Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարկվելու հերթը Գյումրիինն է

Հունվար 28,2011 00:00

Ռուսական պետական միգրացիոն ծրագիրը մեծ հերթ էր  գոյացրել ՌԴ-ի Գյումրիի հյուպատոսարանում

Երեկ «Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր բնակեցում Ռուսաստանի տարածքում» պետական միգրացիոն ծրագրի պատասխանատուները մայրաքաղաքից տեղափոխվել էին Գյումրի՝ այստեղից եւս ՌԴ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցողներից հայտեր ընդունելու: Նշենք, որ միգրացիոն ծրագրով հետաքրքրված էին տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ, նույնիսկ երիտասարդ աղջիկներ, որոնք միմիայն Հայաստանի կառավարությանն էին մեղադրում երկիրը հայաթափ անելու համար: Նրանցից մեկը դժգոհեց, որ ՀՀ-ում, առավել եւս Գյումրիում ապագա չկա, հնարավոր չէ առանց ծանոթի գործի անցնել. «Իհարկե, հայրենի հողը թանկ է ինձ համար, չէի ցանկանա օտարության մեջ ապրել, բայց տարիներով աշխատանք չեմ գտնում, ինձ իմ երկրի մեջ ստորացված եմ զգում: Մի դեպք պատմեմ. մասնագիտությամբ մեխանիկ եմ, վերջերս գործազուրկների կենտրոնից ինձ ուղարկեցին գազի գրասենյակ՝ ասելով, որ նրանք հայտարարություն են տվել փականագործի թափուր տեղի համար, հաջորդ օրը գնացի հետաքրքրվելու, պատասխանեցին՝ տեղ չկա, ասում եմ՝ բայց ձեր հայտարարության հետեւից եմ գալիս: Ահա քեզ երկիր, էս իմ տարիքում ինձ պե՞տք է, որ Ռուսաստանի դռները թակեմ»: Մի երիտասարդ էլ քննադատեց ՀՀ կառավարությանը՝ գործարարների հետեւից ընկնելու, ապրելու ու զարգանալու հնարավորություն չտալու համար: «Ընտանիք չեմ կարող պահել, մասնագիտությամբ քարտաշ եմ, հացթուխ, ավտոլվացող էլ եմ, էսօրվա վիճակով Հայաստանը ոչ հնարավորություն է տալիս սովորելու, ոչ շարունակելու, ոչ մասնագիտանալու, ոչ էլ բիզնեսդ առաջ տանելու: Ենթադրենք փոքր առեւտուր ես ուզում անել, գործը դեռ չսկսած՝ էնպիսի հարկեր են դնում, հարկայինին ռեկետյոր են ուղարկում, որ չկարողանաս ոչ մի բան անել: Ստիպված պիտի փախչես երկրից: Իհարկե, էս վիճակից դուրս գալու ելքը արտագաղթելու մեջ չէ, թող բարի լինեն աշխատատեղ ստեղծեն, մենք էլ հյուպատոսարանի դռները չթակենք, հավատացեք, ոչ մեկն էլ չէր ուզի իր հայրենիքը, տուն ու տեղը լքել, բայց թող հնարավորություն տան, ես էլ իմ ազգի համար աշխատեմ, էրեխեքիս հացը վաստակեմ»,- ասաց մեր զրուցակիցը: Վերջինս նաեւ դժգոհեց, որ Հայաստանում առկա կոռուպցիան խանգարում է անգամ ռուսական պետական միգրացիոն ծրագրից օգտվել. ըստ մեր զրուցակցի, ինքը արդեն մի անգամ մերժվել է ռուսական կողմից, քանի որ մասնագիտությամբ ներկայացել է որպես ավտոլվացող, սակայն չի կարողացել հիմնավորել, քանի որ տվյալ հիմնարկությունը իրեն փաստաթուղթ չի տվել, աշխատանքային գրքույկ չունի, թեեւ 10 տարի աշխատել է ավտոլվացման կետում: Այսինքն՝ այդ հիմնարկը պետությունից թաքցրել է իր աշխատողների իրական քանակը: «Բա սա ապրելու տե՞ղ է, 30000 դրամ աշխատավարձ ես ստանում, նպաստդ են կտրում, նպաստդ մինչեւ ստանում ես, էնքան հախ են ուզում, որ կեսը հախի վրա է ծախսվում, երկիրը կոռուպցիայի մեջ թաղված է, ուղղակի ձեւականորեն հայտարարում են, թե կոռուպցիայի դեմ են պայքարում, իրեն հարգող երկրի կառավարությունը թույլ կտա՞ր, որ իր քաղաքացիները ՌԴ-ի հյուպատոսարանի առջեւ հերթ կանգնեին»: Մեր այն հարցին, թե Ռուսաստանը կոռումպացվա՞ծ չէ, երիտասարդը պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում օտար երկրի կոռումպացված լինելը, ինձ էս պահին էնքան փող է տալիս, որ դա բավարար է ընտանիք պահելու, ես պիտի գնամ սահմանամերձ գոտի, ինձ 120000 ռուբլի փող է տալիս, իսկ դա էսօրվա վիճակով բավականին գումար է, այսինքն՝ հայկական դրամով 1 միլիոն 2 հարյուր հազար է, ես հնարավորություն ունեմ նույնիսկ փոքր բիզնես ստեղծելու այնտեղ: Ես էստեղ ծրագիր եմ ներկայացնում բիզնես զարգացնելու, ծրագիրն առանց նայելու՝ մերժում են»:

Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Կանդեեւը մամուլի ասուլիսում հայտնեց, որ այս ծրագրի շրջանակում Հայաստանից մեկնողների թիվն այնքան էլ մեծ չէ, 3,5 տարվա ընթացքում մեկնել են ընդամենը 1172 մարդ, 600 ընտանիք: Ի դեպ, այս ծրագրին մասնակցելու համար ընտանիքով մեկնելը պարտադիր է: Ըստ նրա, ծրագրում ընդգրկվելը կախված է որակավորումից, մասնագիտությունից եւ ՌԴ-ի այն 30 շրջանների պահանջներից, որոնք ունեն տվյալ մասնագետի կարիքը:

Իսկ թե Հայաստանի ո՞ր շրջաններից են հատկապես արտագաղթում, ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցիչը պատասխանեց, որ հատուկ ուսումնասիրություններ չեն կատարել, բայց կարծում է, որ՝ Երեւանից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել