Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁ Է ԴՐԵԼ

Հունվար 28,2011 00:00

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը երեկ կառավարության նիստի ժամանակ վստահեցրեց, որ արդեն կարգավորված են սոցիալական ապահովության վճարումների պետական ծառայության աշխատակիցների չվճարված աշխատավարձերի, արձակման նպաստների, չօգտագործված արձակուրդների դիմաց հատուցման հարցերը՝ մոտ 73 միլիոն դրամ: Ըստ նրա, առաջիկա օրերին լուծարված ծառայության աշխատակիցները կստանան գումարները: Ա. Գրիգորյանը նաեւ հիշեցրեց, որ վարչապետի հանձնարարականով, արդեն դիմել են «Հայփոստին»՝ մրցութային կարգով ընդունել վճարումների ծառայության առնվազն 70 աշխատակից. «Հայփոստն» արդեն սկսել է հարցազրույցները դիմողների հետ եւ պայմանագիր է կնքել նրանցից 15-ի հետ»: «Երբ մարդուն ազատում են աշխատանքից, առաջին հերթին վերջնահաշվարկը պետք է անեն, ոչ թե մարդկանց ամիսներով քարշ տան: Նախարարը անցած անգամ փափուկ բարձ դրեց գլխներիս տակ, թե ոչնչից տեղյակ չէ: Աշխատակիցների մոտ էլ ձեւական զանգեց, մարդ կանչեց, սկսեց գոռգոռալ, թե ինչու իրեն տեղյակ չեն պահել ծառայության լուծարման մասին, բայց, փաստորեն, ամեն ինչից էլ վաղուց տեղյակ էր: Բոլորս էլ ապառիկներ, վարկեր ունենք, էլ չեմ խոսում, որ արդեն երկու ամիս լույսի, գազի վարձերը չենք վճարել: Դուռը ծեծում-հարցնում են, ինչո՞ւ չես վճարում, ամաչում ես ասել՝ փող չունեմ»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց կառավարության առաջ հավաքվածներից մեկը՝ Անուշ Գրիգորյանը: Նիստից հետո նախարարին բռնացրին վճարումների ծառայության աշխատակիցները: Նրանց հետ զրույցում նախարարը նախ խոստացավ, որ «Հայփոստում» ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, ավելի ուշ անկեղծացավ. «Թոշակառուներին պետք է ասեք, որ այսուհետեւ որակյալ ծառայություն է մատուցվելու: Էլ ձեզանից 200 դրամները չեն ուզելու, որովհետեւ մեզանից էլ վերեւից չեն ուզում: Էս դեպքում եւ թոշակառուն ձեզնից գոհ կմնա, եւ դուք՝ ձեր աշխատանքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել