների վրա, հետեւաբար՝ ՄԻՊ Հայաստանին պետք չի: Բայց կառաջարկեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը դառնա Ռոբերտ Քոչարյանը կամ էլ Ներսիկ Նազարյանը:
Մարիամ Հարությունյան, 60 տարեկան, գործազուրկ- Ես ոչ մեկի վրա էլ հույս չունեմ: Ով էլ գա, ժողովրդի մասին չի մտածելու: Նոր քաղաքապետ եկավ, ի՞նչ արեց, սկզբից թող մտածեր, թե էդ մարդիկ ոնց պիտի ապրեին, նոր արգելեր փողոցային առեւտուրը: Թող աշխատատեղեր բացեն, նոր կարգուկանոն ստեղծեն: Հույսս կտրել եմ բոլորից: Խոսում են, որ փոքր բիզնեսը պետք է զարգանա Հայաստանում: Բայց ինչպես զարգանա, որ ներկրվող 1կգ ապրանքի գինը 4 դոլարից դարձրին 8 դոլար: Նրանք ամեն ինչ անում են, որ փոքր բիզնեսը ոչնչանա, երիտասարդներն էլ արտագաղթեն: Մինչեւ հիմա կար այդ ՄԻՊ-ը, ու ոչ մի հարց չի լուծել, ինչ ա՝ հրեշտա՞կ պիտի գա, որ հարցերը լուծվեն:
Նախշուն Խոջոյան, 58 տարեկան, գործազուրկ- Ո՞վ է ժողովրդի կարծիքը հաշվի առնում, ում կուզեն, նրան էլ կդնեն այդ պաշտոնում: Ժողովուրդը ոչ մի կապ չունի ընտրելու եւ ընտրվելու հետ: Դա ղեկավարության գործն է: Բայց այդ համակարգը մենք պետք է ունենանք:
Ալբերտ Ղամբարյան, 26 տարեկան, գործազուրկ- Հիմա ընենց երկիր ա, ով ոնց ուզում, ապրում ա, ռեալ մարդ չկա, ով կարա պաշտպանի մարդկանց իրավունքները, գլոբալ առումով մարդու իրավունքները ոտնահարված են Հայաստանում, ով էլ գա էդ պաշտոնին՝ իրա համար ա աշխատելու:
Սոնյա Փաշայան, 62 տարեկան, թոշակառու- Նոր պաշտպանը թող լինի բարեխիղճ, գրագետ մարդ: Աստված չանի՝ ՄԻՊ-ի հետ կապ ունենամ: Ես դատարանների հետ կապ եմ ունեցել ու ներվայնությունից շաքար եմ ստացել:
Վալերի Ասատուրյան, 74 տարեկան, թոշակառու- Եղած քաղաքական գործիչների մեջ այդ պաշտոնում մարդ չեմ տեսնում, բացի Արամ Սարգսյանից (խոսքը վերաբերում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահին- Գ. Մ.), նա շատ պարյադըչնի մարդ է: